Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Քլեր Մեյթրոն քննարկել են փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում լարվածության աճին:
Արտահայտելով իր մտահոգությունը քաղաքացիական անձանց կյանքի, առողջության եւ գույքի նկատմամբ առկա սպառնալիքների առնչությամբ՝ Քլեր Մեյթրոն պատրաստակամություն է հայտնել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ առավել խոցելի համայնքներից մեկում իրականացնել ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում եւ մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաեւ ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի եւ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:


















