Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի նախագծած կայանքներն արդեն ծառայություն են իրականացնում Զինված ուժերի ստորաբաժանումներում՝ հակազդելով հակառակորդի անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ):
Ս.թ. ապրիլի 12-ին Մեդիամաքսը պատմել էր, որ Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը աշխատում է ԶՈՒ-ի համար հատուկ ռադիոտեղորոշիչ կայան մշակելու ուղղությամբ, որը կֆիքսի շփման գիծը կամ պետական սահմանը հատած ԱԹՍ-ները:
Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանը Մեդիամաքսին հայտնել է, որ այսօր արդեն կայանքները ծառայություն են իրականացնում ԶՈՒ ստորաբաժանումներում:
«Մեր ստեղծած լոկացիոն համակարգերը կարող են «տեսնել» եւ ուղեկցել հակառակորդի ԱԹՍ-ները` տալով դրանց գտնվելու եւ ընթացքի ճշգրիտ կոորդինատները մինչեւ 20 կմ հեռավորության վրա», - ասել է նա:
Մհեր Մարկոսյանի խոսքով` ինստիտուտի գիտական թիմը համագործակցում է մի քանի այլ ընկերությունների հետ եւ այդ համագործակցության արդյունքում շուտով կստեղծվեն նոր համակարգեր:
















