Էրդողան-Փաշինյան հանդիպումը՝ հայկական եւ թուրքական աղբյուրներում - Mediamax.am

4009 դիտում

Էրդողան-Փաշինյան հանդիպումը՝ հայկական եւ թուրքական աղբյուրներում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Լուսանկարը` Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի «Թուրքական տանը» կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Նույն օրը Թուրքիայի նախագահը հանդիպել է նաեւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ այդ հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

 

«Թուրքական տունը» 36 հարկանի շենք է Մանհեթենում, որտեղ տեղակայված են Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում եւ այլ թուրքական դիվանագիտական գրասենյակներ:

 

Հանդիպման մասին ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

 

Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էրդողանն ասել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում ձեռք բերված «նշանակալի առաջընթացի» մասին:

 

Թուրքիայի նախագահն նաեւ նշել է, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ երկու երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը «նոր ժամանակաշրջանում»:

Լուսանկարը` Թուրքիայի նախագահի մամուլի ծառայություն

Էրդողանի մամուլի ծառայության տարածած լուսանկարը վկայում է, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրել է իր «Ավելի արդար աշխարհը հնարավոր է» գիրքը: Այն լույս է տեսել 2021 թվականին եւ նվիրված է ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման հիմնահարցերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին