«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը լույս է ընծայել Վարդան Ջալոյանի «Գնացքներ եւ այլ պատմություններ» ժողովածուն։ «Երեւակայական արվեստաբանին», «հայկական մտածողությանը» նվիրված պատմվածքների մասին զրուցել ենք հեղինակի հետ։
- «Գնացքներ եւ այլ պատմություններ» ժողովածուում միաժամանակ հանդես է գալիս եւ՛ գրող, եւ արվեստի ու գրականության քննադատ Վարդան Ջալոյա՞նը։
- Պատմվածքների մի մասը ունեցել է ենթավերնագիր՝ «Արվեստի քննադատի կյանքը եւ հետմահու կյանքը»։ Իհարկե, քննադատը Հայաստանում այն չէ, ինչ Արեւմուտքում։
Արվեստը եւ գրականությունը Արեւմուտքում բարձր կարգավիճակ ունեն, բայց Հայաստանում, հատկապես հետխորհրդային տարիներին, եւ՛ գրողը, եւ՛ արվեստագետը, նույնիսկ գիտնականը մարգինալացվեցին։
Վարդան ՋալոյանըԼուսանկարը` անձնական արխիվ
Գրողը վստահ չէ, որ գրող է, արվեստագետը՝ արվեստագետ եւ այլն։ Այստեղից իմ պատմվածքներում սուբյեկտավորման ընթացքի շեշտադրումը։ Գրողը կամ արվեստագետը կարգավիճակ չեն, այլ սուբյեկտիվ ինքնաճանաչողություն։
- 2020-ից հետո հայ ժամանակակիցները գրում են Երրորդ հանրապետության մասին, հարցեր են բարձրացնում, փորձում պատասխաններ գտնել։ Ի՞նչ գրականություն էր ստեղծվում մինչեւ այդ։ Ո՞րն է դերն ու ուժը գրականության կամ գուցե բացթողումը։
- Հետխորհրդային տասնամյակներում ականատես ենք եղել մի շարք գործընթացների։ Անցում դեմոկրատիայի, ազատ շուկայի եւ այլ ուտոպիստական նախագծեր։ Բայց գրականությունը եւ արվեստը ունեն սեփական տրամաբանությունը։ Նախ՝ մոդեռնիզմի եւ ավանգարդի վերածնունդը, հետո՝ պոստմոդեռնիզմի էսթետիկան եւ այլն։
- Գրաքննադատությունը անշնորհակալ գործ չէ՞ մեր օրերում։ Առհասարակ, ինչո՞ւ ստեղծել գրականություն գրականության մասին։ Թողնենք ընթերցողները գտնեն իրենց գրողներին։
- Գրական քննադատությունը հարաբերականորեն նոր երեւույթ է, ձեւավորվել է 18-րդ դարում թերթերում տպագրվող ընթերցողների արձագանքներից։ Գրականության լսարանը տարբերակվեց, կենցաղային ընկալումից անջատվեց վերլուծականը։
Լուսանկարը` «Ակտուալ արվեստ»
Տեղի ունեցավ ընթերցողական հեղափոխություն։ Իհարկե, կենցաղայինը չանհետացավ, այն հիմա սպասարկում է զանգվածային մշակույթը։
- «Պատմվածքների մի մասը նվիրված է երեւակայական արվեստաբանին, նրա կյանքին, ինչ պատահել է եւ չի պատահել: Որ հերոսի անունը եւս Ջալոյան է, համընկնում է...»։ Հնարավո՞ր է գրել մի բան, որ դուրս է սեփական անձից, տեսածից, ապրածից, դիտակետից։ Գրողը ինչ էլ գրի՝ իր մասին չէ՞։
- Պատմվածքներն իմ մասին չեն, չեմ կարծում, որ նման եմ իմ հերոսին։ Այն հիմնվում է անձնական կենսափորձի վրա, բայց ամեն գրողի դեպքում այն շատ ավելի լայն է։ Դժվար է նույնացնել Թումանյանին իր Անուշի հետ։ Կարճ ասած՝ այն գրողի առաջին կյանքը չէ, այլ մյուսը՝ հիմնված երեւակայության վրա։
- Սերը, մահը երեւի թե մեր կյանքի ու գրականության հիմքն են։ Ձեր գիրքն էլ բացառություն չէ՝ արվեստագետի կյանք, սեր, մահ, կանայք... Աբսուրդի ժանրը ընդամենը միջո՞ց է ասելիքը տեղ հասցնելու։
- Ձեւը, անշուշտ, կարեւոր է։ Այդ տարիներին շատ էի զբաղվում հոգեվերլուծությամբ։ Այն, իհարկե, իր հետքն է թողել։
- Վերցնենք «Դուռ»-ը։ Թվում է՝ կարող էր լիներ բազմաթիվ չգրված պատմվածքների խառնուրդ։ Տարողունակ է ասելիքը ու ազատություն է տալիս հեղինակին՝ ասելու ինչ ուզում է, ընթերցողին՝ տեսնելու ինչ ուզում է։
- Ես էլ եմ սիրում այդ պատմվածքը։ Պատմվածքի հերոսը կարծես չի հասկանում, որ մահացել է կամ երազի մեջ է։
- «Էլի անձրեւ»-ում կա ինչ ասես ՝ եղանակի տեսություն, քաղաքականություն, կնոջ ուրվագիծ, տխրություն։ Վերջինս գուցե այնքան էլ նկատելի չէ, քանի որ աբսուրդը գալիս է ասելու՝ այդքան լուրջ մի՞ ընդունեք կյանքը։
- Շատ լավ ասացիք՝ եղանակի տեսություն։ Ինձ համար անձրեւը ողբերգականի խորհրդանիշն է։ Գուցե աշխարհի վերջի երաժշտությունն է։
Լուսանկարը` Alexander Afonin
Աբսուրդ չկա, այո՛, մենք ապրում ենք ապոկալիպսիսի դարաշրջանում, բայց, ինչպես Բոկաչչոյի «Դեկամերոնում», չենք կորցնում կենսասիրությունը։
- «Եթե սիրում ես, փող կբերես քո սիրելի մարդուն, շատ փող»։ «Կապիտալիստական սերը»։ Իսկ կապիտալիստական աշխարհում ուրիշ ի՞նչ կերպ կարող է լինել սերը։
- Հայաստանում ինչպե՞ս կարող է լինել սերը։ Ոչ, սերը կապիտալիստական չէ, սիրո մեջ մարդը ազատ է ամեն մի իշխանությունից, բացի իր զգացմունքներից։ Բայց այն կոնտեքստ է, ինչպես ֆեոդալիզմը «Ռոմեո եւ Ջուլիետայում»։
- Ազգային դիմագիծ, քրիստոնյա ազգ, հին ազգ, Ղարաբաղը մերն է... հեգնանքով եք խոսում այս ամենի մասին։ Ի՞նչ պիտի արվեր փոխարենը, ի՞նչը կարեւորվեր, ի՞նչ եք առաջարկում իբրեւ գրող, քաղաքացի, քննադատ։
- Հեգնանքով չեմ խոսում՝ դառնությամբ։ Քրիստոնեական հավատի փոխարեն շատ ամուր Եկեղեցի։ Հին են հուշարձանները, ոչ թե մտածողությունը։ Ղարաբաղը մերը չէ, նրա բնակիչներինն է, որոնց բռնի դուրս մղեցին։ Որ սոցիալական անոմիա է, ու մարդիկ օտարանում են։
- Ի՞նչ եք կարծում՝ մենք հիմա անընթերցող ժամանակներո՞ւմ ենք ապրում, թե՞ գիրքը, այնուամենայնիվ, հասնելու է ընթերցողին։
- Ընթերցանությունը ստեղծագործական ընթացք է, այն նախորդում է գրելուն։ Առանց երեւակայության չկա ընթերցանություն։ Ոչ մի գիրք չի հասնի ընթերցողին առանց ստեղծագործական երեւակայության։
Լուսանկարը` Alexander Afonin
Հասարակության ստեղծագործական երեւակայության։ Հասարակությունը, այն ներկայացնողները, մեր սոցիալական հոգեբանությունը խանգարում են, որ անհատը գտնի իր երեւակայությունը։
Արմինե Սարգսյան

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: