Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպի գործողությունները ձգվում են 1918-ից մինչեւ 2020 թվական։ Գիրքը սկսվում է Առաջին հանրապետության քիչ ուսումնասիրված շրջանով՝ «Զոդ» օպերացիայով։ Սեւանի ավազանում ծավալվող հարյուրամյա պատմության հիմքում փաստագրությունն է ու հեղինակի՝ տեղացիներից լսած պատմությունները։ Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։
-Ինչո՞ւ «Անդրանիկի վերջին ձին»։ Անդրանիկը մասնակցե՞լ է «Զոդ» օպերացիային։
-Անդրանիկը չի մասնակցել այդ օպերացիային: Նրա մասնակցությունը այնքանն է, որքանը նկարագրված է վեպում՝ նամակը հասցնում են Անդրանիկին, նա կարդում է եւ ասում՝ Աղաբեկի նման զինվոր ունեք, ձե՞զ էլ է օգնություն պետք: Ի դեպ, գերանի մեջ մտնողը եւ գետով նամակը հասցնողը Աթամը չի եղել, ինչպես վեպում է, այլ բոլորովին այլ մարդ: Բայց Անդրանիկի գոյությունը ինքնավստահություն է ներշնչել ժողովրդին, նա պայքարի ոգու խորհրդանիշ է տեղացի գաղթականների համար, փրկիչ:
Եվ այն, որ ձին նվիրել է իրենց կամ իրենց համագյուղացուն, դա ընկալվում է որպես պատգամ, որպես պայքարի ոգու ներկայություն, որպես ապրելու կոչ: Նրա նկարները, որ առ օրս պահպանվում են շատ գյուղերում, ոչ այլ ինչ են, քան հույս, որ ցանկացած անելանելի վիճակից կա լավագույն ելքը, կա փրկության ձեռքը: Ձին հորինովի կերպար է, միակ հորինովին ողջ վեպում: Մենք գիտենք, որ Անդրանիկի ձին ճերմակ է եղել եւ լեգենդի մաս է: Այս վեպում այն կարմիր է, որը դարասկզբից մինչեւ դարավերջ վրնջում է հերոսների, մասնավորապես՝ Մովսեսի հիշողության մեջ: Նրա խրխինջը ի մարտ կոչող շեփոր է, եւ Մովսեսը չի հավատում, որ ձին կարող էր այդպես հեշտ ու հանգիստ կորչել, չի կարող այդպես հանկարծակի վերանալ ժողովրդի պայքարի ոգին: Մովսեսը ասես դառնում է հարություն առած ձին, վերջին մարդը, ով նյութապաշտ աշխարհում, զառամյալ տարիքում եւ անուժ դեռ ի վիճակի է պայքարելու։
Եվ ամեն առիթով գյուղացիների նախատինքը այդ ընտանիքին, որ ձին թողեցին ուրիշին, ոչ այլ ինչ է, քան երազանք՝ հայրենիքի փրկության մասին։
-Վեպը գրելու նպատակը հարյուրամյա ժամանակաշրջանի վերհանո՞ւմն է, թե՞ այդ համատեքստում ծավալվող մեկ ընտանիքի պատմությունները մոռացությունից փրկելը։
-Ընտանիքի էպոպեա… ես ընտանիքը՝ սերունդների հաջորդականության շղթան, ընկալում եմ որպես մեկ էություն՝ պարբերաբար կրկնվող… Գոյը ինչպե՞ս է վերափոխվում, ինչպե՞ս է դեֆորմացվում, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում տարբեր ժամանակներում: Ինչ վերաբերվում է պատմություններին, դրանք էին իմ իմացածը, մտքումս ամբարվածը: Ինչպես որ տուն կառուցողը կառուցում է իր ունեցած նյութով. մեկը՝ քարով, մյուսը՝ փայտով, երրորդը՝ կավով… ես միայն այդ պատմությունները գիտեի, դա էր իմ ունեցածը: Առանց այդ պատմությունների թերի կլիներ իմ կենսագրությունը: Թեեւ ինչ էլ գրի գրողը, ինքնակենսագրություն է գրում:
-Վերջին շրջանում հաճախ ենք զուգահեռներ անցկացնում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ու մեր օրերի միջեւ, այդ իմաստով վեպն ի՞նչ կարող է ասել ընթերցողին։
-Կարծում եմ՝ այդ զուգահեռը տեղին չէ. հարյուր տարի առաջ մենք չունեինք հարյուրամյա պետություն, կանոնավոր բանակ, կրթված բնակչություն, կանանց ներգրավվածություն կյանքի տարբեր բնագավառներում, այն ժամանակ կյանքի միջին տեւողությունը հազիվ հասնում էր 40-ի եւ այլն: Ես չգիտեմ՝ ինչն է մարդկանց ստիպում տանել այդ զուգահեռը: Իհարկե հարեւանը նույնն է, կոնֆլիկտը, ըստ էության, նույնն է, բայց ժամանակն է այլ, մեր եւ աշխարհի դիտանկյունն է այդ կոնֆլիկտին այլ:
Լուսանկարը` «Զանգակ»
Վեպը նաեւ տարեգրություն է: Ինչպես վեպի հերոսներից Խորենն է ասում՝ մարդկության պատմության ընթացքում պատմությունը ավելի շատ է կեղծվել, քան ոսկին: Ճշմարտությունը կարելի է իմանալ միայն գրականությունից: Այս առումով համաշխարհային գրականությունը ինձ համար համաշխարհային պատմության պատկերազարդ դասագիրք է: Եվ այս վեպն էլ ունի նման ենթատեքստ՝ այդ օրերի մասին պատմության մի էջ է:
- Փաստավավերագրական շերտի առկայությունը օգնո՞ւմ է գրողին ճշմարտությունը, ասելիքը տեղ հասցնել։
- Ես հակառակը կասեի, այն սահմանափակում է քո ազատությունը. համաձայն ես, թե ոչ՝ քո միտքն աշխատելու է արդեն եղած փաստերի հետ, դու մտածում ես նրանց պարտադրանքով: Ես չէի կարող հորինել այլ աշխարհագրություն, Սիլիկովներին դարձնել, ասենք, երեք եղբայր, Աթամին բերել ոչ թե սառած Սեւանի, այլ Արագած սարի վրա, թաթարների օգնությունը տվյալ դեպքում չէր կարող գալ Թուրքիայից, որովհետեւ Բաքվից է եկել, մի քաղաքից, որի բնակչության մեծ մասը այդ տարիներին հայեր էին, որտեղ, այսպես ասած, «խոպան» էր գնում Սեւանի ավազանի արական բնակչությունը եւ այլն։ Ինչքան էլ գրականությունը կյանք է առանց կանոնների, եւ կարող ես գլխիվայր շրջել դեպքերն ու դեմքերը, միեւնույն է՝ արդարությունը պահանջում է չխախտել երեւակայության եւ ցնդաբանության միջեւ եղած խարխուլ սահմանը:
-Ինչո՞ւ հիմա անդրադարձաք այս թեմային, գրողական փորձառությո՞ւն էր պետք, թե՞ ժամանակի անուղղակի պահանջն էր։
-Ինչ-որ բանի մասին գրելու համար միայն ցանկությունը կամ նյութը քիչ է, պետք է այն հասունանա. ինչպես հյութը, որ պիտի խմորվի, եռա, հասունանա գինի դառնալու համար, ինչպես ցանկությունը, որ պիտի հասունանա հորդելու, ապրում դառնալու համար։ Այս վեպի մասին ես ասում եմ՝ վազեվազ գրված վեպ, բայց ահագին ժամանակ այն պտտվել է իմ ուղեղում: Առհասարակ ես այդպես եմ ընտրում գրելիքը: Դու գրում ես այն գործը, որը բոլորից շատ է քեզ հալածում քո մտքերում, դու այն թղթին ես հանձնում հոգիդ ազատելու համար: Վեպը գրելու շարժառիթը վերջին պատերազմը չէր: Դրանից մոտ մեկ տարի առաջ էի հայտը ներկայացրել նախարարություն, որի աջակցությամբ էլ այն իրագործվեց: Բայց գրելու ընթացքն ինձ օգնեց չտրվել համազգային լացուկոծին, մասնակից չդառնալ խմբակային բայղուշությանը, օգնեց հաղթահարել համազգային դեպրեսիան, ես երբեք չմտածեցի, որ վերջ՝ վաղը Հայաստան չի լինելու, վաղը դու ընթերցող չես ունենալու, քո պետությունը չի լինելու…Վեպը մահվան օրերին ապրեցրեց ինձ:
-Ասել եք՝ կյանքն ու թեմաները չեն փոխվում, փոխվում են գրողներն ու նրանց դիտանկյունը։ Իսկ եթե այս վեպը գրեիք ուրիշ ժամանակահատվածում, ա՞յլ կլինեին շեշտադրումները։
-Դա կլիներ բոլորովին այլ վեպ, բոլորովին այլ բանի մասին: Այդ դեպքում, աստված գիտե, թե ո՞ր կողմ կվազեր միտքս: Ես էլ՝ նրա հետեւից։
-«Զոդ» օպերացիայի մասին նաեւ փաստագրական աշխատություն է հրատարակվել, զուգադիպությո՞ւն է, թե՞ որեւէ կապ կա գեղարվեստական ու գիտահանրամատչելի այս աշխատանքների միջեւ։
-Այո, «Օպերացիա «Զոդը» դարձյալ «Նյումեգն» է հրատարակել: Կապ կա այնքանով, որ ես ծանոթ եմ գրքին, կարդացել եմ… հիմնականում պահպանել եմ իմ լսած սյուժեները, քանի որ ավելի լավ գրող, քան ժողովուրդը՝ Աստծո մտքի տարերքը, չկա, եւ երկրորդ՝ ինձ համար նոր փաստ, նոր պատմություն չկար այնտեղ, եթե հաշվի չառնենք, որ մեր գլխավոր հերոսներից Աթամի մասին այդ գրքում խոսք չկա, իսկ մեկ այլ գրքում, որը գրել է Աթամի տղաներից Տելեմաքը՝ իրենց ընտանիքի պատմությունը, կան արխիվային փաստաթղթերի պատճեններ, որոնք հավաստում են, որ ժամանակին Աթամին նույնիսկ հարցաքննել են որպես միակ փրկվածի:
Ըստ «Օպերացիա «Զոդ»» գրքի՝ էլի մեկ-երկու հոգի են փրկվել, ինչը հնարավոր եմ համարում: Ժամանակին շատ հայտնի հերոս Տաղլարի Աղաբեկի մասին դարձյալ թողել եմ ժողովրդից լսածը, որովհետեւ այդ գրքում նրա անունը ուղղակի նշվում է, նրա կյանքի մասին համարյա ոչինչ չկա: Մի խոսքով՝ հերոսների մասին քաղցր ձայնով երգող կույր աշուղը ինձ համար եղել է ժողովուրդը, թեեւ շատ բաներ համեմատել, զուգադրել եմ, եւ այդ գիրքն ինձ օգնել է փաստերի ճիշտ ընտրություն անելու հարցում:
-Գրքի բազմաթիվ կերպարներից ինքներդ ո՞ւմ եք կարեւորում։ Կարծում եմ՝ ամենաակնառուն Մովսեսի կերպարն է։ Ընդհանրացվա՞ծ, թե՞ առանձնացող կերպար է նա։
-Կերպարներից շատերն են ինձ հարազատ, որովհետեւ դրանց նախատիպերն իմ բարեկամներն են, հարեւանները, համագյուղացիները: Վեպում, ինչպես տեսնում եք, խիստ ընդգծված գլխավոր, Ձեր ասած՝ ընդհանրական կերպարներ չկան: Ամեն գլուխ, ամեն դրվագ ունի իր գլխավոր հերոսը: Բոլոր կերպարներն էլ կյանքի հետ կապված ցնորքներ չունեն, ինչպես գլխավոր հերոսները՝ իրենց առաջ անիրականանալի խնդիրներ չեն դնում եւ կաշվից դուրս չեն գալիս դրանք լուծելու համար։ Կյանքը ապրում են՝ ինչպես ապրվում է եւ դրանով գրավիչ են: Ինձ համար հերոսները օգնականներ են, որ ասելիքս մատուցեն, բեռնակի ձիեր, որ խոսքս տանեն-հասցնեն ընթերցողին, եւ այդ առումով չկան նախընտրելի կերպարներ:
-Գիրքն ավարտվում է մեր օրերում։ Հարցադրումներն այլ են՝ ո՞վ է տեսել, որ հաղթանակած կողմը զինադադար կնքի, ինչո՞ւ Բաղրամյանն իր քաջութան դիմաց չպահանջեց հետ վերադարձնել Ղարաբաղն ու Նախիջյանը․․․ Հարցեր տվողն էլ Մովսեսն է։
-Այո, նա կրկնում է այն, ինչ ամենօրյա խոսակցությունների ժամանակ այսօր կրկնում է մեր ժողովուրդը: Նա ինչ-որ տեղ ժողովուրդն է, որ իր ներսում ստորգետնյա ջրի պես ծածուկ պահում է սերը արմատների հանդեպ, բայց ստիպված է ապրել եւ աշխատել Լենինի նկարի ներքո:
-Գրքի վերջում ամենաշատը ուզում էի, որ Մովսեսի կնոջը չմնա «Նապոլեոնը»։ Ի՞նչն եք դուք կարեւորել այդ դրվագով։
-Նապոլեոնը, որը տասնհինգ գրամանոց ֆրանսիական ոսկեդրամ է՝ Նապոլեոն զորավարի կիսադեմով, մեր գյուղի կանանցից մեկի վզին եմ տեսել: Նա այնպես էր քայլում, ասես Նապոլեոնին մեծ լավություն էր արել, որ նրան կախաղան էր հանել իր վզի վրա: Այս դեպքում ոսկեդրամը միայն ոսկի չէ, մեկ այլ հարստություն է՝ արժանապատվությո՛ւն, նաեւ՝ Մովսեսի արժանապատվությունը, եւ այն պետք է գտներ իր տիրոջը:
-Թարգմանվելո՞ւ է գիրքը եւ ի՞նչ կտա այն դրսի ընթերցողին։ Գրելիս հաշվի առե՞լ եք ներսի ու դրսի ընթերցողին։
-Լավ կլիներ, իհարկե, որ թարգմանվեր, բայց տեղյակ չեմ, չգիտեմ գործակալությունը կամ հրատարակչությունը առաջարկե՞լ են կամ կառաջարկե՞ն որեւէ հրատարակչի դրսում: Բայց ներսի ու դրսի ընթերցողներին տարբերակելը արհեստական եմ համարում: Մարդն ամեն տեղ մարդ է, կյանքն ու մահը ամեն տեղ նույնն են… եւ որպես կանոն աշխարհում ցանկացած մարդու սիրտ գտնվում է կրծքավանդակի ձախ մասում: Չնայած ես գիտեի մեկին, որի սիրտը աջ կողմում էր:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: