Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասել է, որ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»:
«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է: Մենք համոզված ենք, որ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու պատմական հնարավորությունը չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն եւ բարօրություն մեր տարածաշրջանում, այլեւ կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատեւ հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության եւ դիվանագիտության միջոցով»,- ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ ասել է Ռուբեն Ռուբինյանը:
Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ:
«Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:
















