Խիմենեսի «Պլատերոն եւ ես» երկը՝ համամարդկային արժեքների ներբող - Mediamax.am

exclusive
2318 դիտում

Խիմենեսի «Պլատերոն եւ ես» երկը՝ համամարդկային արժեքների ներբող


Խուան Ռամոն Խիմենեսը
Խուան Ռամոն Խիմենեսը
Հասմիկ Ամիրաղյանը
Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունները լույս են ընծայել Նոբելյան մրցանակակիր Խուան Ռամոն Խիմենեսի (1881-1958) «Պլատերոն եւ ես» երկը։ Իսպաներենից թարգմանել եւ առաջաբանը գրել է Հասմիկ Ամիրաղյանը: Նրա խոսքով՝ «Պլատերոն եւ ես» քնարական հուշագրությունը Խիմենեսի ամենից թարգմանված երկն է։

 

- Ինչո՞վ է առանձնանում «Պլատերոն» հեղինակի մյուս գործերից, ինչո՞ւմ է հաջողության գաղտնիքը։

 

- Խիմենեսի բացառիկ բեղուն գրական ժառանգության մեջ «Պլատերոն» միակ «մանկական» գիրքն է, որը երկար տարիներ ներառված է եղել դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկերում։ Սակայն դրա պատկերած գրավիչ աշխարհը կարող է հուզել ամեն տարիքում։ Անմոռանալի պատմությունների խորքում թաքնված փիլիսոփայական ենթատեքստն այս գիրքը վերածում է համամարդկային արժեքների ներբողի։ Կարեւոր դեր է խաղում նաեւ արտակարգ բանաստեղծական լեզուն․ Խիմենեսն առհասարակ մեծ նորարար էր, նրա ստեղծած բառերից անգամ նորաբանությունների բառարան է կազմվել։

 

1956 թվականին բանաստեղծին Նոբելյան մրցանակ է շնորհվել իսպանալեզու գրականության եւ լեզվի զարգացման մեջ հսկայական ավանդի համար, եւ «Պլատերո»-ն նրա քնարական ստեղծագործության հերթական չքնաղ նմուշն է։

 

- Ըստ որոշ տեղեկությունների՝ «Աստվածաշնչից» ու «Դոն Կիխոտից» հետո աշխարհում ամենաթարգմանված գիրքն է։ Հայտնի՞ է Խիմենեսը հայ ընթերցողին։

 

- Մի քանի տարի առաջ իսպանական մամուլում այդպիսի տեղեկություն էր տարածված, կարծում եմ՝ ներկայումս աշխարհում «Պլատերո»-ից շատ թարգմանված այլ գրքեր կան, սակայն փաստ է, որ սա «Դոն Կիխոտ»-ից հետո իսպանալեզու գրականության երկրորդ ամենաթարգմանված գիրքն է։ Ցավոք, այսքան հայտնի եւ հարուստ ժառանգություն թողած հեղինակը գրեթե երբեք չի թարգմանվել հայերեն։

 

Ես տպագիր մամուլում տեսել եմ միայն Ֆրունզիկ Կիրակոսյանի թարգմանությունները՝ «Գարուն» ամսագրում լույս տեսած մի քանի բանաստեղծություն։ Քանի որ «Պլատերոն» փաստորեն լինելու էր Խիմենեսի՝ հայերեն թարգմանված առաջին գիրքը, «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունները որոշեցին գրքում ներառել նաեւ իսպաներեն բնագիրը՝ այդպիսով ավելի մեծացնելով այս անդրանիկ հրատարակության խորհրդանշական արժեքը։ Երկլեզվյան տարբերակն իսկապես հաճելի նվեր դարձավ թե՛ Խիմենեսի ժառանգների, թե՛ Իսպանիայի մշակույթի նախարարության համար։ Ներկայում նույն հրատարակչությունների հետ պատրաստվում ենք լույս ընծայել իսպանացի միջնադարյան հեղինակ, ազնվական դոն Խուան Մանուելի «Կոմս Լուկանոր» առականին, իսկ հետագայում գուցե դարձյալ անդրադառնանք Խիմենեսի ստեղծագործությանը, որը, իսկապես, կարոտ է թարգմանության։

 

- Խոսենք ժանրային առանձնահատկության մասին՝ քնարական հուշ ձեւակերպումն է տրվում։ Հեղինակն ինքը արձակ բանաստեղծություն է համարում այս երկը։

 

- Շատ դժվար է մեկ բառով բնորոշել «Պլատերո»-ի ժանրը։ Մի կողմից՝ սա Խիմենեսի հայրենի Մոգեր գյուղի, դրա ավանդույթների, բնակիչների իրապատումն է, մյուս կողմից՝ հերոսի ներաշխարհի, իշուկ Պլատերոյի հետ զբոսանքների ժամանակ նրա մտորումների օրագրությունը։ Գիրքը կարելի է ոչ միայն կարդալ սկզբից մինչեւ վերջ, այլեւ բացել որեւէ գլուխ եւ ընթերցանությունից նույնպիսի հաճույք ստանալ, քանի որ, իսկապես, ամեն գլուխ նման է արձակ բանաստեղծության։

 

- Խիմենեսի լեզուն, ոճը հայերեն ներկայացնելու համար ի՞նչ աշխատանք ու հմտություններ են պահանջվում թարգմանչից, ու հայերենը տալի՞ս է այդ հնարավորությունը։

 

- Բացի ոճական առանձնահատկությունների, բառախաղերի ենթադրած դժվարություններից՝ «Պլատերոն» նաեւ բովանդակային դժվարություններ է պարունակում․ այստեղ հիշատակվում են անդալուսյան կենցաղավարության բազում առարկաներ, նկարագրվում են տարբեր ծեսեր, որոնք արտացոլելու համար լրացուցիչ մեծ աշխատանք է տարվել։

Հասմիկ Ամիրաղյանը Հասմիկ Ամիրաղյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Ինչ վերաբերում է ոճին, փորձել եմ թարգմանել, ինչպես պոեզիա՝ հաշվի առնելով բաղաձայնույթները, ռիթմը, հոմանշային հարստությունը։ Հայերենը, անշուշտ, բանաստեղծական հին եւ փառահեղ ավանդույթով լեզու է, հուսով եմ՝ թարգմանությունը զուրկ չէ բանաստեղծականությունից։

 

- «Հանդարտ անցնում են ժամերը։ Աշխարհում պատերազմ չկա, եւ շինականն անուշ քնած է՝ երազի բարձր խորքում տեսնելով երկինքը։ Գուցե սերը պատվարի բաղեղների արանքից խանդավառ անցնում է աչքերից աչքերին»։ Գրում է իրականության մասին, բայց այդ իրականությունը հովվերգության է նման։ Դա պայմանավորված է նրա ներաշխարհո՞վ, աշխարհընկալմա՞մբ, թե՞ ժամանակներն էին այդպիսին գոնե գրողի հայրենիքում։

 

- Իրականում «Պլատերո»-ի ստեղծմանը նախորդել է խիստ ծանր մի ժամանակաշրջան. հանկարծամահ էր եղել Խիմենեսի հայրը, փչացել էր խաղողի բերքը՝ մեծ կորուստներ պատճառելով ընտանիքին, քաղաքական դրությունը տարիներ անց հանգեցնելու էր քաղաքացիական պատերազմի, որի ժամանակ Խիմենեսը կնոջ հետ անվերադարձ լքելու էր հայրենիքը... «Պլատերոն» ստեղծվում է մի ժամանակամիջոցում, երբ տեւական նեւրոզից դեռ ոչ լրիվ կազդուրված բանաստեղծը Մադրիդից վերադարձել էր հայրենի Մոգեր։ Այս երկում, սակայն, Խիմենեսը նրբազգաց արվեստագետի ձիրքով զտում է ցավը՝ ամոքում գտնելով «առողջության աղբյուր» Մոգերում։ Թեեւ բանաստեղծը խոսում է նաեւ Հուդաների, ատելության, արատավոր երեւույթների մասին, քննադատում է իշխանավորների կամայականությունները, բայց եւ այնպես, «Պլատերո»-ն սիրո մի մեծ ձոն է Մոգերին, եւ ստեղծագործության հովվերգական բնույթն առաջին հերթին արտացոլում է արեւոտ, մշտալուրթ երկնքով, ազնիվ մարդկանցով այս գյուղի շունչը։

 

Կարեւոր դեր է խաղում նաեւ մանկական աշխարհընկալումը․ գլուխներից շատերը հիմնված են Խիմենեսի մանկության հուշերի վրա, շատերում նկարագրվում են նրա քրոջ եւ եղբոր զավակների, գյուղի մյուս երեխաների խաղերը։ Այսպիսով՝ իրականությունը պատկերվում է իր ամբողջ զարմանահրաշությամբ, ինչպես կերեւար մանկան հայացքի առաջ։

 

- Կարո՞ղ ենք ասել, որ այս գրքով ճանաչում ենք Մոգեր գյուղի կենցաղը, բնաշխարհը, ավանդույթները, միաժամանակ, չհնացող, համընդհանուր թեմաներ է վեր հանում՝ կյանքի գոյության, գեղեցկության, մաքրության, հավերժության...

 

- Անտարակույս։ Այս գրքով հնարավոր է ճանաչել Մոգերի եկեղեցիները, փողոցները, սպիտակ տները՝ գույնզգույն ապակիներով ու հարթատանիքներով, որտեղից երեւում է լազուր երկինքը։ Մոգերը հիմա քաղաք է, եւ այնտեղ մինչ օրս էլ ապրում են «Պլատերո»-ի հերոսների ժառանգները։ Քաղաք այցելող հյուրերին անպայման ցույց կտան Խիմենեսի հայրական տունը, տուն-թանգարանը, որի բակում խաղում էր Պլատերոն, Դիեսմոյի մառանը, փողոցը, որտեղ նստում էր Հիմարիկ երեխան, բժիշկ Դարբոնի տունը... Որոշ բաներ, իհարկե, փոխվել են․օրինակ՝ եթե Խիմենեսի ժամանակ Մոգերի հոգին գինին էր եւ հացը, այսօր գինեգործությունն իր տեղը զիջել է ելակի զանգվածային արտադրությանը։ Իսկ, օրինակ, ծիսապաշտությունը պահպանվել է. այսօր էլ մեծ կարեւորություն ունեն սրբերի օրերը, ուխտագնացությունները։ Միեւնույն ժամանակ, նշված համընդհանուր ու չհնացող թեմաներն այս գործը հարազատ են դարձնում ոչ միայն մոգերցիներին, այլեւ յուրաքանչյուր մարդու։

Խուան Ռամոն Խիմենեսը Խուան Ռամոն Խիմենեսը

 

Ամեն երկրում էլ կան աղքատ, սոված երեխաներ, հալածվող օտարականներ, անարդար ուսուցիչներ, դաժան վերաբերմունքի ենթարկվող կենդանիներ, եւ դրանց պատմությունները հուզում են բոլորին։ Այդպես էլ համընդհանուր է ապրիլյան առավոտի, թռչունների երգի, հավերժական բնապատկերների ներշնչած բերկրանքը։

 

- Ի՞նչ ազդեցություն է թողել Խուան Ռամոն Խիմենեսն իսպանական գրականության վրա։

 

- Խիմենեսն իր նորարարություններով մեծ ազդեցություն է թողել թե՛ իսպանական գրականության, թե՛ լեզվի վրա։ Նա ձգտում էր բարեփոխել անգամ ուղղագրությունը եւ իր ժողովածուներից շատերում կիրառել է պարզության սկզբունքի վրա հիմնված, հնչողությանը հարմարեցված նոր ուղղագրություն։ Թեեւ այն տարածում չի գտել, մեծ է թե՛ Խիմենեսի նորաբանությունների դերն իսպանական բառապաշարում, թե՛ ոճական ազդեցությունը հետագա բանաստեղծների, մանավանդ 27-ի սերնդի ներկայացուցիչների՝ Գարսիա Լորկայի, Ալբերտիի, Սալինասի, Սերնուդայի, Գիլյենի եւ այլոց վրա, իսկ Իսպանիայից հեռանալուց հետո նա մեծապես նպաստել է Կուբայի, Պուերտո Ռիկոյի գրականության ճանաչմանը։

 

- «Մանկուց, Պլատե՛րո, բնազդաբար սարսափել եմ խրատներից, ինչպես եւ եկեղեցուց, ոստիկանությունից, ցլամարտներից ու ակորդեոնից»։ Ասում է նաեւ, որ իր համար առակներում հարկադրաբար հիմարություն անող կենդանիները ու կրկեսում վարժեցված կենդանիները տհաճ մղձավանջ են։ Իսպանացի գրողին մեր լեզվով կասեինք՝ բնապահպան։ Ու պատահական չէ, որ նրա զրուցակիցը ավանակն է։

 

- «Պլատերո»-ն ողողված է բնության պաշտամունքով, ներբողում է թռչունների ազատությունը, թիթեռների հոգեզմայլ գեղեցկությունը, իսկ տանն ապրող դեղձանիկը, կրիան, շներն ու ձիերը գրքի կարեւոր հերոսներից են։ Կարեւորագույնը, սակայն, Պլատերոն է՝ արծաթափայլ ավանակը, քնարական հերոսի դեգերումների մշտական ուղեկիցը։ Խիմենեսը բարկանում է՝ բառարանում կարդալով, թե «ավանակ» բառը հեգնական իմաստ ունի․ «Ախր լավ մարդուն պիտի ավանա՛կ ասեին։ Ախր վատ ավանակին պիտի մա՛րդ ասեին»։ Նա հրաժարվում է զբոսայգի մտնելուց, երբ արգելում են Պլատերոյի մուտքը։ Պլատերոն, սակայն, ոչ միայն զբոսընկեր է, այլեւ լիարժեք գրական հերոս՝ ուրույն բնավորության գծերով, «խելացի, ծերուկի ու մանկան ընկեր, առվի ու թիթեռի, արեւի ու շան, ծաղկի ու լուսնի ընկեր, համբերատար ու մտասույզ, մելամաղձոտ ու սիրալիր», եւ գրքում խտացած է կենդանիների ազնվությունն ու անձնվիրությունը խորհրդանշող այս կերպարի նկատմամբ ամբողջ քնքշանքը։

 

- Ի՞նչ կտա այս գիրքը մերօրյա ընթերցողին։

 

- «Պլատերոն» ունակ է շարժելու ընթերցողների սիրտը ժամանակային սահմաններից անդին։ Քանի դեռ մարդիկ սիրում են ու երազում, փորձում վերծանել բնության, հոգու, գոյության առեղծվածները, այս գիրքը կշարունակի թարգմանվել։ Իսկ աղետալի, սրտամաշ ժամանակներում հատկապես ուշագրավ են դրա հիշեցրած հավերժական արժեքները, անգամ հուսահատության պահին գեղեցկությունը, բարին գնահատելու, հավատը չկորցնելու կարեւորությունը։

 

Արմինե Սարգսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին