Մեր բաժին ճիշտը, քաղցր սուտն ու դառը գաթան՝ Մհեր Իսրայելյանի գրքում - Mediamax.am

exclusive
1827 դիտում

Մեր բաժին ճիշտը, քաղցր սուտն ու դառը գաթան՝ Մհեր Իսրայելյանի գրքում


Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Լուսանկարը` Անտարես

Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


Իրականության ու հորինվածքի միջակայքում ծնվում է գեղարվեստական պատումը։ Հերոսները՝ իրական, թե հնարովի, վկայակոչում են ժամանակը։ Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» ժողովածուում ամփոփված են վերջին երեք տարում նրա գրած պատմվածքները։

 

Ժողովածուն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը «XXI» մատենաշարով։

 

 -«Ինչպես փրկել մեր բաժին ճիշտը»․ այսպես եք վերնագրել «Առաջաբանի փոխարեն» հատվածը։ Սա քաղաքակա՞ն հարցադրում է։

 

-Քաղաքականություն կա ամեն ինչում, որովհետեւ քաղաքականությունն ինքնին, որպես այդպիսին, առանձին երեւույթ չէ, առնչվում է մեր կյանքի բոլոր բնագավառներին՝ տնտեսություն, մշակույթ, կրթություն, սոցիալական կյանք:

 

-Նշում եք, որ ձեր հունարի տեր մարդկանց վերապահված դերն է գլուխկոտրուկն այնպես ներկայացնել ընթերցողին, որ թացը չորից զատելու հնարավորություն ունենա։ Բայց գրող՝ անդրադառնալով որեւէ թեմայի, այսպես թե այնպես, ուղղորդում է։ Եվ ուրեմն, ո՞րն է մեր բաժին ճիշտը։

 

-Բնականաբար ուղղորդում է, սակայն գրողի առաքելությունն այն չէ, որ վերին ատյանի ճշմարտություն մատուցի ընթերցողին։ Գուցե ինքն իր տեսակետից ներկայացնի երեւույթը, ճշմարտությունն ու սուտը, բայց ասելիքը պետք է ինչ-որ տեղ մնա առկախված, այսինքն, հնարավորություն տա ընթերցողին իր դիտանկյունից վերլուծելու, հասկանալու, երբեմն նաեւ հանգելու այնպիսի գնահատականի, որ գրողը նկատի չի ունեցել։

Լուսանկարը` Անտարես

Նման փորձառություն ունեցել եմ հատկապես դպրոցներում. երեխաները երբեմն այնպիսի բաներ են տեսնում իմ պատմվածքներում, որ անակնկալի եմ գալիս։ Հետո մտածում եմ՝ գուցե այդ երեխան ճիշտ է, մանկական հայացքով այդ կերպ է ընկալել պատմվածքը։

 

-Ապրում ենք նոր ժամանակներում, նոր խոսք ասելու կարիք կա։ Եվ ո՞րն է ավելի էական՝ ասելի՞քը, թե՞ ասելիքի կերպը, գեղարվեստական արժեքը։

 

-Կարծում եմ՝ գեղարվեստական արժեքը շատ կարեւոր է, որովհետեւ ինչքան էլ ասելիքը հստակ ու ճշգրիտ լինի, եթե մատուցվում է զուտ որպես վավերագրություն, այն ազդեցությունը չի կարող ունենալ։ Ես կարդացել եմ վեպեր Շուշիում 60-70-ականներին տեղի ունեցող իրադարձությունների մասին, զգացողությունը, որ ունեցել եմ գեղարվեստական գործը կարդալիս, ոչ մի վավերագիր կամ պատմաբան չի կարող փոխանցել։

 

-Դուք ռազմական դիվանագետ եք, մասնագիտական փորձառությունն ի՞նչ է տալիս ձեզ՝ իբրեւ գրողի։

 

-Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, երկար տարիներ աշխատել եմ Պաշտպանության նախարարության ռազմադիվանագիտական միջազգային հարաբերությունների ոլորտում։ Աշխատել եմ Բելգիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում։ Որքան էլ ժամանակակից հաղորդակցության միջոցները թույլ են տալիս մարդուն՝ տանը նստած ճանաչել աշխարհը, միեւնույն է, բոլորովին այլ է ընկալումդ, երբ ապրում ես այդ իրականության մեջ։ Հաղորդակցվում ես տարբեր ազգերի, տարբեր մտածողությունների, մշակույթի ու ավանդույթների հետ, բնականաբար, հարստանում է աշխարհընկալումդ։

 

-Մեր զրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ 90-ականներն ընկալվեցին որպես «ցրտի ու մթի» տարիներ, իրականում դրանք հաղթանակի տարիներ էին, եւ փորձել եք 90-ականներից բխող լույսը փոխանցել թղթին: Ի՞նչ տարիներ ենք ապրում հիմա եւ ի՞նչն եք փոխանցում ընթերցողին։

 

-Այո, 90-ական թվականները մեր ժողովուրդն ընկալեց որպես ցրտի ու մթի տարիներ, մոռացվեց հաղթանակը։ Վերջին տարիներին՝ այս ազգային ողբերգության ժամանակ, չեմ կարծում, թե որեւէ մեկը էլեկտրականության խնդիր է ունեցել, բայց ոչ ոք չի ասում՝ լույսի տարիներ, ասում ենք՝ պարտության տարիներ։ Ժամանակին մեր հաղթանակը ինչպես հարկն է չգնահատեցինք, ընկանք նյութական արժեքների հետեւից ու եկանք, հասանք այս կետին։

Մհեր Իսրայելյանը Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Այս գրքով ես հատուկ բաժանումներ չեմ արել, բայց հետո, երբ վերընթերցեցի պատմվածքները, ամփոփեցի դրանք երեք պայմանական բաժիններում։

 

«Մանկությունից ձգվող կամուրջ» բաժինը 90-ականների հետահայաց գնահատականն է՝ մանկությունը, պատանեկությունը, որն առնչվում է նաեւ «մութ ու ցուրտ» տարիներին։ «Մենք ու աշխարհը» տարբեր երկրների հետ առնչությունն է, երբ փորձել եմ պարզել՝ ինչո՞ւ մենք աշխարհին լավ չենք հասկանում, աշխարհն էլ՝ մեզ, եւ հատման կետեր գտնել մեր ու աշխարհի այդ ընթացքների մեջ։ Վերջին բաժինը բոլոր ժամանակների հարցերի հարցն է՝ «Խաղաղություն եւ պատերազմ»։

 

Գրականության մեջ եւ այլուր տարածված է Տոլստոյի հայտնի վեպի վերնագիրը՝ «Պատերազմ եւ խաղաղություն», ես մի թեթեւ հույս փայփայեցի, որ խաղաղությունը կգերակշռի եւ որոշեցի տեղերը փոխել՝ վերնագրելով «Խաղաղություն եւ պատերազմ»։ Իհարկե, պատերազմը ներկայացրել եմ ոչ թե ներսից (պատերազմի ընթացքը, ռազմական գործողությունները), այլ դրսից։

 

-«Եկել ծով, խղճներս հանգիստ վայելում ենք... իբր ոչ մի բան էլ չի եղել»։ «Նույնիսկ ճայը աչքիս անօդաչու է թվում... իբր չորս հազար ընկերներդ դեռ ապրում են»։ Կորստի ցավն ու խղճի խայթը դեռ երկար են մեզ ուղեկցելու։ Ո՞րն է ելքը։

 

-Պետք է հաղթահարել այդ ցավը, ազատվել պարտվողի բարդույթից՝ հզորանալով, նորից ինքնավստահություն ձեռք բերելով։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ պատմության ընթացքում լինում են պարտություններ, բայց դրանք դրոշմված չեն քարերի, մագաղաթների վրա, այդ պարտությունը մի օր կարող է դառնալ հաղթանակ։ Եվրոպական երկրներն էլ դարեր շարունակ միլիոնավոր զոհեր են տվել, հակամարտություններ, արյունալի պատմություններ են ունեցել, բայց եկել են մի հանգրվանի, որ պատերազմը մերժում են։ Եվրոպական երկրները (եթե Բալկանները չհաշվենք) ութ տասնամյակ է հարատեւ խաղաղության մեջ են։ Չեմ կարող միանշանակ ասել՝ 100-200 տարի հետո ինչ կլինի, բայց, ամեն դեպքում, այսօր վատ զարգացումներ չեն կանխատեսվում։

 

-«Սեւ թե կարմիր պղպեղ» պատմվածքում Օգիչիդային սպանում է Կանադան, Ռազմիկին՝ անօդաչուն։ Մեկը զրկվում է մայրենի լեզվից, մյուսը՝ կյանքից։ Մինչ միջազգային կազմակերպությունները հարցեր են լուծում, հասարակ մարդիկ աշխարհի տարբեր վայրերում ապրում են իրենց ողբերգությունը։ Սա՞ եք փորձել շեշտադրել։

 

-Սա համարյա թե իրապատում է։ ԵԱՀԿ ատյաններում առավոտից երեկո քննարկվում էր մեր պատերազմի հարցը, իհարկե, այնպես չէ, որ դատապարտող գնահատականներ չկային։ Բայց այդ օրերին, երբ ամեն օր մի քանի հարյուր զոհ էինք ունենում, օրակարգ բերվեց մի այլ խնդիր։ Դեսպանը նշեց, որ իրենք էլ են դժվար պահեր ունեցել, հիշեց՝ ինչպես էին 90-ականներին մարդկանց ստիպողաբար անգլերեն սովորեցնում, եւ Օգիչիդան, ով իր դասընկերն է եղել, տատիկին հանդիպելիս չի կարողացել հաղորդակցվել մայրենի լեզվով. նրանք իրար չեն հասկացել։ Դեսպանը հուզվեց այդ պատմությունից։ Իհարկե մտահոգիչ խնդիր է, բայց անհամեմատելի էր հարյուրավոր զոհերի հետ։ Էկրանին ցույց էին տալիս՝ ինչպես են կոտորվում մեր տղաները, ու ոչ մեկի աչքից արցունք չէր կաթում, չէր հուզում այնպես, ինչպես հուզեց ինյուիտ տղայի պատմությունը։

 

-Միսս Օհանյանին նվիրված պատմվածքում ասում եք, որ գրական հնարքներից գլուխ չեք հանում, եթե հատուկ ուզեք մի բան մոգոնել, պատմվածքի հերը կանիծեք։ Ստացվում է՝ ավելի շատ իրականությունն եք փոխանցում, օրագրային հի՞մք ունեն ձեր գործերը։

 

-Գրեթե բոլոր պատմվածքներումս կան կենսագրական դրվագներ։ Գուցե մեկը տեսներ այս կամ այն երեւույթը, եւ դա նրա վրա որեւէ ձեւով չանդրադառնար, բայց գրողը, քանի որ նրա մեջ գրական փոթորիկներ կան, մի բան տեսնում է, դրանից կարող է պատմվածք ծնվել։

 

Միսս Օհանյանին ես 20-25 տարի չէի տեսել, մեր անգլերենի ուսուցչուհին էր, որ միշտ որոշ բաներում ինձ մեղադրում էր, իհարկե, բարի ձեւով։ Մեր դասարանի աղջիկներից մեկը Բելգիա էր եկել, ասաց որ Օհանյանին է հանդիպել, հետը կապ ունի։ Առաջին վիպակս, որում կար Օհանյանի կերպարը, որոշեցի նվիրել նրան։ Եվ այդ գիրքը Օհանյանին է հասնում ծանր վիրահատությունից առաջ։ Հետո դասընկերուհուս զանգում է, ասում՝ Մհերի գիրքն է ինձ փրկել, վիրահատությունից առաջ, երբ չգիտեի՝ կապրեմ, թե չէ, Մհերի գիրքը կարդում էի ու ծիծաղում։ Հին հուշերը, իր մասին ակնարկները եւ վիպակի խորհրդանշական «Մինչեւ մեռնելը ապրել է պետք» վերնագիրը կարծես դրական ազդեցություն են ունեցել, եւ նա ներշնչել է իրեն, որ գիրքը փրկել է կյանքը։

 

-«Եվրոպացիները մի կողմից ասում են այս մարդիկ հիվանդ չեն, պարզապես ուրիշ են, մյուս կողմից՝ հենց բնում խեղդում են լույս աշխարհ գալու ամեն մի հանդուգն փորձ»։ Խոսքը մեկ ավել քրոմոսոմ ունեցող մարդկանց (Դաունի համախտանիշ) մասին է։ Գիտության զարգացման, բնությունը մաքրելու կամայականության փա՞ստն եք արձանագրում։

 

-Հատուկ նպատակ չեմ դրել այսօրվա համաշխարհային զարգացումները (թեկուզ բժշկության ոլորտում) ներկայացնելու։ Մի հույզից ծնվեց պատմվածքը։ Հայրս սրածայր բեղեր ուներ, մեր բակում Դաունի համախտանիշով մի տղա կար, հենց տեսնում էր հայրիկիս, ուրախանում էր, մոտ գալիս, հայրս էլ բարի մարդ էր, գրկում էր, համբուրում տղային։ Տարիներ անց գնացքում մի տղա՝ Դաունի հիվանդությամբ, հորս նույն կերպ արձագանքեց, ուրախացավ, ուզում էր բեղերին ձեռք տալ։ Այդ մարդիկ արտաքնապես շատ նման են իրար ու հիմնականում բարի են։ Մեր բակի տղան էլ իրականում շատ բարի էր, շենքում մեկը մահանում էր, դռնեդուռ բնակիչներին տեղեկացնում էր, թե ամոթ է, մարդ է մեռել, դուք քնած եք, եկե՛ք, հասե՛ք, օգնե՛ք։ Նույնիսկ ուզում էի «Բարության քրոմոսոմ» դնել պատմվածքի վերնագիրը։

 

-Ձեր գործերում կարծես մեկտեղվում է տխրությունը, բարությունը, հումորը, իրականությունն ու այլաբանությունը։

 

-Հատուկ չեմ անում, բայց ստացվում է։ Հումոր, եթե չլինի, կյանքը անհետաքրքիր, անհնար կդառնա։ «Տոնապետ» գրական մրցույթը, որ կազմակերպել էինք, մտահոգիչ էր այն առումով, որ ներկայացված 150 պատմվածքներում գրեթե հումոր չկար, գերակշռում էր ցավը, ողբերգությունը, տառապանքը։

 

-Ոչ թե պետք է կառուցել կիսատ թողած Բաբելոնի աշտարակը, այլ պահպանել այս պահին տրվածը («Բաբելոնի աշտարակ՝ ըստ մարդամեկի»)։ Երկնքից հողի վրա իջնելու հորդորը այլընտրանքի բացակայությո՞ւնն է։

 

-Իրականում մեր քաղաքական ուժերի խառնիճաղանջ իրականությունն է տված, ամեն մեկը մի ճանապարհ է ցույց տալիս, ամեն մեկը մի փրկիչ է, ու հարց է առաջանում՝ մեզ պետք են փրկիչնե՞ր, թե՞ փրկիչ է պետք, ով այդ փրկիչներից կազատի։ Ու պատմվածքի վերջում աղբահանության մեքենայի աշխատակիցը գալիս է, որ աղբը մաքրի տանի, մաքրվենք ու նոր ճանապարհ հարթենք։

 

-Բայց գրում եք, որ հավատում եք հեքիաթի ուժին։

 

-Պետք է հավատալ նաեւ հեքիաթին, բայց ոչ միայն հեքիաթին։ Եթե մեր քաղաքականությունը կտրված լինի իրականությունից, մեր կյանքը կառուցվի պատրանքների ու պաթոսի վրա, լավ բանի չի հանգեցնի։

 

-Հայաստանը ոչ թե աշխարհաստեղծման բնօրրան, այլ առաջի հերթին որպես հայրենիք ընկալելու ակնարկը ծայրահեղությունից իրականություն տեղափոխվելու փո՞րձ է։

 

-Ամեն ազգի համար իր բնօրրանը աշխարհի կենտրոնն է, դա նորմալ է։ Բայց, եթե ենթադրենք, այստեղից է սկսվել աշխարհը, ի՞նչ է տալիս դա մեզ։ Կամ, որ մենք հին ազգ ենք։ Հինը լա՞վ է, թե՞ վատ։ Ամերիկան 200-300 տարվա պատմություն ունի, բայց համաշխարհային քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է։ Հին ազգ լինելու հանգամանքը հաջողության գրավական կամ առավելութուն չէ։ Հույների քաղաքակրթությունը ձեւավորվել է տասնապատիկ մեծ տարածության վրա, բայց ամփոփվել են իրենց ամենասեղմ բնօրրանում։

 

 -«Փորձենք աղ ու պղպեղ հավելել պատերազմի ու խաղաղության այն անհամ ապուրին, որ արդեն երեսուն տարի անիմաստ խառնում ու խառնում ենք»։ Միշտ երեսուն… կարծես առաջ չենք գնում։

 

-Դա մեր կյանքն է, մեր իրականությունը։ Մենք այնքան երկար ենք ուրիշի լծի տակ ապրել, որ 90-ականներին անկախությունը կարծես լցվեց մեզ վրա, ու չդիմացանք այդ «բեռին»։ Չկարողացանք այնպես անել, որ աշխարհում հարց չծագի՝ արժանի՞ ենք անկախության, թե ոչ։ Այսօր ընդհուպ քաղաքական որոշ ուժերի կողմից այդ հարցը կասկածի տակ է դրվում, ընդ որում՝ ոչ թե դրսի, այլ ներսի ուժերի։

 

-«Ոչ մի նահանջ տարի» պատմվածքում Հարութը 100 հոգանոց վաշտի միակ փրկվա՞ծն էր։ Երբ հերոսի կոչումը տալիս են վաշտին, մի տեսակ մարդը «կորում է» դրա մեջ, նույնացվում են հերոսները։

 

-Հարութը, այո, պայմանական ասած՝ 100-ից մեկն է։ Մի օր պաշտոնական հաղորդագրությամբ լսեցի ինչպես են ասում ՝ վաշտը հետմահու արժանացել է հերոսի կոչման։ Ի՞նչ է նշանակում վաշտը արժանացել է, վաշտը մարդիկ են, ուրեմն բոլորը զոհվե՞լ են։ Իսկ երբ Հարութն ասաց, որ իրենց վաշտից քիչ մարդ է փրկվել, այս երկու տեղեկությունները միացրեցի։

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Այդ պատմվածքի հիմքում առհասարակ իրական դեպքեր են. չորս տղա բուժվում էին Վիեննայում, եւ անհավանական բաներ բացահայտեցի։ Տղաներից մեկը, որ մինչ պատերազմը երազում էր Հոլիվուդ գնալ, թեկուզ մի աննշան դերում դրսեւորել իրեն, պատերազմից հետո՝ սայլակի մեջ, երկու ոտքը կորցրած, շարունակում էր նույն հույսն ունենալ։ Երկու ոտքը կտրել էին, բայց երազանքը չէին կարողացել կտրել։ Կերպարներից մեկն էլ մինչ Արցախի վերջնական հայաթափումը նռան այգի ուներ, այգու մի կեսը մնացել էր թշնամուն։ Փշալարեր էին անցկացրել այգու միջով. իր սրտի միջով էր անցնում փշալարը։ Նահանջ տարվա գաղափարը նռան այգու հետ եմ կապել։ Մեկն էլ՝ գյուղապետ, հրամանատար, ձեռքը անդամահատել էին, հայտնի չէր՝ հետո ինչ կլինի, իր ապաքինման մասին մտածելու փոխարեն անհանգստանում էր գյուղի մանկապարտեզի համար, որի կառուցումը կիսատ էր մնացել։ Հուզիչ դեպքեր էին, որ եկան ամփոփվեցին այս պատմվածքի մեջ։

 

-Վերնագիրն էլ ամփոփում է գրքի հիմնական ասելիքը։

 

- Ընդհանրական վերնագիր է, դառը գաթան հիմնական գաղափարն է՝ քաղցր սուտը, որ մատուցեցինք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ մինչ այդ։ Մարդուն հեշտ է հավատալ քաղցր ստին, ու իրականությունից կտրվելով հասանք այնպիսի իրավիճակի, որ դառը գաթայի արժանացանք։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին