Հայաստանը շարունակելու է հեռահար հարվածային զինատեսակների ձեռքբերումը - Mediamax.am

4596 դիտում

Հայաստանը շարունակելու է հեռահար հարվածային զինատեսակների ձեռքբերումը


Սեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն ասել է, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության շրջանակներում Հայաստանը շարունակելու է ձեռք բերել հեռահար հարվածային գերճշգրիտ միջոցներ:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ասել է, որ «հեռահար եւ գերճշգրիտ հարվածային միջոցների ձեռքբերման մասով Ռուսաստանի հետ առկա պայմանավորվածություններն ուժի մեջ են»:

 

«Մենք 2014 թ-ին վերջնականապես ավարտին կհասցնենք այդ միջոցների ձեռքբերման գործընթացը»,- ասել է նախարարը:

 

Սեյրան Օհանյանի խոսքերով, Ռուսաստանի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների եւ համագործակցության արդյունքում Հայաստանը բարձրացրել է տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւավորման մակարդակը:

 

«Ժամանակակից համատեղելի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, հեռահար եւ գերճշգրիտ միջոցներ գնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս կատարելագործել պաշտպանական զսպման մեր մեխանիզմները»,- նկատել է Սեյրան Օհանյանը:

 

Նա հավելել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման համաձայնագրի մշակման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին