Էրդողանը մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանի բացման հեռանկարը - Mediamax.am

1924 դիտում

Էրդողանը մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանի բացման հեռանկարը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ «եթե Հայաստանը վճռական մնա երկու երկրների հատուկ բանագնացների նախաձեռնած գործընթացն առաջ մղելու հարցում, ապա Թուրքիայի կողմից փակ սահմանները պահպանելու անհրաժեշտություն չի լինի»։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Կոնգո եւ Սենեգալ կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում։

 

Թուրքիայի նախագահն ասել է, որ Սենեգալում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը շոշափվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։

 

«Ես արդեն ասել եմ, որ Անկարան պատրաստ է փոխադարձ քայլեր ձեռնարկել ի պատասխան Հայաստանի ցանկացած դրական նախաձեռնության։ Այս տարածաշրջանը խաղաղության եւ կայունության կարիքն ունի, եւ այդ պատճառով թուրքական իշխանություններն անկեղծ քայլեր են ձեռնարկել՝ սկսելու կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը օգտակար է համարում նաեւ իմ եղբայր Իլհամը»,- ասել է Էրդողանը։

 

Խոսելով փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացների հանդիպման մասին՝ Թուրքիայի նախագահն ասել է.

 

«Մենք տեղեկացված ենք Հայաստանի մի շարք կոնկրետ ակնկալիքների մասին՝ կապված սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ Եթե Հայաստանը վճռական մնա հատուկ բանագնացների նախաձեռնած գործընթացն առաջ մղելու հարցում, ապա Թուրքիայի կողմից փակ սահմանները պահպանելու անհրաժեշտություն չի լինի։ Փետրվարի սկզբին վերսկսվեցին Ստամբուլ-Երեւան չվերթները։ Մենք ակնկալում ենք Երեւանից դրական մոտեցման պահպանում»։

 

Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների հարցը սերտորեն կապված է Անկարայի եւ Երևանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ։ «Բոլոր կողմերը պետք է օգտագործեն տարածաշրջանային համագործակցության պատմական հնարավորությունը։ Թուրքիան կշարունակի սերտորեն աշխատել Ադրբեջանի հետ այդ հարցերի շուրջ»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին