Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան նախագծերին:
Այս մասին նշվել է Վաշինգտոնում հուլիսի 29-ին կայացած հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում`ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի համանախագահությամբ:
Ամերիկյան կողմը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունն այն նախագծերին, որոնք ծառայեցվում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հիմնական նպատակներին՝ պաշտպանական բարեփոխումներին եւ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ խաղաղության եւ կայունության պահպանության գործողություններին մասնակցող փոխգործակցելի ստորաբաժանումների՝ խաղաղապահ բրիգադի, դաշտային հոսպիտալի եւ խաղաղապահ ինժեներական ստորաբաժանման կարողությունների զարգացմանը:
















