ՔԿ. ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում վարժեցվել են իշխանությունը զավթելու համար - Mediamax.am

3303 դիտում

ՔԿ. ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում վարժեցվել են իշխանությունը զավթելու համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Քննչական կոմիտեն այսօր հայտնել է, որ մի քանի Հայաստանի քաղաքացիներ եւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ «ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ»:

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

 

Մասնավորապես՝ նշված անձինք յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների:  

 

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել են այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ: Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել շենքի ներսում մարտ վարելու պարապմունքներ։

 

Նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

 

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս.Գ.-ն և Ա.Ե.-ն մեկնել են նրանց տեղակայման վայր և առաջացած դժգոհությունները վերացնելու և խմբի հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու, հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել դրանք Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը։ Սակայն հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, իսկ Ս.Գ.-ն ու հանցավոր խմբի մյուս անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Ձերբակալված անձանց ներկայացվել են մեղադրանքներ, միջնորդություններ են հարուցվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

 

Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբին այլ անդամների նույնականացման ուղղությամբ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին