Զոհված զինծառայողների ընտանիքները կապահովվեն բնակարանով - Mediamax.am

9129 դիտում

Զոհված զինծառայողների ընտանիքները կապահովվեն բնակարանով


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքները կապահովվեն բնակարանով:

Այս մասին նախագահը հայտարարել է Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի շրջանակում:

 

Նախագահի խոսքով՝ պաշտպանության նախարարին արդեն հանձնարարվել է անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

«Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի եւ այն վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչեւ 2019թ. ավարտը: Հանձնարարել եմ նաեւ անհապաղ ուսումնասիրել եւ լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նա ընդգծել է, որ այդ քայլը կնպաստի նաեւ հայրենասիրական դաստիարակությանը:

 

«Պատասխանատու է այն մարդը, ով ունի գոնե իր սեփական անկյունը: Այդ բնակարանում, այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, ովքեր տոգորվելու են այդ նույն սեփականատիրոջ զգացումով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահի խոսքով՝ գալիք մի քանի տարիները բարեփոխումների տեսանկյունից որոշիչ են լինելու:

 

«Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաեւ շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների եւ նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին