Նրեկայացնում ենք Turkey puts journalist on trial over article on Armenian genocide հոդվածի հայերեն թարգմանությունը:
Bianet լրատվական կայքի խմբագիր, լրագրող Թուղչե Յիլմազը այս շաբաթ ներկայացել էր Ստամբուլի դատարան՝ «թուրք ազգին եւ Թուրքիայի Հանրապետությանը վիրավորելու» մեղադրանքով իր դեմ հարուցված դատական գործընթացին մասնակցելու համար:
Պատճառը Յիլմազի հոդվածն է, որի մեջ ներառված էին հարցազրույցներ հայ երիտասարդների հետ, որոնք Օսմանյան կայսրության վերջին օրերին հայերի զանգվածային սպանությունները անվանել էին ցեղասպանություն։
«Թուրքիայի հայ երիտասարդությունը խոսում է. Սուգ, որը տեւում է 109 տարի» հոդվածը հրապարակվել էր 2024 թվականի ապրիլի 24-ին: Դատարան էր դիմել Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության կենտրոնը (CİMER):
Ստամբուլի երկրորդ քրեական դատարանում կայացած առաջին նիստին ներկա էր դիտորդների մեծ խումբ, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանի» (RSF), «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ), «Մեդիայի եւ իրավունքի ուսումնասիրությունների ասոցիացիայի» (MLSA) եւ «Թուրքիայի լրագրողների միության» (TGS) ներկայացուցիչներ: Հաջորդ նիստը նշանակված է 2026 թվականի ապրիլի 21-ին:
Դիմելով դատարանին, Թուղչե Յիլմազն ասել է, որ իր կարծիքով բողոքը ներկայացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կողմնակալ տեսակետ ունեցող մեկի կողմից եւ զգուշացրել, որ իր հանդեպ քրեական հետապնում սկսելը Հայաստանի հետ երկխոսության այս ժամանակահատվածում վախեցնող ուղերձ է մամուլին։
Նրա փաստաբանները պնդել են, որ CİMER-ի բողոքը իրավական հիմքեր չուներ եւ գործը որակել են որպես հետապնդում լրագրողի նկատմամբ: Հղում անելով Թուրքիայի Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ փաստաբանները նշել են, որ Հայոց ցեղասպանության հիշատակումները խոսքի ազատության ապահովման մաս են կազմում:
Մի քանի տարի առաջ թուրքական դատարանները որոշում էին ընդունել, որ «հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը գտնվում է խոսքի ազատության շրջանակի ներքո։ Մասնավորապես, 2024 թվականի հուլիսի 2-ին արդարացվել էին լրագրողներ Հալուկ Քալաֆաթը եւ Էլիֆ Ակգյուլը, որոնք Bianet-ում 2015-2019 թվականներին հրապարակել էին վեց հոդված, որոնց մեջ հիշատակվում էր Հայոց Ցեղասպանությունը:
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: