Սուսաննա Մկրտչյանը՝ նոր Վիքի նախագծերի մասին - Mediamax.am

exclusive
34776 դիտում

Սուսաննա Մկրտչյանը՝ նոր Վիքի նախագծերի մասին


Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը
Սուսաննա Մկրտչյանը եւ Ջիմի Ուելսը

Լուսանկարը` Wikimedia.org


«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը մշտապես աշխատում է Հայաստանում Վիքիմեդիա նախագծերը զարգացնելու ուղղությամբ եւ նորանոր նախաձեռնություններ է կյանքի կոչում:

 

Սուսաննան համոզված է, որ եթե մշտապես դժգոհենք երկրում տիրող իրավիճակից եւ ոչինչ չանենք, մեր շուրջը ոչինչ էլ դեպի լավը չի փոխվելու: Դրական փոփոխությունների գործում նա կարեւորում է կամավորության մշակույթի ներդրումը:

 

«Վիքիմեդիա Հայաստանի» ղեկավարը Մեդիամաքսին պատմել է, թե առաջիկայում ինչպիսի նոր նախաձեռնություններ են իրականացնելու՝ Վիքիպեդիայի խմբագիրների թիվն ավելացնելու եւ հայերեն Վիքիպեդիան հարստացնելու համար:

 

Վիքիպեդիա մանուկների համար

 

Մանկական օնլայն հանրագիտարան հիմնադրելու նախագիծ ունենք՝ Վիքիպեդիա մանուկների համար: Ուզում ենք գիտելիքն ավելի հասանելի լինի երեխաներին եւ մատչելի կերպով ներկայացվի: Վիքիպեդիայում որոշ թեմաներ բարդ լեզվով են գրված եւ երբեմն հասկանալի չեն երեխաների համար:

 

Այս գործում լավ օրինակ է ֆրանսերեն Վիքիպեդիայի մանկական բաժինը, եւ փորձելու ենք նմանատիպ հանրագիտարան ստեղծել  Հայաստանի երեխաների համար:

 

Առաջիկա Վիքիճամբարի ընթացքում երեխաները միայն մանկական Վիքիպեդիան կխմբագրեն: Սկզբում երեխաները Վիքիպեդիայի տեսքի կբերեն (մենք դա կոչում ենք վիկիֆիկացնել) «Ի՞նչ է, Ո՞վ է»  մանկական հանրագիտարանը, հետո կաշխատենք ավելի հարուստ եւ ժամանակակից բովանդակություն ստեղծելու ուղղությամբ:

 

Վիքի նախագիծ ուսուցիչների համար

 

Լավ կլիներ, եթե դպրոցների լավագույն ուսուցիչները կրթական հոդվածներով հարստացնեին Վիքիպեդիան: Այսպիսի նախագիծ իրականացվում է Հոլանդիայում:

 

Շուտով այս գաղափարը կներկայացնեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Կարծում եմ, այս նախագծի օգնությամբ կարելի է ստանալ ավելի մասնագիտացված, խորը եւ հավաստի գիտելիք:

 

Ճարտարապետական Վիքիպեդիա

 

Շատ կցանկանայի, որ ճարտարապետները՝ հատկապես երիտասարդ մասնագետները կամ ուսանողները, իրենց ներդրումն ունենային Վիքիպեդիան ճարտարապետությանն առնչվող թեմաներով հարստացնելու գործում:

 

Նախագծի նպատակն է ճարտարապետական հեշտ եւ մատչելի լուծումներ առաջարկել Հայաստանի գյուղական բնակավայրերում տների արտաքին տեսքը ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հավատում եմ, որ կան լուծումներ, որոնք կկարողանան գրավիչ դարձնել մեր բնակավայրերը:

 

Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին