Աշխարհաքաղաքական փոփոխությունների բերումով ինչպես Հայաստանի այնպես էլ ամբողջ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերների պայմաններում Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի՝ ԷԹԻԿԱ-ի գործունեության մեկնարկի մասին:
ԷԹԻԿԱ-ն տարածաշրջանում եզակի կենտրոն է, որը նախատեսում է 5-ամյա հավակնոտ ծրագիր եւ իրականացվում է Եվրոպական միության հետազոտական եւ գիտական կարողությունների զարգացմանը միտված «Horizon Europe» ծրագրի «ERA Chair» նախաձեռնության դրամաշնորհի շրջանակում:
Կենտրոնը նպատակ ունի հասցեագրելու հանրային ոլորտում սոցիալ-քաղաքական, կլիմայական, տեխնոլոգիական մարտահրավերների շուրջ ծագած էթիկական խնդիրներն ու նպաստելու կառուցողական երկխոսությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Մայիսի 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկեան» դահլիճում տեղի է ունեցել «ETICA»-ի մեկնարկն ազդարարող պաշտոնական միջոցառում, որի ընթացքում ծրագրի ղեկավարները ներկայացրել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները:
ԷԹԻԿԱ-ն՝ հասարակությունում էթիկական դիսկուրսի խթան
Հանրային հարցերի բարոյագիտության նորաստեղծ կենտրոնը՝ ԷԹԻԿԱ-ն, գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնում: Այն հանդիսանում է Հայաստանի առաջին էթիկայի կենտրոնը եւ միակն է նաեւ տարածաշրջանում: Կենտրոնի ստեղծման համար «ERA Chair» ծրագրի շրջանակում Եվրոպական Միության կողմից տրամադրված դրամաշնորհը կազմում է 2.5 մլն եվրո:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը ERA նախագահ, Դուբլինի համալսարանական քոլեջի եւ Օսլոյի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարիա Բաղրամյանն է: Նա հանդիսանում է նաեւ Իռլանդիայի թագավորական ակադեմիայի, Եվրոպական ակադեմիայի, ինչպես նաեւ Հայ մշակութային եւ գիտական ընկերակցություն անդամ:
Շնորհավորելով ներկաներին էթիկայի կենտրոնի մեկնարկի առիթով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը նշել է, որ այն չափազանց կարեւոր հանգրվան է համալսարանի համար: Նրա խոսքով՝ էթիկական դիսկուրսի առաջխաղացմանը նվիրված կենտրոն լինելուց բացի, ԷԹԻԿԱ-ի մեկնարկն ընդգծում է նաեւ հետազոտական գերազանցության հասնելու համալսարանի հանձնառությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ներկա ժամանակներում, երբ աշխարհի հասարակությունները, եւ մասնավորապես հայ հասարակությունը, անցնում են փոթորկալից փոխակերպումների միջով՝ հաճախ կանգնելով բարդ էթիկական ընտրությունների առջեւ, միջմասնագիտական հետազոտության դերը դառնում է առանցքային պատասխանատու կառավարում, հանրային քաղաքականություն եւ հասարակական քննարկումներ ձեւավորելու հարցում»,- նշել է համալսարանի նախագահը։
Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը կերտում է նոր հասարակական պայմանագիր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա, եւ միաժամանակ փորձում է նաեւ դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին, որոնք առաջ են եկել կլիմայի փոփոխության, արհեստական բանականության կիրառությանն առնչվող էթիկական հարցերի ու այլ հիմնախնդիրների բերումով։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մեր ժամանակների այս բազում փորձությունների պայմաններում, եւ հատկապես մեր տարածաշրջանում, այսպիսի ջանքերը՝ մեկտեղված «ETICA» կենտրոնի մեկնարկով, հանդիսանում են այն լավագույն բարոյական վարքագծի օրինակները, որոնց ընդունակ է մարդկությունը։ Ես լիահույս եմ, որ այս դրամաշնորհը կօգնի գնահատանք ձեւավորել պատմության այս եզակի շրջանի եւ մարդկային բարձր արժեքները պահպանելու գործում Հայաստանի ունեցած դերի հանդեպ` ի հեճուկս դժվարությունների»,- ասել է Բրյուս Պողոսյանը՝ հորդորելով բոլորին ԷԹԻԿԱ-ն դիտարկել ոչ միայն որպես հետազոտության եւ երկխոսության հարթակ, այլ նաեւ որպես հասարակական կյանքում էթիկական մշակույթի խթան թե՛ Հայաստանում, թե՛ դրանից դուրս։
Խորհելու հնարավորություն՝ աշխարհակարգի փլուզման պայմաններում
ՀԱՀ-ի Թրփանճեան հասարակական գիտությունների հաստատության տնօրեն Ստեփան Աստուրյանն իր ելույթում ընդգծել է, որ ԷԹԻԿԱ-ի հիմնադրումը խիստ ժամանակին է, քանի որ ներկայումս հասարակություններն ականատես են դառնում աշխարհաքաղաքական կարգի տապալման ու ենթադրյալ մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների փլուզման:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք ականատես ենք դառնում ցեղասպանական գործողությունների հեռուստատեսային հեռարձակման եւ սոցիալական հարթակներում ցեղասպանական կոչերով տեսանյութերի բացեիբաց տարածման: Միեւնույն ժամանակ, մենք տեսնում ենք աշխարհի տնտեսական կարգի կազմաքանդում: Նման իրավիճակում ԷԹԻԿԱ կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարան կբերի համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, կիրականացնի միջազգային բարձրակարգ միջոցառումներ, եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են անցնել սովորելուց անդին՝ խորհել, կտա խորհելու հնարավորությունը»,- նշել է նա:
ԷԹԻԿԱ-ի հետազոտական աշխատանքներն իրականացվելու են «Հույս եւ վստահություն բազմաճգնաժամային ժամանակներում» հիմնական թեմայի ներքո եւ արտացոլելու են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մարտահրավերները: Կենտրոնն իր միջազգային գործունեությունը կսկսի «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակ» խորագրով միջառարկայական խոշոր գիտաժողովով, որը տեղի կունենա հունիսի 29-30-ին:
Համընդհանուր էթիկական արժեքների հրամայականը
ԷԹԻԿԱ-ի տնօրեն, պրոֆեսոր Մարիա Բաղրամյանի խոսքով՝ կենտրոնի գործունեության շրջանակում էթիկայի ոլորտում հետազոտությունների խթանումը կառուցված է չորս հիմնարար սյուների վրա: Դրանք են՝ հետազոտություն ու միջազգայնացում, դասընթացներ ու կրթություն, կարողությունների զարգացում եւ հանրային իրազեկում ու կառուցվածքային բարեփոխումներ։ Այս հիմնասյուներին օժանդակելու նպատակով մշակվել են նաեւ հաղորդակցային աշխատանքի եւ կառավարման աշխատանքային փաթեթներ:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Լիահույս ենք, որ ծրագիրը կկարողանա եվրոպական հետազոտության ասպարեզ ինտեգրել ոչ միայն ՀԱՀ-ի, այլեւ Հայաստանի այլ գիտնականների: Տարբեր գործիքակազմերի կիրառմամբ մենք կաջակցենք հայ հետազոտողներին իրենց միջազգային գրախոսված հրապարակումներում եւ միջազգային համագործակցությունների ձեւավորման հարցում: Միեւնույն ժամանակ փորձագիտական եւ կիրառական էթիկայի ոլորտում կհրատարակենք լայնածավալ կրթական նյութեր»,- մանրամասնել է նա:
Մարիա Բաղրամյանն ընդգծել է, որ սոցիալականությունն անհնար է առանց համընդհանուր էթիկական արժեքների եւ նորմերի:
«Անգամ այնպիսի մաքուր արժեքները, ինչպիսիք են արդարադատությունն ու արդարությունը, որոնք ընդունված են բոլոր հասարակությունների կողմից, հաճախ տարբեր կերպ են մեկնաբանվում՝ հանգեցնելով բեւեռացման: Վերջին փորձարարական հետազոտություններն ապացուցում են, որ նմանօրինակ վնասակար «ոչ բազմազանությունը» ծագում է տեղեկատվական բացերից եւ սահմանափակ հաղորդակցությունից: ԷԹԻԿԱ-ն նպատակ ունի հասցեգրելու ինչպես «ոչ բազմազանության» բացասական ազդեցությունները, այնպես էլ զարգացնելու բազմակարծության ու հանդուրժողականության դրական ազդեցությունը բարոյականության ասպարեզում: Մենք այդ անելու ենք էթիկական հարցերի շուրջ փոխըմբռնման ու հաղորդակցության խթանման միջոցով»,- մանրամասնել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
Պրոֆեսորը հավելել է, որ չեն պատրաստվում էթիկական հարցերին տալ սահմանված պատասխաններ: Փոխարենը ձգտելու են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան քննարկել, համաձայնել կամ չհամաձայնել միմյանց տեսակետների հետ՝ հավատարիմ մնալով կենտրոնի սահմանած սկզբունքներին. փոխադարձ հարգանք, ինտելեկտուալ հանդուրժողականություն, համեստություն, ինքնաքննադատ մոտեցում, փաստահեն դատողություններ, քննադատական մտածողություն, անհամաձայնության հանդեպ հաշտ մոտեցում:
Ակադեմիական զարգացում եւ համայնքների ինտեգրում
Կենտրոնի մեկնարկային միջոցառման ընթացքում ԷԹԻԿԱ-ի ծրագրերի ղեկավարները ներկայացրել են առաջիկա 5 տարում կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները:
ԷԹԻԿԱ-ի փոխտնօրեն Արշակ Բալայանը ներկայացրել է կրթության եւ դասընթացների ուղղությամբ ծրագրված աշխատանքը: Նրա խոսքով՝ նախատեսում են հայերեն թարգմանել էթիկայի ոլորտում միջազգային կարկառուն հեղինակների գրքեր, հրատարակել հանրամատչելի նյութեր, որոնք կունենան բաց հասանելիություն:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մշակելու ենք կրթական նյութեր, այդ թվում նաեւ հայերեն անիմացիոն հոլովակներ կիրառական էթիկայի ոլորտից՝ միեւնույն ժամանակ իրականացնելով մի շարք դասընթացներ»,– ասել է նա:
ՀԱՀ-ի Հովանավորվող ծրագրերի եւ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ակադեմիական տնօրեն, դոկտոր Քնար Խաչատրյանն էլ ներկայացրել է կարողությունների զարգացման ուղղությամբ նախատեսված աշխատանքները:
«Այս ուղղությունը լինելու է խիստ մասնակցային։ Մենք պարտավորվում ենք գործել ներքեւից վերեւ զարգացման մոտեցմամբ՝ լսելով եւ ներգրավելով ՀԱՀ-ի դասախոսներին և անձնակազմին», – ընդգծել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Էթիկան կշարունակի մնալ զուտ ակադեմիական հարթության մեջ, եթե դրանում ներգրավված չլինեն համայնքները: Այս մասին իր ելույթում նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը, որը առաջնորդելու է կենտրոնի՝ հանրային իրազեկման ուղղությամբ աշխատանքները:
«Մեր նպատակն է էթիկական հիմնախնդիրների շուրջ քննարկումները հասցնել համայնքներին՝ միեւնույն ժամանակ լսելով, թե ինչ են մարդիկ իրենք ասում այդ հարցերի մասին։ Մենք եւս կսովորենք համայնքներից, եւ հուսով ենք՝ կկարողանանք ձեւավորել կառուցողական երկխոսություն»,- ընդգծել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
ՀԱՀ Հաղորդակցության գծով գլխավոր տնօրեն Նարեկ Ղազարյանն էլ ընդգծել է ԷԹԻԿԱ-ի գործունեությունում հաղորդակցության ու լայնամասշտաբ ծրագրերի հանրայնացման անհրաժեշտությունը:
«Հանրային կապերի գրասենյակը, համագործակցելով ՀԱՀ-ի Մեդիա լաբի թիմի հետ, համակարգելու եւ վերահսկելու է հաղորդակցման, ներքին եւ արտաքին կապի, ինչպես նաեւ արդյունքների հանրայնացման աշխատանքները՝ կենտրոնի գործունեության բոլոր հենասյուների շրջանակում», – հավելել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս
ԷԹԻԿԱ-ի ծրագրերի առաջնորդները հուսով են, որ առաջիկա տարիներին կենտրոնի բազմաբնույթ գործունեությունը կկարողանա էական առաջընթաց ապահովել Հայաստանի ու աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներում էթիկական հիմնախնդիրների լուսաբանման, համընդհանուր արժեքային մոտեցումների ձեւավորման ու փոխադարձ ընկալման հասնելու ուղղությամբ:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: