«Նաիրի» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս է ընծայել ֆրանսիացի արձակագիր Ժան Էշնոզի «Դաշնամուրի առջեւ» վեպը։
«Հայտնի դաշնակահար Մաքս Դելմարը ողջերի աշխարհից տեղափոխվում է հանդերձյալ կյանք, որպեսզի կրկին վերադառնա ուրվականակերպ Փարիզ՝ հատուկ նշանակմամբ»,- ասվում է գրքի սեղմագրում։
Շուշանիկ Թամրազյանի բնորոշմամբ՝ «Դաշնամուրի առջեւը» միայնակ արվեստագետի հայացքից ծնվող յուրօրինակ մի «Ֆանտազիա-էքսպրոմտ» է:
Գիրքը տպագրվել է Ֆրանսիական ինստիտուտի եւ ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ։
- Հենց սկզբում հեղինակն ասում է, որ իր հերոսը բռնության զոհ է դառնալու: Թվում է՝ արդեն գիտես ամենակարեւորը, մնում է պարզել՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս, երբ դետեկտիվ թվացող վեպը վերածվում է ֆանտաստիկ վեպի: Ի՞նչ վեպ է սա ի վերջո:
-Շատ ինքնատիպ վեպ, ինչպես Ժան Էշնոզի բոլոր վեպերը: Առհասարակ մի շարք հեղինակավոր մրցանակների՝ Մեդիչիին, Փարիզ քաղաքի մրցանակին, Գոնկուրին արժանացած հեղինակը սիրում է խաղալ վիպագրական տարբեր ծածկալեզուների եւ կաղապարների հետ, նույն վեպի շրջանակներում մեկից անցնել մյուսին եւ, որպես կանոն, արդյունքը զարմացնում է ընթերցողին: Բավական է հիշել Մորիս Ռավելի կյանքի վերջին տասը տարիները ներկայացնող «Ռավել» վեպը, որ, չնայած իր վավերագրական ճշգրտությանը, այդպես էլ չի վերածվում ակնկալելի կենսագրական վեպին: Նույնը կարելի է ասել վազքի չեմպիոն Էմիլ Զատոպեկին նվիրված «Վազել» կամ Նիկոլա Տեսլայի ճակատագրին անդրադարձող «Կայծեր» վեպերի մասին: Հետաքրքիր է, որ վիպական տարբեր կոդերի եւ կաղապարների հետ վիրտուոզ այդ խաղի նպատակը ոչ այնքան վեպի կազմաքանդումն է, ինչպես ընդունված է պոստմոդեռնիզմի մի շարք հեղինակների մոտ, որքան խաղացկուն, բայց կուռ կառույցը, որին հանգում է վիպասանը:
Այս առումով՝ շատ կարեւոր են Էշնոզի վիպական նվիրումները. Սթիվենսոն, Ժյուլ Վեռն, Գյուստավ Ֆլոբեր, Ռեյմոն Քընո: Չհաշված «ոճական վարժանքների» մեծ կախարդ Քընոյին՝ Էշնոզը շատ դասական է մնում իր վիպական հափշտակությունների մեջ:
-Ի՞նչ կասեք այս վեպի կառուցվածքի մասին:
-Վեպը երեք մասից է բաղկացած. առաջինում ներկայացվում է տաղանդավոր դաշնակահար Մաքս Դելմարի երկրային կյանքը, երկրորդն ամփոփում է Մաքսի հանդերձյալ դեգերումները մինչեւ Ահեղ Դատաստանի սարկաստիկ մի ծաղրանմանություն, եւ վերջապես երրորդ գլխում Մաքսի առօրյան է դժոխքում, որը ոչ այլ ինչ է, քան նրա վերադարձը քաղաքային սեկցիա՝ ուրվականակերպ մի Փարիզ, որտեղ նա վերածվել է սեփական ստվերին: Այսինքն՝ երկրորդ մասից «դետեկտիվ» վեպը մխրճվում է մի յուրօրինակ ֆանտաստիկ մղձավանջի մեջ, ինչպես նշեցիք, եւ այստեղ էլ հեղինակը հազվագյուտ արդյունքի է հասնում. դժվար կլիներ համաշխարհային գրականության մեջ գտնել այսքան զվարթ ու սրընթաց մի մղձավանջ, որ երբեք չկորցնելով իր մղձավանջային ներգործությունը, ընթերցողին ստիպում է ծիծաղել՝ նուրբ հումորի, երբեմն էլ՝ սարկազմի շնորհիվ:
-Մղձավանջ, որ ծնվում է դաշնամուրի՞ց, դաշնամուրի առջեւ՞... վերնագիրը կարծես մեզ այլընտրանք չի թողնում. մենք գործ ունենք մի պատմության հետ, որի առանցքում արվեստագետն է:
-Անձամբ ես վեպը թարգմանելիս երբեք իմ ներքին տեսադաշտից չէի կորցնում վերնագիրը. «Դաշնամուրի առջեւ»: Վեպի՝ իրար հետեւող գլուխներն իրենց սրընթաց գործողություններով, իսկապես, նման էին նյարդային դողով ստեղներից պոկվող դաշնամուրային տակտերի: Եվ ամբողջ վեպն ինձ համար յուրօրինակ մի ֆանտազիա-էքսպրոմտ էր, որն ասես ծնվում է դաշնամուրի առջեւ նստած միայնակ արվեստագետի հայացքից, ով մի պահ ազատություն է տալիս իր երեւակայությանը: Եվ սրաթռիչ արագությամբ այս եւ այն աշխարհներում ծավալվող այս ողջ շրջապտույտի մեջ կա մի բան, որ էական էր ինձ համար. յուրօրինակ հաշվեհարդարը արվեստագետի հետ: Էշնոզը բնավ չի բյուրեղացնում իր հերոսին, մենք երբեք չենք տեսնում նրան մենախոսելիս իր վսեմ եւ բարձր մենության պատվանդանին, ընդհակառակը՝ Մաքսը պարբերաբար հայտնվում է մեկը մյուսից զավեշտալի իրադրությունների մեջ: Բայց իրադրություններն ինքնին խոսուն են. նրա ողջ ժամանակը, այդ թվում՝ ազատ ժամանակը տնօրինում է հավատաքննիչ-իմպրեսարիոն, որը համերգից առաջ այցելում է դաշնակահարի տուն՝ վերջինիս արգելելու որեւէ ուրիշ բանի մասին մտածել, իսկ համերգից հետո թողնում է, որ անձրեւի տակ մենակ տուն վերադառնա:
Լուսանկարը` Նարեկացի արվեստի միություն
Գլուխներից մեկում իմանում ենք, որ իմպրեսարիոն հյուրանոցում Մաքսի համար անդամալույծների սենյակն է ամրագրել. սա հույժ զավեշտալի մի երկխոսության առիթ է դառնում, բայց իրադրությունը շատ խորիմաստ է: Մաքսն, իհարկե, Բոդլերի «Ալբատրոսը» չէ, որին «հսկայի իր թեւերն» արգելում են քայլել ցամաքում, բայց, այնուամենայնիվ վեպը հիանալիորեն բեմականացնում է հասարակության սպառողական մոտեցումը արվեստագետի հանդեպ, որը հաճախ կարող է նրան վերածել հաշմանդամի: Հետաքրքիր է, որ հասարակական «հաշվեհարդարը» անսպասելիորեն շարունակվում է նաեւ Նախախնամության կողմից. հակառակ իր բոլոր ակնկալիքներին, ի տարբերություն շոու-բիզնեսի եւ հոլիվուդյան աստղերի, վիրտուոզ դաշնակահարն անելիք չունի ո՛չ «Ուղղորդման կենտրոնի» գրասենյակներում, ո՛չ էլ դրախտում. նրան ուղարկում են քաղաքային սեկցիա՝ դժոխք:
-«Այդ մարդը, որի անունը Մաքս Դելմար է, մոտավորապես հիսուն տարեկան է»: Դելմարն ունի՞ նախատիպ կամ աղերսներ հեղինակի հետ: Համենայն դեպս, արվեստագետի հետաքրքիր տիպար է։
-Ճիշտ եք, վեպը գրվել է 2003 թվականին, երբ հեղինակը գրեթե իր հերոսի տարիքին է: Արդյոք Ժան Էշնոզին ներքին հարազատության պես մի բան կապո՞ւմ է իր հերոսի հետ՝ դժվար է Ձեր հարցին պատասխանել... Ասեմ միայն, որ սա միակ վեպը չէ, որտեղ Էշնոզն անդրադառնում է երաժշտի կերպարին: «Դաշնամուրի առջեւ» վեպից տարիներ անց նա կգրի իր լավագույն գործերից մեկը՝ «Ռավելը», որից էլ սկսվեց այս հեղինակին թարգմանելու իմ ցանկությունը: Եվ հետաքրքիր է, որ մի շարք ընդհանրություններ կան Մաքս Դելմարի եւ Ռավելի կերպարների միջեւ. երկրպագուներով, աշխարհիկ եւ համերգային բեմերի փայլով եւ ունայնությամբ շրջապատված արվեստագետի մենությունը ու թերեւս, է՛լ ավելի խոր մի բան, որը հատուկ է Էշնոզի կերպարներին. նրանց ամենախորքային չհարմարվածությունն առօրյա ընթացքին եւ իրենց շրջապատող իրականությանը, կարելի է ասել՝ բնածին անհարմարվողականության նման մի բան, որն ինձ Անրի Միշոյի կերպարներին է հիշեցնում... Միշոն վիպասան չէ, բանաստեղծ է, բայց Էշնոզի հերոսների մեջ միշոյական ինչ-որ բան կա. դռան շեմքը հատելը, մի բաժակ ջուր խմելը, վերնաշապիկ հագնելը կամ փողոցում օտար կնոջ հետ խոսելը երբեմն վերածվում են մի իսկական փորձության: Անհասկանալի, անհաղթահարելի կամ անընդունելի իրականությունն արձանագրող միայնակ մարդու հայացքը, որ երբեք եւ ի նշան ոչ մի համերաշխության չի միանա իմպրեսարիոների եւ արտմենեջերների փայլեցված եւ ժպտատեսիլ աշխարհին: Իհարկե, վեպում առկայծում է նաեւ Բեռնիի՝ հավատարիմ թիկնապահի կերպարը՝ հույժ մարիվոյական իր հասարակական փոխակերպումներով եւ մարդկայնությամբ, բայց, միեւնույն է, վերջին գլուխներում նա չի փրկի Մաքսին իր ներքին մենությունից:
-Ռոզին հիշելը կամ մի օր նրան տեսնելու սպասումն է քաղցրացնում հարբեցող երաժշտի կյանքը: Կարո՞ղ ենք ասել, որ կյանքում եւ այս պատմության մեջ ամենակարեւորը սերն է:
- Գուցե... համենայն դեպս, մտասեւեռման վերածված այդ վերհուշը Մաքսին ստիպում է մի ամբողջ օր աննկուն սլանալ փարիզյան մետրոյի լաբիրինթոսով՝ ի խույզ իր տեսողական պատրանքի՝ Ռոզի տեսիլքի, եւ ի վերջո անուղղակիորեն դառնում է այն փողոցային հարձակման պատճառը, որ ճակատագրական է լինում հերոսի համար: Վեպը թարգմանելիս հաճախ էի ինքս ինձ ասում, որ այն կարելի է կարդալ՝ որպես «Աստվածային կատակերգության» անսպասելի մի վերընթերցում... Այն տարբերությամբ միայն, որ այս դեպքում կյանքի «մութ անտառում» ծագած Բեատրիչեի տեսիլքը ոչ միայն ոչինչ չի փրկում, այլեւ կործանում է... Սերը կամ սիրո պատրանքը, կորցրած կինը եւ մյուս կինը, որ գուցե առաջինի ստվերն է կամ ուրվականը... Սերն առանցքային է, այո, դիպաշարում, բայց մենք գործ ունենք սիրո բավական անուրախ ընկալման հետ:
-Եվ այնուամենայնիվ, Էշնոզի պատկերած դժոխքում (քաղաքային սեկցիայում) մարդը պետք է կորցնի դեմքը, հարազատներին, սիրած մասնագիտությունը, բայց միայն սիրո կորուստն է, որ ցույց է տալիս քաղաքային սեկցիայի դաժանությունը:
-Իրավացի եք, վեպն իր խաղացկուն կառուցվածքով եւ հարուստ դիպաշարով ամենատարբեր շեշտադրումների հնարավորություն է տալիս: Ինչո՞ւ ոչ, կարելի է համարել, որ ամենադաժան եւ տպավորիչ պատիժը Ռոզի երկրորդ եւ վերջնական կորուստն է վեպի վերջին գլխում, որտեղ պարզվում է, որ դրախտից փախուստի դիմած Ռոզը վաղուց ի վեր շրջում է քաղաքում, սակայն Մաքսի փոխարեն՝ Բելիարը՝ հանդերձյալ կյանքի մեֆիստոֆելյան այդ մենեջերն է նրան ուղեկցելու... զբոսայգի: Եվ դա կարելի է համարել վեպի ուղերձներից մեկը. իր սիրո անդառնալի կորստից հետո մարդը վերածվում է սեփական ուրվականին... ինչպես Դանտեի, ինչպես Պետրարկայի, ինչպես Ժերար դը Ներվալի մոտ:
Լուսանկարը` «Նաիրի» հրատարակչություն
Բայց, անկեղծ ասած, ինձ համար ամենատպավորիչ էջերը դիմազրկմանը եւ ինքնության կորստին վերաբերող գլուխներն էին: Իր համար անսպասելի եւ անհասկանալի դատավճռի արդյունքում Մաքսը հայտնվելու է դժոխքում՝ քաղաքային սեկցիայում, որն իր կանոններն ունի. նա չի կարող զբաղվել իր մասնագիտությամբ, պետք է փոխի ինքնությունն ու աննշան պլաստիկ միջամտության արդյունքում դառնա անճանաչելի: Ինձ համար ամենադաժան եւ ազդեցիկ դրվագներից մեկն, օրինակ, այն հատվածն է, որում Մաքսը հայելու մեջ զննում է իր դեմքը՝ ի վիճակի չլինելով ասել, թե կոնկրետ ինչն են փոխել հանդերձյալ կյանքի վիրաբույժները, եւ, այնուամենայնիվ, սարսափով արձանագրելով, որ իր առջեւ կատարելապես օտար դիմագիծ է: Ամենատխուրն այն է, նշում է հեղինակը, որ Մաքսն ինքն իրեն հաշիվ էր տալիս, որ կհարմարվեր, ավելին՝ արդեն հարմարվել էր... Շատ դաժան է, բայց ճշգրիտ է, իրական եւ, ցավոք, արդիական...
-Դժվար թե լինի մեկը, որ մտածած չլինի՝ ինչ է լինելու կյանքից հետո: Վեպը փորձո՞ւմ է տալ այդ հարցի պատասխանը, թե, հանդերձյալ աշխարհի մասին խոսելով, այն շարունակում է մնալ միանգամայն այսերկրային:
-Կարծում եմ՝ Էշնոզն իր առջեւ դրախտի եւ դժոխքի խորհուրդը պարզելու փիլիսոփայական-աստվածաբանական խնդիր չի դրել, բայց ոչ էլ ուղղակի զվարճանում է՝ ընդունված ընկալումները սասանելով: Վեպն ավելի շուտ պատմում է կյանքի տխրության մասին ու համառ մի հարց է մեզ ուղղում՝ ի՞նչ է, ի վերջո, դժոխքը մեզ համար ժամանակակից մեր աշխարհում, եւ որքան հաճախ եւ աննկատ ենք մենք համաձայնում ապրել դժոխքում, ինչպես ենք սահուն եւ աներեր մի արդյունավետությամբ ընդառաջ գնում սեփական դիմազրկման, ինքնության կորստի փուլային գործընթացին: Անձամբ ինձ համար դա վեպի՝ ինձ ուղղած ամենասեւեռուն հարցերից մեկն էր: Եվ այստեղ է, որ Էշնոզի հղացքը դառնում է շատ հզոր. մեր առջեւ ժամանակակից, հույժ երկրային դժոխքի վիրտուոզ եւ միանգամայն սպառիչ մի պատկեր է՝ գրասենյակային չեզոք իր աշխարհագրությամբ, գրասենյակային փայլեցված, ոչինչ չասող բարեկրթությամբ եւ չեզոք ձեւակերպումներով, դիմազրկման բազմաբնույթ եւ սահուն սցենարներով: «Ոչ մի թթու խոսք», ինչպես ինձ ասում էր համալսարանական գործընկերներիցս մեկը, իրոք, ոչ մի թթու խոսք, ընդամենը ուզում են, որ դուք դադարեք լինել: Ցավոք, այսօր ավելի, քան երբեւէ շատ արդիական է «քաղաքային սեկցիայի» իրողությունը. երկխոսության նմանակումներ, որ իրականում հպատակություն են, խաչմերուկներ, որտեղ ոչինչ չի խաչվում, ոչ ոք չի հանդիպում ոչ մեկին, ժպտադեմ համահարթեցումներ, որից արյունը սառչում է երակներիդ մեջ, օրակարգեր եւ ճանապարհային քարտեզներ, որտեղ դիմազրկումն ու հարթվող ինքնությունը դառնում են անհրաժեշտ նախապայման. ո՞վ է գիտակցում, օրինակ, այսօր թեկուզ համալսարանական երիտասարդների շրջանում, որ սեփական դիմագծի կորուստը, ժամանակի եւ պատմության կնճիռների հարթեցումը՝ ուղղակի եւ փոխաբերական իմաստով, հավասարազոր են դժոխքին, ինչպես Մաքսի պատմության մեջ:
-Ի՞նչ կասեք թարգմանական ընթացքի մասին:
-Թարգմանական ընթացքի մասին... ասեմ, որ հարթ չէր, նախ՝ բովանդակային առումով՝ ինձ համար վեպի ամենածանր գլուխներից մեկը զբոսայգու՝ դրախտի նկարագրությունն էր: Դժոխքի վրա որքան կուզես՝ ծիծաղիր, գյոթեական զվարճասեր մեֆիստոֆելների մի ամբողջ պատկերասրահ կյանքի կոչիր, բայց դրախտը, Պարտեզի մտապատկերը... Ընդ որում՝ հետաքրքիր է, որ սրանից տասը տարի առաջ կարդացել էի վեպն ու, առանց որեւէ ներքին խոչընդոտի, անցել առաջ: Բայց թարգմանելն ու կարդալն իսկապես տարբեր բաներ են... Ինձ համար թարգմանել նշանակում է մինչեւ վերջ լսել ինչ-որ մեկին ու կրել օտարի ապրումը մինչեւ վերջ, նույնիսկ եթե այն խորթ է կամ հակասում է քո ներապրումին: Թարգմանելիս մտքում օգնության էի կանչում բուլգակովյան Ազազելլոյին եւ Վոլանդին, բայց ոչ մի օգուտ. Բուլգակովի մոտ սարկաստիկ ծիծաղն իհարկե չի լքում գերբնական էակների արարմունքները երկրում, բայց բուն աստվածաշնչյան հենքը, Հավերժական տան պատկերը տոգորված են մեծ քնարականությամբ, որն ի սպառ բացակայում է Ժան Էշնոզի մոտ... Այնպես որ՝ ինձ ոչինչ չէր կարող օգնել: Ստիպված եղա ընդհատել, հետո նորից վերադառնալ: Եվ միայն տպագրությունից առաջ՝ մի վերջին անգամ թարգմանությունս ընթերցելիս, ունեցա այս միտքը, որ գուցեեւ իմ անձնական ընկալումն է. ի վերջո, զբոսայգու՝ դրախտի նկարագրության մեջ նույնպես հեղինակը գուցեեւ առաջին հերթին հեգնում է ժամանակակից մարդու պատկերացումները Եդեմական պարտեզի մասին, այն, ինչ այսօր մեր մտապատկերներում մնում է Դրախտից. մերձարեւադարձային փարթամ բնություն, տարաշխարհիկ մրգեր, լիություն, առողջ ապրելակերպի ակումբներ՝ իրենց ջանադիր ջոկատավարներով... Ու ինձ թվաց, որ խոր, մարդկային տխրություն կար այդ ամենի հետեւում եւ ոչ թե սոսկ ընթերցողի եւ առհասարակ ամեն ինչի վրա ծիծաղելու քմահաճ ցանկություն: Մարդկային ապրումի այդ խորքն ինձ համար մշտապես ամենակարեւոր ուղենիշներից մեկն է իմ թարգմանած՝ իրարից այնքան տարբեր հեղինակների գործերում:
-Իսկ վեպի լեզվաոճական առանձնահատկությունների մասին՝ որպես թարգմանիչ...
-Ոճական առումով՝ էշնոզյան գրվածքը շատ խիտ է եւ նուրբ, օժտված է իր ձեռագիրն ունեցող արձակի ինքնակա ուժով: Ի դեպ՝ նշեմ, որ 2025-ին հեղինակին շնորհվեց ֆրանսիական վիպագրության ամենահեղինակավոր եւ խորհրդանշական մրցանակներից մեկը՝ ֆրանսերեն լեզվի մրցանակը: Էշնոզյան գրվածքը համեմված է նուրբ հեգնանքով, հումորով, որ երբեմն ծնվում է ընդամենը մի բառի անսովոր կիրառությունից: Օրինակ՝ առաջին նախադասություններից մեկում, որտեղ անբնական բծախնդրությամբ նկարագրվում են Մաքսի նրբաոճ եւ թանկարժեք հագուստները, «կվարցից եւ օնիքսից նուրբ ճարմանդները նշանավորում են նրա անբասիր թեւքերը» («ponctuent ses poignets immaculés»): Ֆրանսերենում «ponctuer» բայը մի շարք իմաստներ ունի՝ «կետադրել», փոխաբերական իմաստով՝ «ընդգծել, շեշտադրել, նշանավորել, համեմել»: Իհարկե, ես կարող էի հարթել նախադասությունը, եւ ճարմանդները ընդամենը կարող էին զարդարել թեւքերը, բայց հենց այդ աննշան հարթեցումների արդյունքում ենք հաճախ կորցնում բնագրի անկրկնելի դիմագիծը: Ինչ վերաբերում է թեւքերին վերագրվող որոշչին՝ «immaculé»-ին, այն նշանակում է «անբասիր», «անբիծ», «մաքուր»: Ես հոմանիշային այս ողջ շղթայից ընտրեցի առաջին, ուղղակի իմաստը՝ «անբասիր թեւքեր», քանի որ նման քմահաճ ռելիեֆները, որից էլ ծնվում է բնագրի նուրբ հեգնանքը, հատուկ են Էշնոզի ոճին: Այսպիսի տասնյակ օրինակներ կան: Մյուս առանձնահատկություններից մեկն ուրիշի ուղղակի խոսքն է, որն Էշնոզի բոլոր վեպերում հանդես է գալիս պատումի կազմում՝ առանց կանոնիկ կետադրության: Սա նույնպես հեղինակային գրվածքի առանձնահատկություններից է, որ կապված է պատումի նրա ընկալման հետ, եւ ես, ինչպես «Ռավել» (Ակտուալ արտ, 2010) եւ «14» (Նաիրի, 2014) վեպերում, այն թողել եմ անփոփոխ... Կարելի է անվերջ շարունակել, որովհետեւ Էշնոզը ոճի եւ ռիթմի բացառիկ զգացողություն ունի, բայց կբավարարվեմ այսքանով:
Արմինե Սարգսյան

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: