«Անտարես» հրատարակչությունը «Նոբելյանից հինգ պակաս» մատենաշարով լույս է ընծայել Օլդոս Հաքսլիի (1894-1963) «Ջոկոնդայի ժպիտը» պատմվածքների ժողովածուն։ Հաքսլին հեղինակել է շուրջ 50 գիրք՝ մեծ ու փոքր արձակ, չափածո եւ ոչ գեղարվեստական գործեր։ Յոթ անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակին։
«Ջոկոնդայի ժպիտը» կազմել եւ թարգմանել է Արուս Մարգարյանը։ «Ինչպե՞ս է կազմվել ժողովածուն, ի՞նչ ընդհանրություններ ունեն իրարից միանգամայն տարբեր այս պատմվածքները» հարցերն ուղղեցինք թարգմանչին։
- Այս գրքույկում տեղ գտած պատմվածքները տարբեր ժողովածուներից են: Բայց այդ, բոլորը մի քանի այլ պատմվածքների հետ միասին, հրատարակվել էին մի գրքույկում, որը վերնագրված էր «The Gioconda Smile»։ Այդ գրքույկը ուսանող ժամանակ էի գնել, պատմվածքներից մի քանիսը հավանել էի, մի կողմ դրել ու մոռացել:

Գնելուց մոտ երկու տարի անց, երբ արդեն երկու փոքր երեխա ունեի եւ չէի աշխատում, կարոտում էի անգլերենին ու կարդալու հնարավորությունը բաց չէի թողնում: Վերընթերցեցի «Սըր Հերկուլեսը», եւ այդ անգամ պատմվածքն ինձ իրոք ցնցեց: Թերեւս, պատճառն այն էր, որ ինքս արդեն ծնող էի, եւ ծնող-զավակ հարաբերության թեման արդեն այլ կերպ էի ընկալում: Այդ պատմվածքը թարգմանելու անդիմադրելի պահանջ զգացի: Հետո թարգմանեցի նաեւ «Ջոկոնդայի ժպիտը», «Միանձնուհին» եւ «Խորտակված անուրջները»: Այն ժամանակ հրատարակելու մասին բոլորովին չէի մտածում, զուտ իմ հաճույքի համար էի թարգմանում:

Լուսանկարը` անձնական արխիվ
Ամենաառաջին թարգմանություններս էին, եւ մտքովս էլ չէր անցնում, որ մոտ 35 տարի անց Զավեն Բոյաջյանի առաջարկությամբ՝ «Անտարեսը» դրանք լույս կընծայի, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրանց:
- «Ջոկոնդայի ժպիտը» պատմվածքի հերոսը՝ Հաթոնը, մեղադրվում է չգործած հանցանքի համար։ Անցյալում ինքը եղել է անառակ, խենթ, հիմա ճակատագիրն իր հետ վարվում է նույն խենթությամբ։ Մյուս կերպարներն էլ ոչնչով չեն զիջում Հաթոնին։ Կարծես ոչ թե սպանության, այլ համընդհանուր անտարբերության, այլասերման պատմություն է։
-Այո, համընդհանուր անտարբերության եւ այլասերման ֆոնի վրա սա նաեւ պատմություն է այն մասին, թե թվացյալ զուսպ ու բարեպաշտ արտաքինի տակ ինչպիսի կործանարար կրքեր կարող են թաքնված լինել, թե ինչ ողբերգության կարող է հասցնել անմեղ թվացող կատակը: Այն մասին է, որ անհավատարմությունը, եսամոլությունը, գոռոզությունը, խարդախությունը եւ մյուս մեղքերը վաղ թե ուշ պատժվելու են` ուղղակի կերպով կամ անուղղակիորեն:
-Արդիակա՞ն են գրքում ներկայացված թեմաները։ Կարծես այլ «բովանդակություն» է ստացել մեր աշխարհը։
-Կարծում եմ՝ այդ թեմաները միշտ են արդիական: Անարդարությունը, խարդավանքը, դավաճանությունը, դաժանությունը, անտարբերությունը, նյութապաշտությունը, բոլոր արատներն ու ախտերը, որոնց շուրջ հյուսված են այս պատմվածքները, միշտ են եղել`մարդկության աշխարհ գալուց ի վեր:

Լուսանկարը` «Անտարես»
Պատմվածքներն ընթերցողի համար նաեւ հետաքրքիր կլինեն իրենց լարված սյուժեներով, անսպասելի զարգացումներով ու լուծումներով եւ համոզիչ կերպարներով:
-Հաքսլիի հայտնի «Չքնաղ նոր աշխարհը» հակաուտոպիստական վեպը ընթերցողին տեղափոխում է ապագայի հասարակություն։ Կարո՞ղ ենք ասել, որ «Ջոկոնդայի ժպիտը» ժողովածուի պատմվածքները ներկայացնում են մեր ժամանակյա «չքնաղ» աշխարհը։
-Սա երեւի բոլոր ժամանակների «չքնաղ» աշխարհն է: Բայց որքան էլ Հաքսլին աշխարհը մեզ մութ գույներով է ներկայացնում, մի տեսակ չես կարողանում վատատեսությամբ համակվել: Հավատում ես, որ այդ ամեն սեւի կողքին կա պայծառը, գունավորը:
Հավատում ես, որ արդարությունը հաղթանակելու է, մեղավորը պատժվելու է (Հաթոնը չէր սպանել կնոջը, բայց վերջիվերջո «անմեղ գառ» էլ չէր, իսկ Ջանեթն ամբողջ կյանքում տառապելու էր թե՛ հուսախաբությունից, թե՛ խղճի խայթից), որ Փիթեր Բրեթը վերջապես կգտնի իր կոմսուհուն, որ չնայած «բարի փերի» կնքամոր կեղծ մարդասիրությանն ու քինախնդրությանը, նրա երիտասարդ սանուհիները երջանիկ կլինեն, որ երիտասարդ նկարչի տաղանդը մի օր կգնահատվի, եւ այլն:
-Ինձ դաժանագույն թվաց Քույր Ագաթի պատմությունը, թեև խարդավանքի կամ սոցիալական անարդարության զոհեր կան նաեւ մյուս գործերում։
-Ինձ համար քույր Ագաթայի ողբերգությունը նույնքան դաժան է (չնայած զավեշտով է ներկայացվում), որքան Փիթեր Բրեթի անուրջների խորտակումը, կամ սըր Հերկուլեսին ու կնոջն ինքնասպանության հասցրած դառը հիասթափությունը հարազատ որդուց եւ կյանքի անակնկալ շրջադարձից, որքան սպասուհի Սոֆիի անտանելի վիճակը, տաղանդը վատնող երիտասարդ նկարչի շահագործումն ու փոշոտված գրքերի մեջ հաճախորդի սպասող գրավաճառի հուսահատությունը:
- «Սըր Հերկուլեսը» տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, բայց վերջնարդյունքը մեկն է՝ ինքնասպանություն։ Համակերպմա՞ն, առերեսմա՞ն, թե՞ զգոնության կոչ է այս պատմվածքը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանք է գտել գրաքննադատների շրջանում։
- «Սըր Հերկուլեսը» ինքնուրույն պատմվածք լինելուց բացի նույնությամբ ընդգրկված է «Դեղին Քրոմ» վեպում` իբրեւ թե մի հին, 18-րդ դարի ձեռագիր, որը պատմում է կալվածքի տիրոջ նախնիների մասին: Շարադրանքի ոճը եւ բառապաշարը դրան համապատասխան են ընտրված. թվում է, թե հինավուրց հերոսական կամ ասպետական վեպ ես կարդում: Եվ ինչպես հատուկ է Հաքսլիին` նա իր ամենալուրջ ասելիքն անգամ հումորով եւ հեգնանքով է ասում: Հերկուլես անունով գաճաճը, որի ծնողները վախճանվում են դառը հիասթափության հարվածներից, ստեղծում է երկրի վրա իր դրախտը եւ վայելում է այն` կանխատեսելով իր տեսակի եւ ցեղի համար փառավոր ապագա, փառաբանելով գաճաճների ցեղը եւ նրանց համարելով աշխարհի ապագա տերեր, մինչեւ որ որդու ծնվելուց հետո դրախտը վերածվում է դժոխքի, եւ ապագայից վախենալով` նա եւ կինը ինքնասպան են լինում:

Գրաքննադատների կարծիքներին ծանոթ չեմ, չեմ կարող ասել, թե ինչպես են ընդունել ու մեկնաբանել այս պատմվածքը, բայց ինձ այս ամբողջի մեջ մի բան է հետաքրքրել, որը բոլորովին խորթ չէ մեր իրականությանը. դեռ երեխան չծնված` ծնողը սկսում է գծել նրա ողջ հետագա կյանքը, փայլուն կարիերան, որոշում նախասիրությունները, տաղանդները եւ այլն, հետո դառն հիասթափություն է ապրում, երբ զավակն իր պատկերացումներին ու ակնկալիքներին չի համապատասխանում:
Այնպես որ, եթե ուզում եք, կարելի է այն հորդոր համարել. ձեր զավակին սիրեք այնպիսին, ինչպիսին կա: Նրա մեջ մի փնտրեք ձեր անձնական փառասիրական երազանքների իրականացումը:
-«Դիմանկարը» պատմվածքում տուժում է ոչ թե մարդն առհասարակ, այլ արվեստն ու արվեստագետը...
-Ցավոք, կապիտալիստական, սպառողական հասարակության մեջ արվեստը հաճախ ապրանք է դառնում, արվեստագետը ստիպված է լինում ստեղծել այն, ինչի պահանջարկը կա` անճաշակ, անհոգի, կեղծ գործեր: Տաղանդի համար դժվար է լինում իր համար ճանապարհ հարթել` մնալով մաքուր ու անկեղծ:
Սպառողական հասարակության մեջ գիրքն ու գրականությունը նույնպես մոռացված արժեքներ են, սրա մասին էլ «Գրախանութը» պատմվածքն է: Մարդիկ ապրում են «միայն հացիվ»:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: