Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամը հուշագիր են ստորագրել։
Հուլիսի 13-ին այն ստորագրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նախագահ Լարիսա Հովհաննիսյանը։
«Ի դեմս մեր հարգելի գործընկերների՝ Հայաստանում սկսում է ձեւավորվել հայկական կամավորական շարժումը, որը, հույս ունեմ, կունենա մասսայականություն եւ կընդգրկի ավելի լայն շերտեր: Այս գործը սովորեցնում է մարդկանց բացի սեփական կարիերա անելուց եւ սեփական ճանապարհով գնալուց նաեւ օգտակար լինել մյուսներին», - նշել է նախարարը:
«Երբ գործի գլխին կանգնած է նվիրված մարդ, գործի հաջողության կեսն ապահովված է: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերները նման մարդիկ են, ովքեր թողնելով հանգիստ կյանքը եւ լավ աշխատանքը, փորձում են հանուն ապագայի իրականացնել լուրջ ծրագրեր»,- նշել է Լեւոն Մկրտչյանը եւ հատուկ շնորհակալություն հայտնել միջոցառմանը ներկա IDeA եւ RVVZ բարեգործական հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդին եւ Teach For All-ի համաշխարհային ցանցի տնօրեն եւ հիմնադիր Ուենդի Քոփին:
«Հայաստանում շատ ծրագրեր երազից դառնում են իրականություն՝ տարբեր կազմակերպությունների հետեւողական ջանքերի շնորհիվ» - նկատել է նախարարը:
Լարիսա Հովհաննիսյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամն աշխատում է կրթության եւ գիտության նախարարության հետ:
«Ծրագիրը սկսել ենք 14 մասնակիցներով, որոնք հիմա դասավանդում են Լոռու, Տավուշի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաեւ Արագածոտնի մարզը: Մեր ծրագիրը չէր կարող լիարժեք կայանալ՝ առանց ԿԳ նախարարության եւ մարզպետարանների, ինչպես նաեւ մեր գործըներ տնօրենների աջակցության, ովքեր մեզ բաց սրտերով են ողջունել իրենց համայնքներում: Հենց այս գործընկերության եւ մեր մասնակիցների հիանալի արդյունքների շնորհիվ է, որ արդեն այս սեպտեմբերից ավելի քան 50 ուսուցիչ կդասավանդի Հայաստանի ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում: Եվ սա մեր տեսլականի իրականացման միայն սկիզբն է, որի համար Teach For All կազմակերպությունն աշխատում է 40 այլ երկրներում եւս», - նշել է Լարիսա Հովհաննիսյանը:
Վերոնիկա Զոնաբենդն իր հերթին նշել է, որ կրթությունը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց:
«Կան բաներ, որոնք ընդհանուր են բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից եւ աշխատանքից: Դա, նախեւառաջ, երեխաների առողջությունն է եւ ապագան: Պետության ապագան կապված է նրանից, թե ինչպիսի կրթական համակարգ ունես եւ ինչպես է դաստիարակվում նոր սերունդը: Այս ծրագիրն օրինակ է, թե ինչպես է Հայաստանը դառնում գլոբալ աշխարհի մաս», - նշել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում ՀՀ բոլոր դպրոցներում կաշխատեն «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները:
Մեդիամաքսը նշում է, որ Teach For Armenia-ի 2016 թվականի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը կայացել էր հուլիսի 4-ին՝ UWC Dilijan քոլեջում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: