Ապագա, որում Հայաստանում իրականացվում է ազգային եւ համամարդկային արժեքներ կրող անձանց կերտող հայկական կրթական մոդել՝ կիրառելի սփյուռքում եւ մրցունակ ողջ աշխարհում։ Սա այն տեսլականն է, որով «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը ազդարարեց իր գործունեության պաշտոնական մեկնարկը։
Մարտի 12-ին «Ալեքսանդր» տեղի է ունեցել Հայաստանում գործող առաջատար մի շարք կրթական կառույցներ միավորող «405 կրթական դաշինք»-ի հանրային մեկնարկի միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի ռազմավարությունն ու առաջիկա նպատակները։
Մեդիամաքսը ներկա է եղել հանդիպմանն ու պատմում է կարեւոր մանրամասներ։
Ճշմարտության հաստատում՝ կրթության զորությամբ
Դեռեւս 2022 թվականին, երբ Ադրբեջանը շրջափակել էր Արցախը՝ իրականացնելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ մարդկության դեմ հանցագործություններ, հայկական մի շարք կրթական կառույցներ եւ անհատներ ձեւավորել էին Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնությունը։ Վերջինիս նպատակն էր նպաստել խնդրի մասին միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը։ Ցավոք, ողբերգությունը չստացվեց կասեցնել։
Այդուհանդերձ, վերոնշյալ նախաձեռնությամբ սկիզբ է դրվեց կրթական առաջատար կառույցների ակտիվ համագործակցությանն ու համախմբմանը, որն էլ ավելի ուշ ինստիտուցիոնալացվեց «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ստեղծմամբ։
«Չնայած որ այն ժամանակ մեր ջանքերն ի չիք դարձան, մենք հասկացանք, որ ճգնաժամային իրավիճակում համախմբվելը մեզ չի ձերբազատում նորանոր ճգնաժամերի առաջացումից, ուստի առաջին հերթին, մենք պետք է պրոակտիվ գործենք պայմանական խաղաղության պայմաններում ու երկարաժամկետ լուծումներ առաջարկենք կրթական ոլորտի համար։ Որոշեցինք ստեղծել նոր հարթակ դաշինքի ձեւաչափով՝ համախմբելու ոլորտի այն մասնագետներին, որոնք հավատում են կրթության զորությամբ ճշմարտությանը հասնելու տեսլականին»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գեւորգյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«405 կրթական դաշինք»-ի հիմնադիրները յոթ կրթական կառույցներ են՝ «Այբ» կրթական հիմնադրամ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն (AMAA), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամ (Թումո), Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST), Հայ կրթական հիմնարկություն, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գրասենյակ (ՀԲԸՄ Հայաստան):
Հանրության ձայնը՝ պետական քաղաքականությունում
Շամամ Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանը կարիք ունի մասնագիտացված, ինստիտուցիոնալ եւ կենսունակ միավորումներերի, որոնք մի կողմից կբարձրացնեն հանրության իրազեկվածության մակարդակն ու ինքնագիտակցությունը, մյուս կողմից՝ կառաջխաղացնեն սեփական լուծումները գործող եւ առաջարկվող քաղաքականություններում։
«Փորձելու ենք տվյալահեն ու մասնագիտական լուծումները համադրել ու գուցե նաեւ հակադրել պետական գործող ու առաջարկվող քաղաքականություններին, եւ այս առումով մեր առաջին գործընկերը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։ Աշխատելու ենք փոխլրացման մեթոդով՝ ձգտելով հանրային ձայնն ավելի լսելի դարձնել համակարգում»,- նշել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն եւ «405 կրթական դաշինք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սյուզաննա Շամախյանն ընդգծել է, որ ներկայումս հիմնադրամի առաջնահերթ նպատակներից է դաշինքի ձեւավորումն ու ամրապնդումը՝ դրա շուրջ այլ կառույցների համախմբմամբ։
«Այս տարի սկսելու ենք հետազոտական, ինչպես նաեւ մասնագիտական խորհրդատվական աշխատանքների իրականացումից, որպեսզի միասին հասկանանք, թե որտեղ է գտնվում մեր երկիրը։ Վերլուծական աշխատանքի արդյունքով կսահմանենք ներկայումս առկա առաջնային հիմնախնդիրները եւ կսկսենք լուծումների մշակման գործընթացը՝ սահմանված ուղղություններով կոնկրետ ծրագրերի իրականացման համար»,- նշել է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Շամախյանը հավելել է, որ 405 դաշինքը կլինի այն հարթակը, որը կիրականացնի հետազոտություններ եւ մասնագիտական կարծիքի համախմբած ամփոփում՝ հաջորդիվ կներկայացնելով դրանք պետական մարմիններին։
«Պետական քաղաքականությունում խնդիրներ նախանշելիս մասնագիտական լուծումներով եւ վերլուծությամբ ցույց ենք տալու պոտենցիալ ռիսկերը եւ մեր պատկերացրած լուծումները»,- հավելել է նա։
Միջոցառմանը ներկա էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որն իր խոսքում ողջունել է դաշինքի ձեւավորումը։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս համախմբությունը հնարավորություն է տալու մեզ` որպես նախարարություն, ունենալու նաեւ այն փորձագիտական քննարկումները, այն հակակշռող փաստարկները, որոնց կարիքը մենք շատ ունենք։ Մեզ շատ մտահոգում է կրթության ոլորտում փորձագիտական կարողություններ ունեցող մարդկանց օբյեկտիվ ներգրավվածությունը»,- նշել է փոխնախարարը։
Հայկականությունը՝ առանցքային բաղադրիչ
«405 կրթական դաշինք»-ի տեսլականն ու ռազմավարությունը վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլեւ ընդհանուր առմամբ հայ ազգին։
«Մենք կրթության մասին չենք խոսում առհասարակ աշխարհի քաղաքացիներ ձեւավորելու տեսանկյունից, այլ նաեւ հենց որպես կարեւոր գործիքի՝ մեր ազգն ու մեր մշակույթը պահպանելու համար։ Ուստի հայկական բաղադրիչը մեր տեսլականում առանցքային է»,- նշել է Սյուզաննա Շամախյանը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ հույս է հայտնել, որ հիմնադրամի գործունեությամբ ձեւավորվելիք կրթական լուծումներն ինչ-որ պահից կիրականացվեն նաեւ սփյուռքում, քանի որ այնտեղ եւս կրթական ոլորտի լուրջ խնդիրներ կան։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք ամեն տեղ ունենք հայոց լեզվի նահանջ, հայկական դպրոցների նվազեցում, եւ այս ամենը պետք է կանգնեցնել։ Այդ իրողությունները պայմանավորված են սերնդափոխությամբ, որոշ համայնքների ծերացման գործընթացով, համայնքների աշխարհագրական փոփոխություններով եւ այլն։ Կարծում եմ, որ այս դաշինքը մեծ ներուժ ունի ներազդելու նաեւ սփյուռքի կրթական իրավիճակի վրա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Զարեհ Սինանյանը։
Համատեղ տուն կառուցելու ժամանակն է
Դաշինքի հիմնադիր անդամ կառույցներից յուրաքանչյուրն առանձին-առանձին տարիների գործունեության ընթացում հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանում կրթական ոլորտի բարելավման գործում, սակայն ինչպես ընդգծում են դաշինքի անդամները՝ այս ձեւաչափով միավորումը նորովի է բացահայտելու ներուժն ու թույլ տալու անել այն, ինչ առանձին գործունեության պարագայում անհնար էր։
«Յուրաքանչյուրս էլ մեր գործունեության ընթացքում տարբեր խնդիրների ենք առնչվում, որոնց լուծումը մեր մանդատից դուրս է. գուցե կառույցը չունի դրա լուծման ներուժը կամ առաքելությունն ընդհանրապես այլ ուղղություն ունի։ Այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի զարգացմանը նպաստելու բոլորիս մղումը եւ դրանում կրթության դերը, մենք հասկացանք, որ համախմբվելով շատ ավելին կարող ենք անել»,- ասել է Սյուզաննա Շամախյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գործունեության մեկնարկին նախորդած երկարատեւ աշխատանքը միմյանց ավելի լավ հասկանալու, իրար բացահայտելու ճանապարհ է եղել հիմնադիր անդամների համար, իսկ բարձր մակարդակով խրթին եւ գոյաբանական հարցերի շուրջ քննարկումները միասնականության հիմք են դարձել։
«Մենք բոլորս հասել էինք այն փուլին, որ գիտակցում էինք՝ ամեն մեկիս արած գործն առանց ընդհանուր համատեքստի ինչ-որ առումով նման է նրա, որ մարդիկ հավաքվում են միասին տուն սարքելու, սակայն ամեն մեկն իր սենյակն է սարքում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Բայց ու՞ր մնաց տունը։ Մենք հասկացանք, որ արդեն ժամանակն է այդ տունը կառուցելու»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։
«Ինչու՞»-ից «Ինչպե՞ս» եւ արդյունք
Շամամ Գեւորգյանն ընդգծել է, որ դաշինքի ձեւավորման փուլում «ինչու՞»-ները շատ են եղել, սակայն հիմնադիրները փորձել են գնալ յուրաքանչյուր հարցի հետեւից ու գտնել կոնսենսուային պատասխաններ։ Դրանից հետո անցել են «ի՞նչ» եւ «ինչպե՞ս» հարցերին եւ նախանշել նպատակներին տանող գործնական քայլերը։
«Մեզ համար գերակա ռազմավարական ուղղությունը կրթական քաղաքականությունն ու հանրային վերահսկողություն է, երկրորդը՝ հետազոտությունն ու վերլուծությունը, եւ երրորդը՝ կրթական ցանցի կառուցումն ու գործակցությունը։ Սրանք սպիրալաձեւ գործընթացներ են՝ մեկը մյուսի հետ խիստ կապված ու իրար պայմանավորող»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրենը։
Նա մանրամասնել է, որ հիմնադիր կառույցները եւ հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամները եկել են եզրակացության, որ կրթության ոլորտի հիմնախնդիրների ու ընթացիկ իրավիճակի շուրջ համապարփակ հետազոտություններ չեն իրականացվում, կրթական գործընթացների շուրջ որոշումների կայացումը հետազոտահեն չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Դրա համար էլ «405 կրթական դաշինքն» ամրագրել է, որ կդառնա հետազոտական կենտրոն եւ կիրականացնի հետազոտություններ, որոնք էլ կփոխանցի հանրությանը, մասնագիտական համայնքին եւ պետությանը՝ աջակցելով պետական ծրագրերի իրականացմանը։
2027 թվականի դեկտեմբերի համար հիմնադրամը նախանշել է մի շարք ցանկալի արդյունքներ, դրանցից են՝ ձեւավորել հանրակրթության բարելավմանն ուղղված մշակված քաղաքականություն, ստեղծել կրթական քաղաքականությունների առաջխաղացման համար նախատեսված հարթակ, կազմել մասնագիտական հանձնախմբեր, ձեւավորել խորհրդատվական կազմակերպություն պետական մակարդակում, զարգացնել հանրային վերահսկողության մեխանիզմները եւ այլն։
«Առաջնահերթ պայմանավորվել ենք, որ «405»-ում ամեն ինչ կոնսենսուսի մոդելով ենք որոշելու։ Թեեւ դա չափազանց բարդ գործընթաց է, սակայն դրանով ինքներս մեզ պարտավորեցնում ենք, որ մշտապես ունենանք բաց երկխոսություն բոլոր անհամաձայնությունների շուրջ այնքան ժամանակ, մինչեւ չգանք համաձայնության»,- նշել է Սյուզաննա Շամախյանը։
«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը բաց է նոր անդամներ ընդունելու համար։ Միանալ ցանկացողները կարող են լրացնել անդամակցության հետաքրքրության հայտը։
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: