Ներկայացնում ենք National Catholic Register կայքում հրապարակված Trump Administration Urged to Act As Armenian Government Increases Pressure On Apostolic Church հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մադլեն Էլհաբալ
Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների աճի ֆոնին՝ մարդու իրավունքների միջազգային պաշտպանները կոչ են արել Դոնալդ Թրամփի վարչակազմին զգուշացնել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ավտորիտար գործելակերպից։
«Իրականությունն այն է, որ կառավարության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ ավելի քան մեկ տարի շարունակվող արշավը չի դադարում», - հայտարարել է դեսպան Ալբերտո Ֆերնանդեսը՝ փետրվարի 26-ին Կապիտոլիումում Ազգային պաշտպանության դաշինքի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։
Ֆերնանդեսը հատկապես ընդգծել է կաթողիկոսի երկրից մեկնելու արգելքը՝ մասնակցելու Ավստրիայում Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքին: Նա նշել է, որ դա «լուրջ ուշադրության արժանի» հանգամանք է։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականության հնարավոր հետեւանքներին։
Կաթողիկոսի մասնակցության սահմանափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ նախատեսված հանդիպումը, որը պետք է կայանար 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, հետաձգվել եւ, տեղական աղբյուրների համաձայն, ի վերջո տեղափոխվել էր արտերկիր՝ «հոգեւորականների նկատմամբ ճնշումների» պատճառով։
Ալբերտո ՖերնանդեսըԼուսանկարը` Madalaine Elhabbal/EWTN News / EWTN
Ֆերնանդեսը կոչ է արել Փաշինյանի կառավարությանը դադարեցնել եկեղեցու դեմ գործողությունները՝ ընդգծելով. «Չի կարելի միաժամանակ հայտարարել, թե ցանկանում ես լինել լիբերալ Արեւմուտքի մաս եւ ամերիկամետ, իսկ մյուս կողմից ընդօրինակել ավտորիտար ռեժիմների [Էրդողանի, Ասադի]՝ կրոնական կառույցների նկատմամբ կիրառվող մոտեցումները»: Նրա խոսքով՝ առկա է հիմնարար հակասություն, որը պահանջում է լուծում։
Նա նաեւ զգուշացրել է, որ եկեղեցու նկատմամբ «խեղդող մոտեցումը վտանգ է թե՛ ռեժիմի, թե՛ կառավարության համար»:
«Եկեղեցուն կամ կրոնական կառույցներին տրված ազատության եւ խոսքի ու խղճի այլ ազատությունների միջեւ կա հստակ, ուղղակի կապ: Ես չգիտեմ որեւէ դեպք, երբ ռեժիմը հետապնդել է կրոնական կառույցներին, ապա շրջվել եւ բաց ընդունել աշխարհիկ կամ քաղաքական քննադատությունը [կամ] հեգնանքը... դրանք փոխկապակցված են» - նշել է նա։
«Ռեժիմները, որոնք չեն հանդուրժում կրոնական առաջնորդների քննադատությունը, որպես կանոն չեն հանդուրժում նաեւ լրատվամիջոցների կամ քաղաքացիական հասարակության քննադատությունը», - հավելել է Ֆերնանդեսը։
Նիկոլ Փաշինյանը եւ Գարեգին Երկրորդը 2018թ. հունիսի 1-ինԼուսանկարը` ՀՀ կառավարություն
Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները կոչ է արել Թրամփի վարչակազմին «ցուցաբերել վճռականություն եւ համոզմունք՝ պաշտպանելով Հայ Առաքելական եկեղեցին հալածանքներից՝ ապահովելով աշխարհի առաջին քրիստոնյա ազգի գոյատեւումը»։
Այբները EWTN News-ին ասել է, որ Հայաստանը գտնվում է «շատ խոցելի իրավիճակում»՝ չնայած Թրամփի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությանը: Նա նշել է, որ ձեռք բերված համաձայնությունը «դեռ ավարտական փուլին չի հասել», եւ չնայած ընթացող «խաղաղության բանակցություններին», դրա իրագործումը մնում է շատ անորոշ։
Մոտեցող ընտրությունների համատեքստում Այբները նշել է, որ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես «խաղաղության մարդ»՝ ասելով. «Եթե իմ հետ չգաք, ապա պատերազմ կլինի»։ Այբների գնահատմամբ՝ այս ընկալումը մասամբ պայմանավորված է Փաշինյանի ներգրավմամբ Թրամփի կողմից աջակցվող խաղաղության նախաձեռնությամբ։
«Կան լուրջ քաղաքական խնդիրներ. ընդդիմադիր գործիչներ գտնվում են բանտերում։ Իմ համոզմամբ, Փաշինյանը վստահություն է զգում, քանի որ ստացել է Վենսի աջակցությունն իր վերընտրման հարցում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն նրա կողքին է», - ասել է Այբները։
«Եվրամիությունը ֆինանսական միջոցներ է ուղղում ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարի անվան տակ, ինչը, իրականում, քարոզարշավի աջակցության համար է», - ասել է նա, հավելելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են «սպառնալ ռազմական էսկալացիայով» եւ «Փաշինյանին իրենց մարդն են համարում»։
Նիկոլ Փաշինյանը եւ Գարեգին Երկրորդը 2018թ. հունիսի 1-ինԼուսանկարը` ՀՀ կառավարություն
«Նա իրեն ներկայացնում է որպես խաղաղության միակ այլընտրանք կամ միակ հնարավորություն, եւ սա արձագանք է գտնում նաեւ հայ հանրության շրջանում։ Մի կողմից, նրանք ցանկանում են պահպանել իրենց ազգային ավանդույթները, եկեղեցին, սահմանները, մյուս կողմից, նրանց սպառնում են պատերազմով», - նշել է Այբները։
Վերջում նա հավելել է. «Միացյալ Նահանգների եւ Հայաստանի համար իրական հարցն այն է, թե արդյոք կան երաշխիքներ, որ ժամանակին ստորագրված ցանկացած փաստաթուղթ կյանքի կկոչվի»։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















