Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում Թուրքիան - Mediamax.am

Մարտ 07, 2026
exclusive
213 դիտում

Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում Թուրքիան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը
Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը
Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը
Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք պաշտոնաթող թուրք դիվանագետ, Ստամբուլի EDAM վերլուծական կենտրոնի ղեկավար եւ Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Սինան Յուլգենի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Սինան Յուլգեն 

 

Ցնցումների դարաշրջանում քաղաքական առաջնորդները պետք է կենսական որոշումներ կայացնեն ազգային շահերը պաշտպանելու համար։ Այդ որոշումները հաճախ ձեւավորվում են պատմական հիշողության ազդեցության ներքո։ Այդպես է Թուրքիայի դեպքում՝ երկիրն այսօր գնահատում է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի հնարավոր հետեւանքները։

 

Թուրքիան ու Իրանը դարեր շարունակ կիսում են տարածաշրջանային աշխարհաքաղաքության ընդհանուր ըմբռնումը։ Նրանց սահմանը Մերձավոր Արեւելքի ամենահին անընդհատ ճանաչված ընդհանուր սահմաններից մեկն է, իսկ երկու երկրների միջեւ խաղաղությունը 1639 թվականից ի վեր չի խաթարվել։

 

Սա, անշուշտ, չի նշանակում, որ նրանք դաշնակիցներ են։ Հատկապես 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո երկու երկրների շահերը բազմիցս սուր կերպով բախվել են, եւ նրանք պայքար են մղել տարածաշրջանային ազդեցության համար։ Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը միշտ անուղղակի է մնացել՝ ձգտելով տարածաշրջանային դինամիկան ծառայեցնել իրենց շահերին, նրանք հետեւողականորեն խուսափել են ուղիղ դիմակայունությունից:

Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS

Դա հատկապես ցայտուն դրսեւորվեց Սիրիայում։ Երբ 2011-ին Բաշար Ասադի վարչակարգի դեմ բողոքի ալիք բարձրացավ, Թուրքիան բացահայտորեն աջակցեց ռեժիմի տապալման կողմնակիցներին։ Իսկ Իրանը դարձավ Ասադի հենասյուներից մեկը՝ հնարավոր դարձնելով, որ վերջինս ավելի քան 10 տարի դիմանա քաղաքացիական պատերազմում։ Միայն 2022-ի վերջին՝ Իրանի արտաքին ազդեցության թուլացումից հետո, ընդդիմադիր ուժերին Թուրքիայի աջակցությամբ հաջողվեց կոտրել ռեժիմի դիմադրությունը եւ վերջնականապես տապալել Ասադների դինաստիան։

 

Այսօր Թուրքիան այնքան հաստատակամ է Իրանի հետ ուղղակի բախումից խուսափելու հարցում, որ հնարավորինս մեղմ արձագանքեց Իրանի բալիստիկ հրթիռներով հարվածին, որը, ենթադրաբար, կարող էր խոցել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազան, եթե չլինեին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը։ Էրդողանի կառավարությունը թերահավատ է Իրանում ռեժիմի փոփոխության հնարավորության նկատմամբ, հատկապես եթե այդ գործընթացը ղեկավարում են Միացյալ Նահանգները։ Եթե Բարաք Օբաման՝ ռազմավարական ողջամտությունն ու հաշվարկված մոտեցումն արժեւորող նախագահը, բավականաչափ կամք ու հետեւողականություն չունեցավ Սիրիայում ռեժիմ փոխելու համար, ինչպե՞ս կարող է Դոնալդ Թրամփի քաոտիկ վարչակազմը հաջողության հասնել Իրանում։

Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS

Ավելին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն կարողանա տապալել իրանական ռեժիմը, իշխանության կազմակերպված փոխանցումը չափազանց կասկածելի հեռանկար է թվում։ Թուրքիայի համար ամենամռայլ սցենարը Իրանի փլուզումն է։

 

Ինչ քաոս էլ Իրանում հրահրեն ԱՄՆ-ն ու Իսրայելը, Թուրքիան ստիպված կլինի կրել դրանց հետեւանքները, առաջին հերթին՝ գաղթականների հոսքը։ Այն լուրջ հարված կհասցնի թուրքական տնտեսությանը, որն այժմ ջանում է զսպել գնաճը։ 

 

Այս ռիսկերի գնահատումն էր, որ Թուրքիային դրդեց ձեռնամուխ լինել ընթացիկ հակամարտության կանխարգելմանը, ներառյալ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ բանակցություններին միջնորդ դառնալու առաջարկը։ Երբ այդ ջանքերը արդյունք չտվեցին, նախաձեռնությունն անցավ Օմանին, ապա՝ Շվեյցարիային։ Հիմա Թուրքիայի նպատակն է հնարավորինս արագ կանգնեցնել բռնությունը՝ նախքան իրանական ռեժիմի ամբողջական փլուզումը։

 

Սակայն Թուրքիայի շահերից բխում է նաեւ, որ հակամարտությունը չավարտվի իրանական ռեժիմի հաղթանակով։ Հաղթած Իսլամական Հանրապետությունն, անկասկած, ավելի մեծ թափ կհաղորդի իր հավակնություններին՝ դուրս կգա Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից եւ կարագացնի քայլերը միջուկային տերություն դառնալու ճանապարհին կամ առնվազն շեմային կարգավիճակ ձեռք բերելու համար։ Իսկ միջուկային Իրանը կփշրի տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը, որն այժմ ձեւավորվում է Թուրքիային ձեռնտու ուղղությամբ։

Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին ու Հաքան Ֆիդանը

Լուսանկարը` REUTERS

Ուստի Թուրքիայի համար նախընտրելի ելքը Իրանի հավակնությունների ու ներուժի կառավարելի թուլացումն է։ Կարեւոր օրինակ կարող է ծառայել Վենեսուելայի նախադեպը. Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելով՝ ԱՄՆ-ը  իշխանության ղեկը փոխանցեց ոչ թե ընդդիմությանը, այլ ռեժիմի ներկայացուցիչներից կազմված ճկուն կառավարիչներին:

 

Թուրքիան, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ջանքեր կնախաձեռնի Իրանի ներսում նման ճկուն առանցքային դերակատարներ հայտնաբերելու ուղղությամբ։ Ճիշտ պահին Թուրքիան կարող է փորձել կապ հաստատել նրանց եւ միջազգային խաղացողների միջեւ։

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

Copyright: Project Syndicate, 2026. 

www.project-syndicate.org 

 

 

 




Մեր ընտրանին