Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «պատմական» է անվանել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Միացյալ Նահանգներ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման մեկնարկին Պենտագոնի ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական հարաբերությունները, որոնց մաս է կազմում երկարամյա գործընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ:
«Ձեր այցը պատմական է։ Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին, եւ ես հպարտ եմ ողջունել ձեզ այսօր այստեղ»,- նշել է Օսթինը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ինքնիշխան, անկախ ու բարգավաճ Հայաստանին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Մենք հարաբերությունները կառուցում ենք ամուր հիմքի վրա: Մեր զինծառայողները կողք կողքի ծառայել են Աֆղանստանում, եւ մենք շարունակում ենք միասին աշխատել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում: Սա մեր առաջին հանդիպումն է, եւ մեր օրակարգը հագեցած է։ Պատրաստ եմ ծանոթանալ հայկական զինված ուժերի ապագայի եւ Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների վերաբերյալ ձեր տեսլականին»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: