Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր խաղաղապահ զորախմբի թվաքանակը:
Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է մայիսի 26-ին՝ Բեյրութում Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպմանը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ հայ խաղաղապահների 32 հոգուց բաղկացած զորախումբը ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելության ներքո Լիբանան էր մեկնել 2014թ. նոյեմբերի 26-ին:
2014թ. դեկտեմբերի 4-ից Լիբանանի Շամա ռազմակայանն ամբողջությամբ գտնվում է հայ խաղաղապահների պահպանության ներքո:
Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը քննարկել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացման, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
ՀՀ ԱԳ ղեկավարը հանդիպել է նաեւ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ։
















