Ժողովրդավարության «փարոսներն» այլեւս Եվրոպայում չեն - Mediamax.am

Հոկտեմբեր 08, 2025
exclusive
84 դիտում

Ժողովրդավարության «փարոսներն» այլեւս Եվրոպայում չեն


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան դպրոցի պրոֆեսոր Դանի Ռոդրիկի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Դանի Ռոդրիկ 

 

Ես մեծացել եմ Ստամբուլում եւ բախտ եմ ունեցել պատկանել այն սերնդին, որի օրինակելի մոդելները ժողովրդավարական պետություններն էին։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Շվեդիան ոգեշնչում էին մեր ձգտումները դեպի բարգավաճում եւ ժողովրդավարություն։ Այդ երկրների փորձը ցույց էր տալիս, որ տնտեսական աճը, սոցիալական արդարությունը եւ քաղաքական ազատությունը ոչ միայն համատեղելի են, այլեւ լրացնում են միմյանց։

 

Որտե՞ղ կարող այսօրվա երիտասարդությունը նմանատիպ ոգեշնչող մոդելներ փնտրել։ Մի ժամանակ թվում էր, թե լիբերալ ժողովրդավարությունը դատապարտված է ապագայի ալիք դառնալ։ Սակայն այսօր ժողովրդավարական նահանջը համաշխարհային երեւույթ է դարձել, իսկ Դոնալդ Թրամփի Ամերիկան դրա ամենացայտուն օրինակն է։ 2010-ական թվականներից ի վեր «ընտրական ավտոկրատիաները» կառավարման գերիշխող ձեւ են դարձել ամբողջ աշխարհում։ Լիբերալ ժողովրդավարության երկրների բնակչությունը գրեթե 220 միլիոնով պակաս է, քան 2012 թվականին։

Լուսանկարը` REUTERS

«Ընտրական ժողովրդավարությունները»՝ ռեժիմի այն ձեւը, որը հարթում է լիբերալ ժողովրդավարության ճանապարհը, նույնպես կորցրել են իրենց դիրքերը. այսօր դրանք 1.2 միլիարդով պակաս բնակչություն ունեն, քան 2012 թվականին։ Այս ռեժիմները փոխարինվել են ընտրական կամ պարզապես ավտոկրատիաներով, որոնք այժմ կառավարում են 5.8 միլիարդ մարդու (2.4 միլիարդով ավելի, քան 2012 թվականին)։

 

Եվրոպան այլեւս ժողովրդավարության փարոս չէ: ԵՄ-ն կարեւոր դեր է խաղացել Արեւելյան Եվրոպայի երկրներում անցման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում. Չեխիան եւ Էստոնիան այժմ առաջատար դիրքեր են զբաղեցնում համաշխարհային լիբերալ ժողովրդավարությունների շարքում: Սակայն շատ այլ երկրներ (հատկապես Լեհաստանը, Հունգարիան եւ Սլովակիան) զգալի հետընթաց են ապրել, եւ ԵՄ-ն անզոր դիմակայել դրան։

 

Եվրոպայի առաջատար երկրները կարող են իրավացիորեն նշել, որ իրենց ժողովրդավարությանը այնքան լուրջ վնաս չի կրել, որքան Ամերիկայում: Սակայն Եվրոպան չի ցուցաբերում ո՛չ տնտեսական ուժ, ո՛չ էլ քաղաքական համախմբվածություն: Նրա ինքնավստահությունը ակնհայտորեն գտնվում է հատակին՝ դա են վկայում ԵՄ զիջումները Թրամփին։

 

Եվրոպացի առաջնորդները հույս ունեին, որ ինտեգրացիան կբարձրացնի իրենց տարածաշրջանի ուժն ու ազդեցությունը համաշխարհային ասպարեզում: Իրականում ԵՄ-ն, կարծես, վերածվել է ընդմիշտ կաթվածահար տան՝ կես ճանապարհին: Դրա ինստիտուտներն ու ընթացակարգերը թույլ չեն տալիս անդամ երկրներին համարձակորեն ինքնուրույն գործել, բայց միեւնույն ժամանակ նրանք անկարող են ձեւակերպել եւ կյանքի կոչել հավաքական հայեցակարգեր:

 

Ժողովրդավարության դրական օրինակներ գտնելու համար արժե նայել անսպասելի երկրներին։ Օրինակ՝ Բրազիլիան եւ Հարավային Աֆրիկան. նրանք վերջերս գտնվում էին ավտորիտարիզմի եզրին, բայց հետագայում հետ քաշվեցին դրանից։

Լուսանկարը` REUTERS

Հարավային Աֆրիկայում Ջեյքոբ Զումայի նախագահությունը (2009-2018թթ.) բնութագրվում էր ավտորիտար պոպուլիզմով եւ լայնորեն տարածված կոռուպցիայով։ Բրազիլիայում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հրաժարվել էր ընդունել պարտությունը 2022 թվականի ընտրություններում եւ ծրագրել էր ռազմական հեղաշրջում (եւ իր մրցակցի սպանություն) իրականացնել։ Սակայն երկու դեպքում էլ իշխանության եկան ամուր ժողովրդավարական հեղինակություն ունեցող առաջնորդներ՝ Սիրիլ Ռամաֆոսան Հարավային Աֆրիկայում եւ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Բրազիլիայում։

 

Ի՞նչն է այս հաջողությունները աննախադեպ դարձնում։ Դրանք ձեռք են բերվել այնպիսի պայմաններում, որոնք քաղաքագետները հատկապես անբարենպաստ են համարում ժողովրդավարության համար։ Հարավային Աֆրիկան եւ Բրազիլիան հայտնի են ոչ միայն խորը էթնիկական հակասություններով։ Դրանք այն երկրներն են, որոնց անհավասարության մակարդակը աշխարհում ամենաբարձրներից է։ Արիստոտելի ժամանակներից ի վեր փիլիսոփաները պնդում են, որ հարուստների եւ աղքատների միջեւ մեծ ճեղքվածքի բացակայությունը կայուն ժողովրդավարության նախապայման է։ Բրազիլիայի եւ Հարավային Աֆրիկայի փորձը ցույց է տալիս, որ պատկերն ավելի բարդ է, ինչը հույս է տալիս ժողովրդավարության կողմնակիցներին։

 

Եվրոպայի սահմաններից դուրս ամենահաջողակ ժողովրդավարությունների շարքում փոքր երկրներն են՝ Թայվանը, Ուրուգվայը, Կոստա Ռիկան, Մավրիկիոսը եւ Բոտսվանան բարձր միավորներ են ստացել Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության վարկանիշում։

Լուսանկարը` REUTERS

Հնարավոր է, որ ժողովրդավարության կրակը վառ պահելու մեր հույսերը պետք է կապել այս անսպասելի օրինակների հետ։ Ինչպես եւ բոլորը, ժողովրդավարությունները եւս օրինակելի մոդելների կարիք ունեն։ Չնայած ավանդական օրինակները կորցրել են իրենց արդիականությունը, դեռեւս կան երկրներ, որոնք կարող են ոգեշնչել ժողովրդավարության կողմնակիցներին։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

Project Syndicate, 2025

www.project-syndicate.org 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին