Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը “ամեն ինչ ճիշտ է արել” Թուրքիայի հարցում - Mediamax.am

10102 դիտում

Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը “ամեն ինչ ճիշտ է արել” Թուրքիայի հարցում


Լեւոն Տեր-Պետրոսյան
Լեւոն Տեր-Պետրոսյան

Լուսանկարը` www.mn.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը “ամեն ինչ ճիշտ է արել”` փորձելով կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հայաստանի առաջին նախագահն ասել է այս մասին “Մոսկովսկիե նովոստի” թերթին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, արդյոք ի՞նչը “այնպես չի արել” Սերժ Սարգսյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է.

 

 “Նա ամեն ինչ ճիշտ եւ նորմալ է արել: Այս թեման պետք է միշտ առկա լինի օրակարգում: Քանի որ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանի բացման Հայաստանը զարգացման հեռանկարներ չունի”:

 

Նախկին նախագահը նշել է, որ մինչեւ 1992 թվականը Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալ էին:

 

“Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Պատրաստ էր նույնիսկ արձանագրության նախագիծը, մնում էր լուծել մեկ-երկու խնդիր: Սկսվեցին Քելբաջարի կռիվները, եւ թուրքերը դադարեցրին գործընթացը, որպես համերաշխության նշան Ադրբեջանի հետ: Նրանք խզեցին այդ համաձայնագրերը եւ փակեցին սահմանները: Միգուցե դա մեզ դուր չի գալիս, բայց դա փաստ է. թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, մինչեւ չլուծվի Ղարաբաղյան խնդիրը: Լուծեք Ղարաբաղի խնդիրը` հաջորդ օրը Թուրքիայի հետ սահմանները կբացվեն”,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

ՀԱԿ-ի առաջնորդը նշել է, որ “մենք փորձում էինք ապացուցել թուրքերին, որ պետք չէ իրար կապել այս երկու խնդիրը”:

 

“Թուրքերը իսկապես սխալվեցին եւ դրանով վնասեցին Ադրբեջանին, այլ ոչ թե օգնեցին: Նրանք ադրբեջանցիներին վստահեցրին, որ Թուրքիան դաշնակից է, որ նրանց թիկունքին է, եւ ադրբեջանցիները կարող են ավելի անզիջում լինել Ղարաբաղյան խնդրում: Եվ, իսկապես, դա բերեց երկրորդ պատերազմի, երբ Ադրբեջանը կորցրեց հինգ շրջան: Թուրքայի մեղքը դրանում է. նա կարող էր ադրբեջանցիներին ավելի իրական բաներ վստահեցնել, համոզել ինչ-որ զիջումների գնալ”,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

“Չեմ կարծում, որ Թուրքիան ճիշտ դիրքորոշում է բռնել: Հակառակը` Հայաստանի հանդեպ իր դիրքորոշման հետեւանքով արգելակվում է Ղարաբաղյան խնդրի լուծումը: Եթե Թուրքիան բարելավեր Հայաստանի հետ հարաբերությունները, գուցե դա ավելի դրական կազդեր Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծմանը”, - հայտարարել է ՀԱԿ առաջնորդը:

 

Խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է.

 

“Մեր ժամանակ այս հարցը դրված չէր: Ոչ մենք, ոչ նրանք չենք շոշափել Ցեղասպանության խնդիրը. բանակցությունները նորմալ ընթանում էին:  Ռոբերտ Քոչարյանի անզգույշ քայլից հետո, երբ նա ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության հարցը, Թուրքիան հադես եկավ հակառակ առաջարկով. եթե դու բարձրացնում ես այս հարցը, արի ստեղծենք պատմաբանների հանձնաժողով, թող նրանք ուսումնասիրեն այս հարցը: Եվ Քոչարյանը ծուղակն ընկավ: Քոչարյանը գնաց, եւ Սերժ Սարգսյանն է մնում այդ ծուղակում: Մեր դիրքորոշումները Սերժ Սարգսյանի հետ` Թուրքայի հետ հարաբերությունների վերականգման  ուղղությամբ, այդ խնդրից բացի, լիովին համընկնում են: Նրանք հարաբերությունների վերսկսման արձանագրություններում ընդգրկել են պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետը: Մենք կտրականապես դեմ ենք այդ կետին: Հանձնաժողովի

ստեղծումը կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստը”:

Մեր ընտրանին