Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես գլուխկոտրուկների ամբողջություն - Mediamax.am

1927 դիտում

Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես գլուխկոտրուկների ամբողջություն


Լուսանկարը` Sergey Pronin

Լուսանկարը` Ջոն Սթիդման

Լուսանկարը` Սայմոն Քոնվեյ


Ներկայացնում ենք ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող է, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի Карабахский вопрос как совокупность головоломок հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Սերգեյ Մարկեդոնով

 

Ղարաբաղյան խնդիրը մի տասնամյակ չէ, որ գոյություն ունի: Դրա պատմության մեջ եղել են եւ՛ սրացումներ, եւ՛ լարվածության թուլացում, իսկ ստատուս քվոն առնվազն երեք անգամ փոխվել է: Բայց քանի որ հակամարտող կողմերը փոխզիջումների գնալու պատրաստակամություն չէին ցուցաբերում՝ ուժը  համարելով հարցի լուծման օպտիմալ միջոց, խնդրին ժամանակ առ ժամանակ արտաքին խաղացողներ էին միջամտում եւ երբեմն նույնիսկ «սառեցնում» էին հակամարտությունը, թեեւ չէին շարժվում դրա լուծման ուղղությամբ։ Բայց այսօր «համաշխարհային հանրությունը»՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի եւ Իրանի, Անդրկովկասում աշխարհաքաղաքական հրդեհի մարման միասնական բանաձեւ չունի։ Իսկ դա միայն խորացնում է առանց այն էլ բարդ իրավիճակը։

 

Ղարաբաղի հարցն այժմ գլուխկոտրուկների ամբողջություն է, այն էլ այնպիսի ամբողջություն, որ առանց մի գլուխկոտրուկ լուծելու հնարավոր չէ լուծել մյուսները, այլապես կարգավորումը նորից ու նորից կհետաձգվի, իսկ լարվածության թուլացմանը կհետեւեն նոր սրացումներ՝ ավելի բարձր խաղադրույքներով:

 

Հայաստան-Ադրբեջան. անհետացող խաղաղություն

 

Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի 2023 թվականը, հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ այն կմնա կարեւոր նշաձող, քանի որ այս տարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Հայաստանի կառավարության ղեկավարը նախկինում էլ հասկացրել էր, որ պատրաստ է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա հարեւան երկրի հետ խաղաղություն կնքել։ Բայց ղարաբաղյան հողերի պատկանելիության մասին Հայաստանի ոչ մի ղեկավար երկրի ողջ հետխորհրդային պատմության ընթացքում այսքան հստակ չի խոսել, որքան 2023-ի մայիսին։ Այո՛, եղել են փոխզիջման կոչեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Բայց դրանց համար նա վճարեց հրաժարականով եւ քաղաքական կարիերայով:

 

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք եղել է տարբեր փոխընդունելի բանաձեւերի որոնում, եւ Հայաստանի ղեկավարությունը, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ անցանկալի զիջումները։ Բայց այս ամենը չէր հրապարակվում ու մնում էր դիվանագիտական կուլուարներում։

 

Թվում է՝ Փաշինյանն ընդունեց ակնհայտ փաստը. Հայաստանը ծանր ռազմական պարտություն է կրել, հաշտվել այսպես կոչված «անվտանգության գոտու» կորստի հետ եւ կողմ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում «իջեցնել պահանջների նշաձողը»։ Միեւնույն ժամանակ, Երեւանը ուժ չունի ռազմաքաղաքական ռեւանշի համար, ինչը բազմիցս խոստովանել են անգամ Փաշինյանի «կապիտուլյանտական քաղաքականության» ջերմեռանդ քննադատները։ Իսկ միջազգային հանրությունը լավագույն դեպքում մտահոգված է Ղարաբաղի հայերի մարդասիրական իրավունքների ու անվտանգության երաշխիքներով, սակայն պատրաստ չէ պայքարել չճանաչված հանրապետության հատուկ կարգավիճակի համար։

 

Ինչո՞ւ Բաքվին չընդունել այս «փոխանցումը» եւ խաղն ավարտել դրական նոտայով: Խնդիրը քաղաքական նրբերանգներն են: Ճանաչելով Ղարաբաղի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը փորձեց ձեռքը գցել փրփուրին՝ առաջ քաշելով վիճելի տարածաշրջանում հայ բնակչության համար միջազգային երաշխիքների գաղափարը։ Ըստ էության, սա ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակ, մինչդեռ Բաքուն ցանկանում է անվերապահ վերահսկողություն ունենալ տարածքի նկատմամբ։

Լուսանկարը` Սայմոն Քոնվեյ

Կովկասում կարող է նոր փոթորիկ սկսվել այն պատճառով, որ երեք տարի առաջ տեղի ունեցած պատերազմը բոլոր կողմերին անվիճելի, ակնհայտ արդյունք չտվեց։ ԼՂՀ-ն պահպանվել է, թեկուզ եւ կրճատված տեսքով։ Քաղաքական գործիչները վիճում են Ղարաբաղի գոյության հեռանկարների մասին, իսկ որոշ «բազեներ», ինչպես օրինակ Սամվել Բաբայանը (1990-ականներին՝ ԼՂՀ բանակի հրամանատար ու պաշտպանության նախարարը), Բաքվի հետ բովանդակալից բանակցություններ են առաջարկում։ Բայց Ադրբեջանի իշխանությունները դա չեն ցանկանում։ Նրանց այնքան էլ չեն հետաքրքրում չճանաչված հանրապետության ներքաղաքական վերադասավորումները։ Ինչպես իրավացիորեն նշում է բրիտանացի կովկասագետ Թոմաս դե Վաալը, «Բաքուն զգուշացնում է. Ղարաբաղի հայերը պետք է հաշտվեն Ադրբեջանի պետական համակարգին լիարժեք ինտեգրվելու հետ, նրանց տարածքային ինքնավարության մասին խոսք լինել չի կարող»։ «[Ղարաբաղի հայերի համար] միակ ճանապարհը երկխոսությունն է եւ Ադրբեջանի կազմում իրենց ապագայի քննարկումը։ Այլ ուղի պարզապես չկա, քանի որ մնացած ամեն ինչ անօրինական է։ Սա է մեր կարմիր գիծը»,- ասում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

 

Նման խիստ պահանջները, սակայն, պայմանավորված են ոչ միայն Հայաստանի թուլությամբ եւ Ադրբեջանի՝ անցյալի նվաստացումների ու պարտությունների համար հոգեբանական փոխհատուցման հասնելու ցանկությամբ։ Բաքուն գիտի, որ իր հետ լավ հարաբերություններ պետք են այժմ թե՛ Ռուսաստանին, թե՛ Արեւմուտքին, թե՛ Իրանին, էլ չասած Թուրքիայի մասին։ Աշխարհի հզորները չեն ցանկանում գժտվել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ թեեւ տարբեր պատճառներով։ Միեւնույն ժամանակ Իլհամ Ալիեւը չի ձգտում նոր Միխայիլ Սահակաշվիլի դառնալ. նա չի պատրաստվում բախման գնալ ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ էլ Բրյուսելի հետ: Ադրբեջանի նախագահը զգուշորեն, բայց հետեւողականորեն հետ է մղում «կարմիր գծերը»՝ դիվանագիտական նախաձեռնությունները համատեղելով ուժային ճնշման հետ։ Եվ առայժմ այս մարտավարությունը ցանկալի արդյունք է տալիս։ Ղարաբաղի կարգավիճակն այլեւս բանակցային սեղանին չէ, այս հարցի մասին հանրաքվեն մոռացվել է, բայց աստիճանաբար շրջանառության մեջ է դրվել տարածքային ամբողջականության թեման... Հայաստանի առումով։ Այստեղ-այնտեղ վիճում են Զանգեզուրի, «Արեւմտյան Ադրբեջանի» մասին։ Նկատենք, որ այս ուղղությամբ չլուծված խնդիրներն ավելի քիչ չեն, քան ղարաբաղյան հարցում։

 

Միջազգային համատեքստ. նոր մարտահրավերներ

 

«Պարադոքսն այն է, որ չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակտիվ դիվանագիտական շփումներին՝ լարվածությունը Ղարաբաղի շուրջ աճում է»,- ասում է Թոմաս դե Վաալը։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիեւը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարները, խորհրդականներն ու դիվանագետները ավելի ու ավելի ինտենսիվ են շփվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության գործընկերների հետ։ Այնուամենայնիվ, եթե ուշադիր նայեք իրավիճակին, ապա դրա պարադոքսալ բնույթը հեշտությամբ բացատրելի է դառնում:

 

«2020 թվականից հետո Կովկասում նոր ստատուս քվո է հաստատվել» թեզը արդեն վաղուց ծեծված է։ Բայց մի նրբություն կա. այս ստատուս քվոն բաժանվում է երկու շրջանի։ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները մինչեւ Ուկրաինայի հատուկ ռազմական գործողության սկիզբը հակադրությունների դիալեկտիկական միասնություն էին՝ առճակատում եւ համագործակցություն: «Նորմանդական քառյակի», մերձդնեստրյան «5+2»-ի, Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների եռյակի ձեւաչափերը վկայում էին. մենք ընդհանուր շահեր չունենք, բայց կա ռիսկերը զսպելու պատրաստակամություն։ Այս ֆոնին աչքի էին ընկնում ղարաբաղյան բանակցությունները։ 2020-ին Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, պատրաստ էր այս հարցում որոշ չափով ճանաչել Ռուսաստանի առաջնությունը՝ թե՛ ավելորդ պարտավորություններով չծանրաբեռնվելու, թե՛ Մոսկվային սխալներ անել թույլ տալու, թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունները բարդացնելու, թե՛ կամակոր Անկարային կովկասյան տարածաշրջանում հզորանալը կասեցնելու համար։

 

Բայց 2022 թվականը արմատապես փոխեց իրավիճակը ոչ միայն Ուկրաինայում եւ նրա շուրջ։ Արեւմուտքը դադարեց Ռուսաստանին Անդրկովկասում տեսնել որպես գործընկեր (թեկուզ եւ մրցակցող)։ Այժմ Արեւմուտքը փորձում է վարկաբեկել Կրեմլի գործողությունները՝ եւ՛ որպես խաղաղարարի, եւ՛ որպես Հայաստանի դաշնակցի, եւ՛ որպես Ադրբեջանի գործընկերոջ։ Այդ գործին մեծապես նպաստում է այն, որ Մոսկվան, ուժերը կենտրոնացնելով Ուկրաինայում, երկրորդ հերթին է միայն նայում դեպի Կովկաս։ Համատեքստը հարմար է, որպեսզի նրանք, ովքեր հույս ունեին, որ Ռուսաստանը տարածաշրջանում երկարաժամկետ ստատուս քվո կապահովի, սկսեն կասկածել, որ նա անփոխարինելի գործընկեր է։

 

Ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները պատրաստակամորեն օգտվում են Մոսկվայի եւ Երեւանի միջեւ երկխոսության դժվարություններից։ Կրկին գործում է Ռուսաստանում եւ Հայաստանում իրավիճակի ընկալման անհամաչափությունը։ Ինչի՞ց է վախենում Մոսկվան. Ռուսաստանը հայկական իրավիճակը դիտարկում է ոչ թե ինքնուրույն, այլ Արեւմուտքի հետ գլոբալ առճակատման համատեքստում։ Այլ կերպ ասած՝ նրա համար առաջին հերթին կարեւոր է, որ Հայաստանը չգնա Վրաստանի հետքերով եւ չանցնի թշնամական ճամբար։ Եթե դա պատահի, Անդրկովկասը կդառնա միատարր տարածք, որը ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները ամբողջությամբ կձեւավորեն իրենց ցանկությամբ։ Այստեղից էլ զգացմունքային, երբեմն նաեւ անզուսպ արձագանքը հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին։

 

Ինչի՞ց է վախենում Երեւանը: Թեեւ հայ քաղաքական գործիչները եւ հասարակությունն այլեւս չեն դիտարկում Ղարաբաղը որպես պետականինքնության հիմնական տարր, դրա կորուստը դեռեւս սարսափեցնում է։ Եվ ոչ միայն որպես պարտության ակնհայտ վկայություն, այլ նաեւ որպես բուն Հայաստանի տարածքի կրճատման տանող ուղու ելակետ։ Դրան հակազդելու համար Հայաստանը սեփական ուժեր չունի, իսկ Ռուսաստանից սպասում է ավելին, քան նա կարող է տալ այսօր՝ «այստեղ եւ հիմա»։ Չհասնելով իրենց ուզածին՝ եւ՛ վերնախավը, եւ՛ հայ հասարակության մի մասը վրդովված է, հապճեպ եւ առանց որեւէ համակարգի փորձում է Ռուսաստանին փոխարինող գտնել ու հապճեպ ձեւավորել ինչ-որ «անվտանգության կոնսորցիում»՝ դիմելով մեկ ԱՄՆ-ին, մեկ՝ Ֆրանսիային, մեկ՝ Իրանին ու Հնդկաստանին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ամերիկացիների հետ համատեղ զորավարժությունները ոչ այնքան մարտահրավեր են Մոսկվային, որքան շունչ քաշելու փորձ, քանի որ ադրբեջանցիները դժվար թե համարձակվեն հարձակվել զինվորական համազգեստ հագած ԱՄՆ քաղաքացիների վրա։

Լուսանկարը` Ջոն Սթիդման

Ուստի խոսքն այստեղ Նիկոլ Փաշինյանի կենսագրության կամ անձի առանձնահատկությունների մասին չէ։ Նախորդ առաջնորդների օրոք էլ Հայաստանը համագործակցում էր ՆԱՏՕ-ի եւ ԵՄ հետ, նրա զինվորները ծառայում էին Կոսովոյում եւ Աֆղանստանում: Սակայն նախկինում հռչակված «կոմպլեմենտարիզմը» (հայկական դիվանագիտության պաշտոնական կարգախոսը, որը ներդրվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք) այդքան խիստ հակադրված չէր Հայաստանի անվտանգության ռուսական «մենաշնորհին»։

 

Փաշինյանին եւ նրա շրջապատին ավելի հեշտ է խոսել արեւմտյան գործընկերների հետ, քան Հայաստանի նախկին ղեկավարներին: Դեր ունի նաեւ սերնդային գործոնը։ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողություններում երեւում են ինչպես միամտության դրսեւորումներ, այնպես էլ ուռճացված սպասումներ։ Հիշենք թեկուզ ցնծությունը, երբ այս կամ այն ամերիկացի կոնգրեսականը օգտագործում է «Արցախի ժողովրդի ցեղասպանություն» արտահայտությունը։ Սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ հայ հասարակությունն իրոք հիասթափված է Ռուսաստանից։ Չլիներ այդ հիասթափությունը, ինչպես նաեւ ռազմական պարտության դառնությունը, ոչ մի քաղաքական գործիչ՝ ինչքան էլ «արեւմտամետ» ու «սորոսական» լիներ, չէր կարողանա խիստ ընդդիմախոսել Մոսկվային: Նկատենք նաեւ, որ հենց ղարաբաղյան գործոնի շուրջ հայ հասարակությունում այլեւս համաձայնություն չկա։ Շատերը պարզապես հոգնել են «միացումի» բեռից եւ գերադասում են չնկատել բուն Հայաստանի «ղարաբաղացման» վտանգները։

 

Այս պարագայում Մոսկվայի համար չափազանց կարեւոր է Երեւանի հետ հարաբերություններում հաղթահարել շփման ճգնաժամը, որից, անկասկած, կփորձեն օգտվել թե՛ Փարիզը, թե՛ Վաշինգտոնը։ Ինչո՞ւ է այս խնդիրն առաջին հերթին կարեւոր Ռուսաստանի համար։ Եթե հայ քաղաքական գործիչները եւ նույնիսկ հասարակության զգալի հատվածը պատրաստ են հաշտվել Արեւմուտքի կրտսեր տարածաշրջանային գործընկերոջ դերի հետ՝ մեղադրելով վստահությունը չարդարացրած դաշնակցին, ապա Ռուսաստանի համար սա կնշանակի կրճատել իր ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես Կովկասում։ Ամենայն հավանականությամբ, նման սցենարը դուր կգա եւ՛ ԱՄՆ-ին, եւ՛ Ֆրանսիային, եւ՛ ընդհանուր առմամբ ԵՄ-ին: Հետևաբար` հնարավոր չէ խուսափել Երեւանի հետ բովանդակալից երկխոսությունից, որը ցույց կտա ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկների պատրանքային բնույթը (որոնք չեն ծրագրում Հայաստանի համար անել ավելին, քան այսօր Մոսկվան) եւ Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանման կարեւորությունը՝ որքան էլ բարդ լինեն Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրագույն ներկայացուցիչների հարաբերությունները եւ տարբեր լինեն նրանց սերնդային ու արժեքային դիրքորոշումները։ Պետք է մոռանալ «անձնական անբարյացակամության» մասին՝ հանուն ավելի կարեւոր բաների։

 

Հակառակ դեպքում նոր «փոթորիկը Կովկասում» կարող է կործանարար լինել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ Ռուսաստանի համար, որից հետո նա ստիպված կլինի նորից շատ բան կառուցել եւ վերակառուցել։ Շատերը կցանկանային ավելի հասկանալի եւ միանշանակ դարձնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Չափազանց կարեւոր է ժամանակ չկորցնել այդ իրավիճակը շտկելու համար պայքարում։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին