Դաղդղան` չարը խափանող փայտարվեստը - Mediamax.am

exclusive
14443 դիտում

Դաղդղան` չարը խափանող փայտարվեստը


Վանո Դադոյանը իր աշխատանքների հետ
Վանո Դադոյանը իր աշխատանքների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարբեր ժամանակներում պատրաստված դաղդղանների շարան
Տարբեր ժամանակներում պատրաստված դաղդղանների շարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի աշխատանքները
Վանո Դադոյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից
Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանո Դադոյանի ստորագրությունը դաղդղանների վրա
Վանո Դադոյանի ստորագրությունը դաղդղանների վրա

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի միջոցով ներկայացնում է հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

 

Ժողովրդական վարպետ Վանո Դադոյանի աշխատանքների շարքում առանձնահատուկ տեղ ունեն դաղդղանները: Ծիսական, պահպանող նշանակություն ունեցող այս իրերի մասին մեր օրերում քչերը գիտեն, իսկ պատրաստման գաղտնիքներին ընդամենը մի քանի վարպետ է տիրապետում: Վարպետ Դադոյանը ոչ միայն դաղդղաններ է պատրաստում, այլեւ ուսումնասիրել եւ այժմ էլ ուսումնասիրում է դրանց կիրառության, ծագման ու ստեղծման հետ կապված առանձնահատկությունները:

 

Սիրում էի փայտը, քարը, կավը, հետո մտածեցի դրանցով զբաղվել

 

Կրթությամբ մաթեմատիկոս եմ՝ 1979թ. ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, հետո սկսել հետաքրքրվել փայտարվեստով: Այդ ուղղությամբ պրակտիկա եմ անցել Փայտարվեստի պետական թանգարանում ճարտարապետ Հենրիկ Սոլախյանի մոտ եւ զբաղվել հիմնականում ժողովրդական ստեղծագործությամբ: Հուշարձանների պահպանության գիտավերականգման արվեստանոցում աշխատածս տարիներին որոշ ժամանակով գործուղվել եմ Էրմիտաժ՝ Սանկտ-Պետերբուրգ, փայտի վերականգնման բաժնում ուսանելու: Այն ժամանակ մտադրություն կար արվեստանոցին կից փայտարվեստի վերականգնման կենտրոն ստեղծել: Այս խնդրով շատ էին աջակցում տնօրեն Ռոմեն Եսայանը, նաեւ Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Հովհաննես Շարամբեյանը: Նրանց օգնությամբ ավելի կենտրոնացա եւ սկսեցի խորությամբ ուսումնասիրել այդ բնագավառը:

Վանո Դադոյանի աշխատանքները Վանո Դադոյանի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդհանրապես, փայտարվեստի պահպանված նմուշները սակավաթիվ են, մեծ մասամբ 18- 19-րդ դարերից: Դրանց լրացնելու են գալիս մանրանկարներում, բանահյուսական նյութերում, հին լուսանկարներում եւ այլուր պահպանվածը, որոնց ուսումնասիրման միջոցով հնարավոր եղավ որոշ բացեր լրացնել: Այդ շրջանում շատ էի շրջում, լինում էի տարբեր շրջաններում, լուսանկարում, չափագրում կահույք եւ այլ առարկաներ:

 

Հնում մարդիկ եռաշերտ չափումով էին ապրում՝ նյութական, մտավոր, հոգեւոր աշխարհների գիտակցությամբ, իսկ հոգեւոր աշխարհում որոշ բաներ լրիվ բացահայտված չեն առ այսօր: Եթե մի բան մարդու համար կարեւոր էր, ուրեմն պաշտպանության կարիք ուներ: Այդ նպատակով օգտագործվել են թալիսման-խորհրդանշանները, չարխափանները: Դրանց շարքից են նաեւ դաղդղանները: Դաղդղանն ինքնին շատ հետաքրքիր ու մեծ խումբ է այդ բնագավառում: Այն լայն կիրառություն է ունեցել ժողովրդի կյանքում: Տան համար մեծ դաղդղաններ են կիրառել, որոնք հիմնականում կախում էին մուտքի մոտ կամ ներսում՝ կենտրոնական սյան վրա՝ երեւացող մի տեղում, որ առաջինն էր աչք գրավում: Պատրաստում էին նաեւ մարդկանց, կենդանիների համար. օրինակ՝ նորածինների օրորոցներից ու դաստակից էին կախում, ամրացնում փոքրիկի գլխաշորին կամ բարձին: Շատ տարածված էր խոշոր եղջերավոր անասունների վզից կամ պոզից դաղդղան կախելը: Այն կիրառվել է նաեւ կահ-կարասու համար: Մեր ուսումնասիրությունների ժամանակ հանդիպել ենք կճուճների, կուժերի վրա կախված դաղդղանների, որոնք մրջյուններից, մլակներից պաշտպանելու համար էին: Մի տատիկ անգամ մեզ տարավ իր թոնրատուն կամ մառան, հիմա լավ չեմ հիշում, ցույց տվեց հողի հատակին դրված յուղի կճուճը, որի վրա դաղդղան էր կախված: Չնայած հատակին մրջյուններ էին շրջում, բայց հենց կճուճի շուրջը ոչ մի մրջյուն չկար: Ինքն ասում էր՝ էս դաղդղանն է պահպանում: Այսինքն, դաղդղանների կիրառման ոլորտը բավականին լայն է:

Տարբեր ժամանակներում պատրաստված դաղդղանների շարան Տարբեր ժամանակներում պատրաստված դաղդղանների շարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրաստել են հիմնականում փայտից՝ սովորաբար սրբազան համարվող ծառերի փայտանյութ էին օգտագործում՝ ընկուզենու, կաղնու, բայց նաեւ հաճարենու, պտղատու տարբեր ծառերի: Լինում են նաեւ մետաղից ու այլ նյութերից, անգամ ուսումնասիրությունների ժամանակ հանդիպել եմ քարից մեծ դաղդղան՝ տան համար նախատեսված: 6-7 սմ հաստության խոշոր դաղդղան էր, առաջին անգամ էի տեսնում: Շատ համոզեցինք տանտիրուհուն, որ մի ծեր կին էր, բայց ափսոս չտվեց, որ թանգարանի համար բերեինք, ասում էր՝ էս որ հանեմ, տանս փորձանք կլինի:

 

Դաղդղան անվանումը, կարծում եմ, դաղելու, խարանելու իմաստն ունեցող բառից է առաջացել:

 

Գյուղեր կան, որտեղ դաղդղան պատրաստել են հիմնականում բռինչի ծառից ու նրա արմատից: Այդ ծառն էլ հենց դաղդղան են անվանում ու վերագրում չարխափան հատկություն: Ճամփորդելիս նկատած կլինեք, որ կտորներ են կախում ծառերի վրա՝ հիվանդություն բուժելու, ինչ-որ իղձ իրականանալու նպատակով, նույն հավատալիքից է բխում:

 

Հետաքրիր էր, որ երբ մի գյուղում հարցրեցինք դաղդղանի մասին, մի պապիկ ցույց տալով եղինջը՝ ավելուկի պես հյուսած կախած, ասաց՝ էս մեր դաղդղանն է: Որոշ բարբառներում եղինջին դաղդղան են անվանում: Սրանք հաստատում են, որ դաղդղան անվանումը կարող էր առաջացած լինել այդ իմաստով, այսինքն՝ ծակող, դաղող՝ չարին խափանող:

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները Վանո Դադոյանի պատրաստած դաղդղանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք խոսում ենք փայտի դաղդղանների մասին, որ հիմնականում պահպանված են վերջին շրջանից՝ 18-20-րդ դարերից: Բայց չարխափանների մասին տեղեկություններ հանդիպում են բանահյուսության մեջ էլ, հեքիաթներում էլ: Էպոսի մեջ կա չէ՞ «Խաչ պատերազմին», որ դրվում է աջ թեւին՝ Սանասարից է սկսում, հետո Մհերից անցնում Դավթին: Բնականաբար, դրանք պետք է շատ հին ժամանակներից լինեին:

 

Փնտրել եմ աշխարհի շատ թանգարաններում, բայց դաղդղան չեմ հանդիպել, միայն Միջին Ասիայից մի տեսակի կա պահպանված, բայց շատ տարածված չէր: Հնարավոր է՝ հայկականի հետ կապ լինի, բայց սա առանձին նյութ է:

 

Առիթ եմ ունեցել հանդիպել վարպետների, որոնք չէին ուզում խոսել դաղդղանի մասին։

 

Երբեմն ոչինչ չէին ուզում փոխանցել, շատ կասկածամիտ էին, թե ինչու ենք հետաքրքրվում: Կոնկրետ մի կարեւոր դեպք կուզեմ հիշել՝ մի պապիկի մոտ իր պատրաստած դաղդղանը կար, դրանով շատ հետաքրքրվեցի, ոչինչ չպատմեց: Հին իրերի հավաքածու ուներ, մեծ խմբով գնացել էինք իր հավաքածուն դիտելու: Այդ ընթացքում մեզ հետեւում էր եւ տեսավ, թե ինչ զգուշությամբ եմ վերաբերվում իրերին, գործիքներին: Վերջում, երբ վերադառնում էինք, ասաց՝ մի րոպե, ես քեզ մի քանի բան պիտի պատմեմ, արի՛: Մենք արդեն պիտի գնայինք, խումբն ավտոբուսում սպասում էր, բայց նա բավականին երկար պատմում էր դաղդղանի մասին:

 

Ամենաառանձնահատուկը, որ նա ասաց, այն է, որ դաղդղան պատրաստելու ժամանակ պետք է միտքդ անպայման անաղարտ լինի, անհնար է, որ մեկ այլ բանի մասին մտածես, առավել եւս՝ բացասական հույզեր ունենաս եւ ճիշտ դաղդղան ստեղծես: Անհրաժեշտ է սարքելուց առաջ տրամադրվել, նախատրամադրված սկսել: Այսինքն՝ երեւում է, որ այստեղ ծիսական երեւույթի մասին է խոսքը:

 

Առաջներում, երբ վարպետը ստանում էր դաղդղանի պատվերը, սկսում էր կենտրոնանալ այդ աշխատանքի վրա: Ինչո՞ւ է սա կարեւորվում: Որովհետեւ, եթե վարպետը դաղդղանը սարքում է, խորքում ունենալով վերոնշյալ զգացողությունը, գնողը կամ կրողը զգում է դա, աներեւույթ մի ձեւով հասկանում, որ այս դաղդղանը «ծնվել է», վարպետը չի նստել հենց այնպես փայտը փորագրել: Վարպետը, ում մասին արդեն խոսեցի, ասում էր նաեւ, որ դաղդղան պատրաստելու ժամանակ, եթե որեւիցե մեկը հյուր գա, կամ ուզենա ինչ-որ տեղ կանչել, դու չպիտի շեղվես, անգամ եթե դա կարեւոր հարց լինի: Փաստորեն, երբ մարդ դաղդղան է անում, պիտի ամբողջովին խորասուզվի, գտնվի կարծես մեդիտատիվ վիճակի՝ խոկման մեջ: Օրինակ, պատարագի ժամանակ ոչ ոք չի զանգի չէ՞ քահանային ասի՝ արի, մի հարց ունեմ: Երբ նա պատարագի մեջ է, կողմնակի ոչնչով չի զբաղվում այդ պահին: Նմանատիպ, միայն ավելի նախնական, սրբազան վիճակի մասին է խոսքը՝ վիճակ, որը շատ մեծ ուշադրություն ու նվիրում է պահանջում:

 

Հոգով տրամադրվելուց բացի մարմինը եւս պիտի նախապատրաստել: Դաղդղան սարքում էին հիմնականում պահքի օրերին եւ փորագրելիս դաղդղանի վրա չէին փչում: Սրանք ցույց են տալիս, որ այդ ընթացքն ունեցել է իր սրբազան մասը, ինչը եւ ամենակարեւորն է: Այդ մտածողությունը, միտքը մաքրելու, նախապես տրամադրվելու վիճակը, ցավոք, մեր օրերում գրեթե վերացել է դաղդղանների պատրաստման պրոցեսից: Չգիտեմ՝ հիմա կան, թե չկան դաղդղան անողներ: Հիմա, ճիշտ է՝ ոչ հաճախ, բայց հանդիպում են դաղդղաններ, միայն թե դրանք զուտ դեկորատիվ բնույթ են կրում, իրենց ներքին խորհուրդը, պատրաստելու գաղափարախոսությունը վերացած է այսօր:

 

Երբեմն հանդիպում են դաղդղաններ, որոնց վրա արձանագրություններ կան, օրինակ՝ գրված է՝ այսինչը պատվիրեց, այնինչը պատրաստեց. պատահում են անվանատառեր ու խորհրդանշաններ՝ որպես պատրաստող վարպետների ստորագրություն: Իմ ստորագրությունը հին վարպետներից մեկի նշանի հիման վրա եմ ստացել:

Վանո Դադոյանի ստորագրությունը դաղդղանների վրա Վանո Դադոյանի ստորագրությունը դաղդղանների վրա

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ ձեւերի դաղդղանները բազմաթիվ տեսակների են: Մեկը լուսնաձեւ է, մյուսը՝ պայմանական անվանում ենք խոյակերպ: Կան եռանկյունաձեւ, իսկ երկարուկները, որ կախվում են ուլունքաշարով եւ անվանվում են խիարաշար, օգտագործել են այն դեպքում, երբ երեխա չեն ունեցել: Նորածինների համար նախատեսվածները փոքրիկ են, գլանաձեւ, խորանարդաձեւ կամ քառակուսի տափակ: Կան նաեւ այլ ձեւեր, բայց տարածվածները սրանք են:

 

Վրան փորագրված նախշերը հիմնականում արեւի, հավերժության, ջրի խորհրդանշաններ են: Ամենաշատը հանդիպում են վարդյակներ՝ վեցից մինչեւ ութ թեւանի, կեռխաչ, հավերժության նախշ, տերեւներ ու եռանկյուններ, երբեմն նաեւ խաչեր: Մի անգամ նույնիսկ պատահել է հնգաթեւ աստղ՝ կարմիր ներկած, պատրաստվել էր 1945 թվականին: Մեր մշակույթում շատ տեղերում են այդ նախշերը հանդիպում՝ խաչքարերում, ճարտարապետական հուշարձանների վրա, մանրանկարներում, գորգերում եւ այլուր: Դրանց իմաստները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն:

 

Ես նախշերը նախօրոք չեմ ընտրում, նախապես չեմ նկարում որեւիցե բան: Փայտը եւ վիճակը թելադրում են, թե ինչ տեսք պիտի ունենա դաղդղանը: Պատրաստելու ընթացքում միտքը գալիս է, դրան համապատասխան ծնվում են նախշերը:

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Դաղդղանը որպես իր հենց այնպես չի ստեղծվել եւ նոր ժամանակվա մտածողության համար կարող է ինչ-որ իմաստով դաղդղանի վերադարձ լինել՝ որպես հին, բայց չհնացող իր: Այն կարող է Հայաստանի համար մշակութային առանձնահատուկ երեւույթ դառնալ: Շատ երկրներ ունեն իրենց բնորոշ հուշանվերը, եւ զբոսաշրջիկները գնում են դրանք որպես այդ երկրում եղած ժամանակվա հիշողություն: Դաղդղանն էլ Հայաստանի համար կարող է այցեքարտերից մեկը դառնալ:

 

Բնականաբար, դաղդղանն իր նշանակությունը աստիճանաբար փոխում է. վաղ անցյալում չար աչքից, չար ուժերից պաշտպանվելու համար էր, իսկ քրիստոնեական մտածողության կամ ժամանակակից ազատ մտածողության առումով կոնկրետ չարխափան կիրառական իմաստով գուցե իր կարեւորությունը կորցրել է: Բայց, մյուս կողմից, երբ մտածում ենք, որ մարդն իր հոգու մեջ ինչ-որ խնդիրներ, ինչ-որ ակնկալիքներ ունի, որպես այդ սպասելիքներին ուժ տվող ու հիշողությունը ամրացնող իր, կամ լավ գաղափար արթնացնող մի բան, կարող ենք կիրառել մեր նախընտրած ձեւը կամ նախշը օգտագործելով:

Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից Վանո Դադոյանի պատրաստած դաղդղաններից

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակին, երբ Փայտարվեստի, Ժողովրդական արվեստի թանգարանները գնումներ էին կատարոում վարպետներից, դաղդղանների պատրաստման կենդանի ընթացք, հետարքրքություն կար:

 

Զարգացման համար պիտի պահանջարկ լինի, որովհետեւ հենց այնպես մարդը չի նստի դաղդղան պատրաստի: Եթե պահանջարկ առաջացվի, ապա դրան կհաջորդի այն մոտեցումը, թե ինչպես պիտի պատրաստվի դաղդղանը, եւ եղած տեղեկությունները կենդանի կիրառություն կգտնեն: Կարելի է ավանդույթ ձեւավորել՝ տարբեր առիթներով դաղդղան նվիրել, օրինակ, մեկին հյուր գնալիս տան համար դաղդղան տանել: Այդպիսի ճանապարհով հնարավոր կլինի աստիճանաբար կյանք մտցնել: Իսկ հայկական տուրիստական քաղաքականության ծրագրերում պիտի նաեւ մտածենք, թե մշակութային որ իրերը կարող են դառնալ մեր երկիրն ըստ արժանվույն ներկայացնող երեւույթներ, որպեսզի ամեն զբոսաշրջիկ գոնե մի հատ գնելու ցանկություն ունենա եւ Հայաստանից հետը հիշատակ տանի մեր մշակույթին իրապես բնորոշ առարկա:

 

Թանգարանները ներկայումս բավարար ֆինանսական միջոցներ չունեն գնումներ կատարելու: Իսկ ժամանակին, ես հիշում եմ, այնքա՜ն դաղդղան էին բերում Փայտարվեստի թանգարան, որտեղ դրանք ընտրվում էին, բացատրվում էր՝ որն է ավանդականը կամ ստեղծագործականը, վարպետներին օգնում էին խորհրդատվությամբ, սովորեցնում սկսնակներին: Թանգարանների գործունեության շնորհիվ դաղդղանը կամաց մտնում էր կենցաղ: Սա կարծես մի դպրոց լիներ, որտեղից ծնվեցին շատ վարպետներ: Միայն ափսոս, որ այն համապատասխան զարգացում չունի այսօր: Գուցե սա հնարավոր է վերականգնել, բայց այստեղ պետական աջակցություն է հարկավոր, ինչպեսեւ ժողովրդական արվեստի այլ բնագավառներում:

 

Մարգարիտա Ղազարյան

Լուսանկարները՝ Բաբկեն Ղազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին