Երեւան: Մեդիամաքս: «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) համագործակցությամբ, 2021 թվականից ի վեր պատրաստում է կրթության նոր սերնդի առաջնորդներ։
Ծրագիրն արդեն ունի 42 շրջանավարտ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում դպրոցներում եւ համայնքներում, իսկ հաջորդ տարի նրանց շարքերը կհամալրեն եւս 29 ուսանողներ։
Այս բացառիկ ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ոչ միայն դասավանդել, այլեւ կրթական համակարգում փոփոխություններ առաջ բերել։ Այն համադրում է մանկավարժական վարպետությունն առաջնորդության կարողունակությունների զարգացման հետ՝ հնարավորություն ընձեռելով ուսուցիչներին ձեւավորելու երկարատեւ ազդեցություն եւ՛ դասարաններում, եւ՛ համայնքներում։ Ծրագիրն իրականացվում է հիբրիդային ձեւաչափով, ինչը թույլ է տալիս ուսանողներին տեսական դասընթացներին մասնակցել հեռավար եղանակով՝ զուգահեռաբար կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները դպրոցում։
«Մենք պատրաստում ենք ոչ միայն ուսուցիչներ, այլեւ առաջնորդներ, որոնք կվերափոխեն Հայաստանի կրթական համակարգը։ Այս ծրագիրն ավելին է, քան պարզապես մագիստրոսական աստիճանի շնորհումը. այն արձագանքում է կենսական պահանջին՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա, անկախ իր բնակավայրից, ստանա որակյալ կրթություն», - նշում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
«Եթե սահմանամերձ գյուղերի դպրոցներում ուսուցիչների պակաս լինի, դրանք կարող են փակվել։ Իսկ եթե գյուղը դպրոց չունի, այն դատապարտված է դատարկվելու։ Գյուղերի կենսունակությունը առանցքային դեր ունի մեր սահմանների պաշտպանության գործում», - ասել է ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի ղեկավար Նազիկ Հարությունյանը։
Ծրագիրն ուղղված է ոչ միայն մանկավարժական հմտությունների զարգացմանը, այլեւ կրթական նորարարությունների ու հետազոտությունների խթանմանը։ Մագիստրոսական թեզերն ու հետազոտական աշխատանքները ընդգրկում են կրթական արդարության, ուսանողակենտրոն ուսուցման, ուսուցչական առաջնորդության եւ ժամանակակից դասավանդման տեխնոլոգիաների թեմաները, որոնք կապում են առկա մարտահրավերները նորարարական լուծումների հետ։ Համադրելով տվյալահեն լուծումները եւ գործնական փորձառությունը՝ ծրագրի շրջանավարտները նպաստում են կրթության համակարգային վերափոխումներին՝ ձեւավորելով առավել ներառական եւ արդյունավետ կրթական միջավայր։
Ծրագրի ազդեցությունը շարունակում է աճել՝ ավելի ու ավելի շատ մասնագետների ներգրավման շնորհիվ։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) երկարամյա համագործակցությունը եւս զգալիորեն ամրապնդել է ուսանողների ներգրավման գործընթացը, որի շրջանակում AMAA-ի մասնագետները նույնպես միացել են մագիստրոսական ծրագրին։
Մագիստրոսական ծրագիրն այժմ հասանելի է մանկավարժությամբ, կրթությամբ եւ առաջնորդությամբ հետաքրքրված բոլոր անձանց համար, որոնք ցանկանում են առաջնորդել, դասավանդել եւ ոգեշնչել՝ ձեւավորելով կրթության ապագան Հայաստանում։
Ծրագրի ընդլայնման շրջանակում շուտով կմեկնարկի հաջորդ ուսումնական տարվա ընդունելությունը, որը հնարավորություն կտա նոր դիմորդներին միանալու կրթական համակարգի վերափոխման այս նորարարական շարժմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: