Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ներկայացնում է Tech4Armenia նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի դպրոցներում բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուսուցիչների աճող պակասը հաղթահարելուն։
Այս խնդիրը խոչընդոտում է ինչպես տեխնոլոգիական ոլորտ տաղանդների հոսքին, այնպես էլ սահմանափակում է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի աճի եւ ընդլայնման հնարավորությունները։
Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում, հատկապես գյուղական համայնքներում, ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների խիստ ընդգծված պակաս կա։
Հայաստանի մարզային դպրոցներում (շուրջ 1 150) գրանցված է մոտ 700 թափուր ուսուցչական հաստիք, որից 40%-ը՝ ԲՏՃՄ առարկաներից։ 2
015 թվականից սկսած՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը մարզային դպրոցներում տեղակայել է 442 Ուսուցիչ-առաջնորդ, որոնցից 71-ը ներկայում մասնակցում են հիմնադրամի երկամյա Ուսուցիչների առաջնորդության ծրագրին՝ համալրելով առկա թափուր հաստիքների 10%-ը։ Ուսուցիչների այս պակասի հետեւանքով մեծ թվով աշակերտներ ավարտում են դպրոցը սահմանափակ կամ գրեթե բացակայող գիտելիքներով, ինչը խստորեն սահմանափակում է տաղանդների հոսքը դեպի Հայաստանի զարգացման համար առաջնահերթ համարվող տեխնոլոգիական ոլորտ։
Tech4Armenia-ն նորարարական համագործակցության ձեւաչափ է, որը միավորում է հասարակական եւ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ջանքերը՝ լուծելու ԲՏՉՄ ուսուցիչների պակասի ճգնաժամը։ Այս ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները հնարավորություն են ստանում իրենց աշխատաժամանակի մի մասը հատկացնել «Դասավանդի՛ր Հայաստան»-ի գործընկեր դպրոցներում բնագիտամաթեմատիկական առարկաների դասավանդմանը։ Աշխատակիցները շարունակում են պահպանել իրենց հիմնական աշխատանքը՝ միաժամանակ նպաստելով կրթության զարգացմանը՝ ոգեշնչելով եւ պատրաստելով տեխնոլոգիական տաղանդների հաջորդ սերունդը։
Ուսուցման որակի նկատմամբ մեր ունեցած բարձր պատասխանատվության շրջանակներում «Դասավանդի՛ր Հայաստան»-ը երաշխավորում է, որ իր ծրագրերին մասնակցող բոլոր մասնագետները դպրոցներ գործուղվելուց առաջ անցնեն 30 կրեդիտով այլընտրանքային մանկավարժական վկայագրում՝ վավերացված ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից։ Բոլոր ուսուցիչները վերապատրաստվում են «Դասավանդի՛ր Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայում՝ ստանալով պետության կողմից հավաստագրված կրեդիտներ, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է մեր պարտավորությունը՝ ապահովելու ուսուցման որակը եւ ուսուցիչների պատրաստվածությունը։
Ուսուցչական գործունեությունից զատ՝ Tech4Armenia-ի մասնակիցները նաեւ իրականացնում են համայնքային զարգացման ծրագրեր։ Այս մասնագետները հաճախ նախաձեռնում են նաեւ արտադասարանային ծրագրեր, որոնք կենտրոնացած են ծրագրավորման եւ այլ նորարարական տեխնոլոգիաների գործնական ուսուցման վրա՝ աշակերտներին ապահովելով 21-րդ դարի աշխատաշուկայի համար անհրաժեշտ հմտություններով։ Այս նախագծերը ոչ միայն հարստացնում են դասարանական ուսուցման գործընթացը, այլեւ հնարավորություն են տալիս աշակերտներին աշխատել ժամանակակից գործիքների եւ մեթոդների հետ՝ խթանելով ԲՏՃՄ առարկաների եւ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։
«Այս նախաձեռնությունը երկարաժամկետ մտածողության արդյունք է։ Երբ տեխնոլոգիական մասնագետները մտնում են դասասենյակ, նրանք ոչ միայն դասավանդում են, այլեւ կերտում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագան», - ասել է «Դասավանդի՛ր Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին մեկ մասնակցով, իսկ այժմ ունի չորս մասնակից։ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը նպատակ ունի ընդլայնել Tech4Armenia-ն՝ այն դարձնելով համապետական շարժում, որպեսզի Հայաստանի բոլոր աշակերտները, անկախ գտնվելու վայրից, հասանելիություն ունենան որակյալ ԲՏՃՄ կրթության։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: