Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ներդրողներ ու գործարարներ Ռուբեն Վարդանյանն եւ Վերոնիկա Զոնաբենդը եւ Հնդկաստանում տեղակայված Mahindra Group ընկերությունների միջազգային խմբի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրայի հետ համատեղ հայտարարել են նոր կրթաթոշակային ծրագրի մասին:
Նրանք հատկացնում են $ 7,5 մլն կրթաթոշակ աշխարհի տարբեր երկրների շնորհալի աշակերտներին, որոնք պատրաստվում են սովորել Աշխարհի միացյալ քոլեջներ (United World Colleges - UWC) կրթական ցանցի դպրոցներից կամ քոլեջներից որեւէ մեկում, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կրթության ծախսերն ինքնուրույն հոգալու համար։
UWC կրթական ցանցը միավորում է 17 միջազգային դպրոց ու քոլեջ, որոնք տեղակայված են աշխարհի չորս մայրցամաքներում, եւ 159 երկրներում գործող ազգային կոմիտեներ, որոնց կամավորները զբաղվում են UWC կրթաթոշակառուների ընտրությամբ՝ անկախ վերջիններիս սոցիալական եւ նյութական կարգավիճակից։
1997 թվականից Հնդկաստանում գործում է UWC Mahindra քոլեջը, իսկ Հայաստանում 2014 թվականին բացվել է UWC Դիլիջան քոլեջը։
Ըստ ձեռքբերված պայմանավորվածության, Mahindra Group-ը կհատկացնի 150 միլիոն հնդկական ռուփի (շուրջ $ 2,3 մլն) UWC Mahindra քոլեջի աշակերտների կրթաթոշակները հինգ տարվա ընթացքում վճարելու համար։ Նշված գումարի կեսն ուղղվելու է Հնդկաստանի քաղաքացիների, իսկ մյուս կեսը՝ այդ երկրի սահմաններից դուրս գործող UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված աշակերտներին։
Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված Scholae Mundi հիմնադրամը կհատկացնի շուրջ $ 5,2 մլն՝ գալիք ուսումնական տարում կրթաթոշակներ տրամադրելու համար։ Այդ գումարից 3,7 միլիոնը ԱՄՆ դոլարն ուղղվելու է UWC Դիլիջան դպրոցում սովորող օտարերկրացի աշակերտների համար կրթաթոշակներին։ Գումարի մնացած մասը՝ $ 1,5 միլիոնը, որպես կրթաթոշակ տրամադրվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի այն աշակերտներին, որոնք կսովորեն տարբեր երկրներում գտնվող UWC ցանցի 16 դպրոցներից եւ քոլեջներից մեկում, այդ թվում՝ UWC Mahindra քոլեջում։
UWC Mahindra քոլեջն ու UWC Դիլիջան դպրոցը նաեւ հայտարարում են «խաչաձեւ» կրթաթոշակների տրամադրման պատրաստակամության մասին․ UWC Mahindra քոլեջը կհատկացնի մեկ տեղ եւ 100%-ով կհոգա ուսման եւ բնակության ծախսերը հայաստանցի աշակերտի համար, իսկ UWC Դիլիջան դպրոցը նույն պայմաններով կընդունի հնդիկ աշակերտներին գալիք հինգ տարիների ընթացքում։
«Հայտնի գործարարների այս բացառիկ նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի ավելի մեծ թվով երիտասարդների դառնալ UWC շարժման մաս եւ ստանալ համաշխարհային կարգի միջազգային կրթություն։ UWC ցանցի 17 քոլեջներից մեկում ապրելն ու սովորելը թույլ կտա նրանց ձեռք բերել միջմշակութային շփման փորձ ու հմտություն, ինչն անհրաժեշտ է հասարակական կարծիքի առաջնորդներ դառնալու եւ դրական փոփոխությունների համար»,- ասել է UWC միջազգային խորհրդի նախագահ Ջոն Դենիելը։
«Այսօր բարդ, անկանխատեսելի ու արագ փոխվող աշխարհում չափազանց կարեւոր է լայն հնարավորություններ ընձեռել տաղանդավոր երիտասարդներին, ովքեր առաջնորդ դառնալու մեծ ներուժ ունեն։ Մենք հույս ունենք, որ մեր կողմից ստեղծված կրթաթոշակային ծրագիրը շարժիչ ուժ կդառնա աշխարհում UWC շարժման ազդեցության տարածման համար եւ կնպաստի նոր սերնդի շրջանում այնպիսի պայծառ առաջնորդների պատրաստմանը, որոնք կկարողանան հեշտությամբ կողմնորոշվել բարդ պայմաններում», - հայտարարել է Mahindra Group-ի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրան։
«Մեր փոխկապակցված եւ արագ փոխվող աշխարհում չափազանց կարեւոր է դաստիարակել ու մեծացնել բաց եւ մտածող առաջնորդների, համամարդկային արժեքներ կրողների սերունդ, ովքեր կկարողանան ներկայիս անկայուն ժամանակաշրջանում սեփական ճանապարհի սկիզբը դնել եւ նկատելի դերակատարություն ունենալ տեղական ու գլոբալ համայնքների զարգացման գործում։ Մենք վստահ ենք՝ UWC համակարգում կրթությունը ձեւավորում է հենց նմանատիպ առաջանորդների, իսկ Scholae Mundi հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կնպաստի այդ ցանցում ներառականության զարգացմանը»,- ասել է UWC Դիլիջան դպրոցի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի նախագահ, UWC շարժման Հոգաբարձուների խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: