Ներկայացնում ենք Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, վերլուծաբան Թոմաս դե Վաալի Armenia's Election Is a Foreign Affair հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թոմաս դե Վաալ
Մոլդովայից հետո հերթը Հայաստանինն է։ Եվս մեկ կարեւորագույն ընտրություն է մոտենում հետխորհրդային երկրում, եւ այն կլինի հանրաքվե նրա ապագա աշխարհաքաղաքական հետագծի վերաբերյալ։ Արտաքին ուժերը կրկին կարեւոր դեր կունենան արդյունքի ձեւավորման գործում։ Չնայած Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարվա հունիսին, քարոզարշավն արդեն սկսվել է եւ խոստանում է կատաղի լինել։
Մարտական գծերը կառուցված են ազգային նախագծի շուրջ, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդարձնի իր քարոզարշավի հիմնական շարժիչ ուժը՝ «Իրական Հայաստան» կարգախոսի ներքո։ Այն նշանակում է վերաբացել երկրի սահմանները, նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից եւ դիվերսիֆիկացնել արտաքին եւ տնտեսական դիրքը՝ կարգավորելով հարաբերությունները ավանդական հակառակորդների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ 2025 թվականի օգոստոսին Փաշինյանը գրանցեց այս օրակարգի առաջին մեծ հաջողությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցնելով շրջանակային գործարքը Ադրբեջանի հետ։
«Իրական Հայաստան» նախագիծը, որը վարչապետը հակադրում է իր հակառակորդների «Պատմական Հայաստանի» երազանքին՝ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներով, ծնվել է ինչպես իրական քաջությունից, այնպես էլ քաղաքական անհրաժեշտությունից։ Երեւանը տապալվել է 2020 եւ 2023 թվականներին կրած երկու ջախջախիչ ռազմական պարտություններից հետո, որոնց արդյունքում Ադրբեջանը ամբողջությամբ գրավեց Լեռնային Ղարաբաղը։
2018 թվականին ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության գալուց ի վեր Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է, բայց ընդդիմությունը նույնպես շատ թույլ է։ Ահա թե ինչու երկրի սահմաններից դուրս գտնվող երկու ուժեր, որոնք երկու տասնամյակ շարունակ զգալի ազդեցություն են ունեցել, այժմ հանդես են եկել նրա դեմ. հայկական սփյուռքի ազգայնական թեւը, հատկապես՝ Միացյալ Նահանգներում, եւ Ռուսաստանը։
Վերջերս ամերիկացի աջակողմյան մեկնաբան Թաքեր Քարլսոնը զրուցեց ընդդիմության նոր հնարավոր թեկնածուի հետ։ Իր կրեմլամետ հայացքներով եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտնի մեղմ հարցազրույցը վարած անվանի մեկնաբանը հյուրընկալել էր ծագումով հայ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկ Նարեկ Կարապետյանին։ Սամվել Կարապետյանը պատկանում է ռուսական վերնախավին, իսկ 2018 թվականին Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր 5.3 միլիարդ դոլար։ Այժմ նա բանտում է վարչապետին պաշտոնանկ անելու ենթադրյալ դավադրության համար, որին աջակցել են իրենց ռուսամետությամբ հայտնի Հայ Առաքելական եկեղեցու անդամները։
Հարցազրույցում կրտսեր Կարապետյանը ողջունեց Քարլսոնի առաջարկը՝ քննադատելու Փաշինյանին՝ մեղադրելով նրան «քրիստոնեության դեմ պատերազմ» հայտարարելու եւ Հայաստանում «ԼԳԲՏ օրակարգ» սերմանելու փորձերի մեջ։ Նրա խոսքով՝ հորեղբայրը բանտարկվել է ոչ թե Մոսկվայի հետ կապերի, այլ եկեղեցին պաշտպանելու համար։ Կարապետյանը հավելեց, որ կառավարությունը իր քաղաքացիներին հորդորում է «մոռանալ պատմությունը»՝ երկիրը վաճառելով Թուրքիային եւ դավաճանելով Լեռնային Ղարաբաղի հայերին։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Քննարկումը ոչ միայն համահունչ էր Քարլսոնի ծայրահեղ աջ քրիստոնեական օրակարգին, այլեւ ուղերձին, որը Մոսկվան տարածում է Արեւելյան Եվրոպայում, այն է՝ անկումային Արեւմուտքը ձգտում է քաոս սերմանել եւ ոչնչացնել ավանդական կրոնական արժեքները։
Սակայն Ռուսաստանի դիրքերը Հայաստանում կտրուկ անկում են ապրել վերջին հինգ տարիների ընթացքում, եւ «Իրական Հայաստան» նախագիծը դեռեւս ավելի լավ արձագանք է գտնում հանրության շրջանում, քան դրա այլընտրանքը։ Հունիսին՝ Թրամփի հետ դրական հանդիպումից առաջ, Միջազգային Հանրապետության ինստիտուտի կողմից հրապարակված հասարակական կարծիքի հարցումը ցույց տվեց, որ հայերի 47 տոկոսը կողմ է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 40 տոկոսը՝ դեմ։
Սա լավ լուր է նրանց համար, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից եւ Ադրբեջանի հետ հակամարտության շրջապտույտից։
Սակայն Փաշինյանը դեռեւս խոցելի է։ Իր գաղափարները ներկայացնելու անփույթ ձեւի պատճառով (երկար մենախոսություններ առանց երկխոսության) նա աջակիցներ է կորցնում։ Ավելին, արդյունքները միայն նրա ձեռքում չեն։ Ձայներ շահելու համար նա պետք է առաջընթացի հստակ նշաններ ցույց տա Հայաստանի արտաքին հարաբերությունների երեք հիմնական մարտահրավերների՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հետ կապված խնդիրների լուծման գործում։
Սպիտակ տանը ի մի բերված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է, բայց չի ստորագրվել։ Գործարքն ավարտելու համար Բաքուն ունի եւս մեկ դժվարին պահանջ. Երեւանը պետք է վերանայի իր սահմանադրությունը, որն անուղղակիորեն հղում է պարունակում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միությանը։
Դա կպահանջի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե, որը կանցկացվի խորհրդարանական ընտրություններից անջատ։ Սա հեշտ խնդիր չէ, ինչպես ցույց է տալիս Մոլդովայի իշխող կուսակցության կողմից եվրոպական ինտեգրման վերաբերյալ արտահերթ հանրաքվեում ձեռք բերված աննշան մեծամասնությունը։
Երկրորդ հարցը՝ սահմանը բացելու եւ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի պատրաստակամությունը, կարեւոր է Հայաստանին իր ներկա աշխարհաքաղաքական կապանքներից ազատելու համար։ Սակայն Անկարան դեռեւս զգուշորեն է շարժվում այս ուղղությամբ՝ հարգելով իր դաշնակից Ադրբեջանը, թեեւ երկրի ներսում եւ դրսում վերլուծաբանների մեծ մասը պնդում է, որ Թուրքիայի ռազմավարական շահերից է բխում գործել հիմա, քանի դեռ հնարավորություն կա եւ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով։
Երկրորդ նախագիծը՝ օգոստոսին ստորագրված «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին» (TRIPP), հիմնականում կախված է Վաշինգտոնից, որը նախատեսում է համատեղ վերակառուցել Հայաստանի միջով անցնող երկաթգիծը, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի հետ։ Հաջողությամբ ավարտվելու դեպքում այն կապահովի երկու երկրների միջեւ տնտեսական փոխկախվածությունը, կվերացնի պատերազմի սպառնալիքը եւ կվերաինտեգրի ինչպես Նախիջեւանն, այնպես էլ Հայաստանը։ Եվրամիությունը, որն ուշադրության կենտրոնում չէ, նույնպես կարեւոր գործընկեր է այս նոր տարածաշրջանային օրակարգում։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ե՛վ Երեւանը, եւ՛ Վաշինգտոնը ցանկանում են տեսնել ծրագրի շոշափելի արդյունքները մինչեւ հաջորդ տարվա ամռանը կայանալիք հայկական ընտրությունները եւ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը 2028 թվականին։ Բայց առջեւում մեծ տեխնիկական մարտահրավերներ կան։ Երեւանը կարճ ժամանակահատվածում խոշոր ենթակառուցվածքային նախագծեր պլանավորելու եւ ավարտելու ռեսուրսներ չունի։ Վաշինգտոնն ունի ղեկավարություն եւ գաղափարներ, բայց ԱՄՆ թիմը դեռեւս փոքր է: Այդ պատճառով TRIPP-ը արտաքին քաղաքականության այն հարցերից է, որտեղ ԱՄՆ պաշտոնյաները ողջունում են համագործակցությունը ԵՄ-ի եւ այլոց հետ։
Հայաստանում երկարաժամկետ պետական կարողությունների բացակայությունը նույնպես մարտահրավեր է ԵՄ-ի համար, որը փորձում է նոր հարաբերություններ կառուցել: Դա փոխելու համար անհրաժեշտ է զգալի ֆինանսավորում, ինչպես նաեւ մտածելակերպի փոփոխություն Փաշինյանի կառավարությունում. ընդամենը մի քանի տարի առաջ նախկին հեղափոխական վարչապետը դեռեւս ամեն ինչից վեր գնահատում է հավատարմությունը եւ երկիրը կառավարելու հույսը դնում մարդկանց փոքր խմբի վրա։
Սակայն այդ հարցը, ինչպես նաեւ շատ այլ համակարգային խնդիրներ, քննարկման թեմա է ընտրություններից հետո: Մինչ այդ, Հայաստանի ապագան հարցականի տակ է։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: