Լիլիթ Ալթունյանի «Խավարի թագավորը»՝ անծանոթ, լուսավոր աշխարհում - Mediamax.am

exclusive
2586 դիտում

Լիլիթ Ալթունյանի «Խավարի թագավորը»՝ անծանոթ, լուսավոր աշխարհում


Լիլիթ Ալթունյանը
Լիլիթ Ալթունյանը

Լուսանկարը` Լիլիան Գալստյան

Լիլիթ Ալթունյանը
Լիլիթ Ալթունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Թագավորն անհոգ ապրում է խավարում, մինչեւ մի անբացատրելի ձայն խախտում է նրա անդորրը: Լիլիթ Ալթունյանի «Խավարի թագավորը» պատկերագիրքը նախատեսված է 3-8 տարեկանների համար։ Լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։ Հեղինակի խոսքով՝ գիրքը օգնում է երեխաներին մտածել, պատասխաններ գտնել կյանքի կարեւորագույն հարցերի մասին։

 

-Լիլիթ, նախ՝ պատմությունը, հետո՝ նկարնե՞րը, թե՞ միաժամանակ են ստեղծվում խոսքն ու պատկերը։

 

-Հիմնականում՝ պատմությունը, հետո՝ նկարները: Սակայն նկարազարդման ընթացքը նույնպես ազդում է տեքստի վրա: Ընդհանրապես՝ հեղինակ եւ միաժամանակ նկարազարդող լինելու առավելությունն այն է, որ խնդիր չի առաջանում, թե որն է առաջինը, որը՝ երկրորդը: Գիրքը ծնվում է ամբողջական մի խմորումով:

 

-Ինչպե՞ս ստեղծվեց «Խավարի թագավորը»։

 

- Ես ունեմ արդեն գրած մեծ թվով պատմություններ, ու դրանք ավելանում են։ Իսկ երբ զգում եմ, որ դրանցից մեկի ժամանակը եկել է, ծնվում են նաեւ նկարազարդումները: «Խավարի թագավորի»  նկարազարդումները սկսեցի, երբ մասնակցում էի Ֆրանսիայի հեղինակավոր Կլեղման Ֆեղանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին (ներկայացված էր անիմացիոն կարճամետրաժ ֆիլմս)։ Երեւի մի փոքր կտրվել էի առօրյա գործերից ու ոգեշնչվել:

 

-Ինչո՞ւ «Խավարի թագավորը»։ Ծնողները երեխաների համար գիրքը գնելիս գուցե երկմտեն, կարծելով, որ խավարի մասին է գիրքը։

 

-Հուսով եմ՝ ծնողները գիրքը ձեռք բերելիս ավելի խորն են ուսումնասիրում դրա պարունակությունը, հուսով եմ նաեւ, որ թույլ են տալիս՝ երեխան էլ մասնակցի գրքի ընտրությանը:

 

Բայց նույնիսկ եթե պատմությունը խավարի մասին է, դա դեռ չի նշանակում, որ այն բացասական պատմություն է, չէ՞:

 

- Ձեր գրքում շեշտադրվում է խավարի ու լույսի ներդաշնակության անհրաժեշտությունը։ Ինչպե՞ս է սակայն այս ուղերձը հասնելու երեխաներին, ինչպե՞ս են ընկալում նրանք ուղիղ ասվածն ու տողատակը։

 

-Մենք պատմություններ սիրող արարածներ ենք: Հնուց մարդիկ պատմություններ են պատմել իրար ու շարունակում են պատմել։ Այսօր ուղղակի փոխվել, զարգացել  են այդ պատմությունները մատուցելու միջոցները։

 

«Խավարի թագավորը» ունի ոչ թե մեկ, այլ մի քանի թաքնված գաղափար, սակայն դրանցից ամենամոտ շերտում գտնվողը թերեւս այս աշխարհի երկակիությունը տեսնելն ու դրա մեջ ներդաշնակություն գտնելն է: Երեխաները ենթագիտակցաբար ընկալում են պատմությունները, իսկ եթե հարցեր ունենան, լավ առիթ է՝ ծնողների հետ դրանք քննարկելու։

 

-Նոր աշխարհներ որոնելու, երեւույթները տարբեր կողմերից նայելու անհրաժեշտությունը տարիների փորձի հետ է մարդը ձեռք բերում։ Ի՞նչ է տալիս այս առումով գրականությո՞ւնը, տվյալ դեպքում՝ մանկական գրականությունը։

 

-Պատկերագրքի ժանրը, որում ես ստեղծագործում եմ, կարեւորում է եւ՛ գրական ստեղծագործությունը, եւ՛ պատկերը: «Խավարի թագավորը» ուղղված է 3-8 տարեկաններին: Գիրքը կարեւոր մի օղակ է այս տարիքի երեխաների համար. այն ապահովում է անցումը ծնողից պատմություններ լսելուց դեպի ինքնուրույն կարդալ սովորելը:

Լիլիթ Ալթունյանը Լիլիթ Ալթունյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Ես էսպես եմ տեսնում. ճշմարտությունները հավաքվում են մեր ներսում, որ երբ կյանքում դրանց կարիքն ունենանք, մեզ օգնության գան:

 

-Ո՞րն է առաջնայինը մանկական գրականության համար՝ հետաքրքրաշարժ լինե՞լը, թե՞ դաստիարակչական, ճանաչողական նշանակությունը։ Ինքներդ ի՞նչն եք կարեւորում։

 

-Բոլոր հատկություններն էլ կարեւոր են: Ուղղակի կախված ժանրից՝ մի հատկանիշը կարող է ավելի ակտիվ լինել, մյուսը՝ ոչ այդքան։ Ես կավելացնեի մի դրույթ էլ․ մանկական գրքերը պիտի զարգացնեն երեխայի ճաշակը, գույնի, պատկերի ու բովանդակության ընկալումը։ Երեխայի համար գիրք ստեղծելիս  չպիտի վախենանք ոչ վառ գույներ օգտագործելուց, տարբեր լինելուց, չպիտի անտեսենք գրագետ էջադրում անելը, կամ մտածենք, որ երեխայի համար դրանք կարեւոր չեն:

 

Երեխայի համար պատմություն ստեղծելիս հարկ է հարմարեցնել գրականության լեզուն, բայց ոչ թե հասցնել պարզունակության ու ձանձրույթի դուռը։ Երեխաներին, ինչպես նաեւ մեծերին, հաճելի չեն այն պատմությունները, որ համարյա ուղիղ տեքստով խրատում են նրանց: Չէ՞ որ արվեստը նաեւ երեւակայություն է, զվարճանք ու նոր, անծանոթ աշխարհներ բացահայտելու միջոց: Մենք կերտվում ենք՝ մեզ շրջապատող աշխարհից ազդակներ վերցնելով, ու այդ ազդակները պետք է լինեն երեխայի համար լավագույնը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին