Հայ եւ թուրք գործարար կանայք քննարկում են գործնական կապերի հաստատման հնարավորությունները - Mediamax.am

120484 դիտում

Հայ եւ թուրք գործարար կանայք քննարկում են գործնական կապերի հաստատման հնարավորությունները


Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան:Մեդիամաքս: Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը Երեւանում հայտարարել է, որ հայ-թուրքական առեւտրատնտեսական կապերի զարգացումը կնպաստի պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Դիյաեդին Գեզերն այս մասին ասել է այսօր՝ ելույթ ունենալով Երեւանում մեկնարկած «Առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ եւ թուրք գործարար կանանց ֆորումին:

 

«Հայ-թուրքական սահմանի բացումը եւ երկաթուղու վերագործարկումը լավ կանդրադառնան մեր երկրների միջեւ գործարար կապերի հաստատման եւ զարգացման վրա: Մենք գիտենք, որ Հայաստանում գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը սիրողական մակարդակի վրա են, մինչդեռ մեր երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Սահմանի բացումից հետո Հայաստանն իր արտաքին առեւտրի 65 %-ը կիրականացնի Թուրքիայի հետ»,- ասել է Դիարբեքիրի առեւտրի եւ արդյունաբերության պալատի ղեկավարը:

 

Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի գործարարները պետք է շարունակական աշխատանք տանեն երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ սկսելով առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումից: 

 

Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նեւին Իլն իր խոսքում նկատել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ է երրորդ երկրների մեղքով:

 

«Մենք պատմական աշխատանք ենք տանում՝ փորձելով պատմական խնդիրները լուծել առեւտրի միջոցով: Անցյալի վերքերը պետք է բուժել, հարաբերությունները պետք է կարգավորվեն: Սա մեր պատասխանատվությունն է սերնդների առջեւ»,- ասել է Նեւին Իլը:

 

Հայ եւ թուրք գործարար կանանց ֆորումը կազմակերպել են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության (EDMC) ծրագիրը  եւ «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ֆորումի նպատակը թուրք գործարար կանանց Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային եւ մաքսային համակարգին ծանոթացնել է: Ֆորումին մասնակցում են 25 հայ եւ 30 թուրք կին գործարարներ, ովքեր քննարկում են գործնական կապերի հաստատման հնարավորությունները:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին