Գուրգեն Խանջյանի «կորած» վիպակների վերադարձը - Mediamax.am

Նոյեմբեր 22, 2025
exclusive
2834 դիտում

Գուրգեն Խանջյանի «կորած» վիպակների վերադարձը


Գուրգեն Խանջյանը
Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Գերման Ավագյան

Գուրգեն Խանջյանը
Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյան

Լուսանկարը` Անտարես

Լուսանկարը` Անտարես


Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի վիպակները վերահրատարկվել են առանձին գրքերով: 

 

«Նպատակ ունեինք հրատարակչական որեւէ կարեւոր աշխատանքով նշանավորել մեր օրերի լավագույն արձակագրի 70-ամյակը. ավելի լավ նվեր եւ՛ գրողին, եւ՛ ընթերցողին, քան այս վիպակները հրատարակումը, չէի պատկերացնում»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

 

- Այս վիպակները լույս են տեսել 1994-ից մինչեւ 2004 թվականը, այսինքն՝ տասը տարվա ստեղծագործական աշխատանքի ընթացք են, բայց տպագրվել են այլ ժողովածուներում՝ այլ պատմվածքների եւ դրամաների հետ միասին, եւ, ինչ-որ առումով, «կորել են»: 

 

Թեպետ գրականագիտական անդրադարձներ ժամանակին եղել են, բայց ժամանակակից ընթերցողը գրեթե անծանոթ է այդ գործերին, որովհետեւ լույս են տեսել 90-ականներին, 2000-ականների սկզբին, հիմնականում վատ տպագրությամբ, քիչ տպաքանակով, գրախանութներում համարյա չեն եղել, գրադարաններում շատ քիչ կան: 

Լուսանկարը` Անտարես

Հատկապես «Ստվերներ խամաճիկների փողոցում» վիպակը տպագրվել է սարսափելի շատ վրիպակներով: Եվ կարծում եմ՝ Խանջյանի ստեղծագործական դիմանկարը ամբողջացնելու համար չափազանց կարեւոր էր այս գործերի վերահրատարակումը: Այստեղ մենք գործ ունենք մի փոքր ուրիշ Գուրգեն Խանջյանի հետ, շատ ավելի էքզիստենցիալ, գլոբալիստ, կոսմոպոլիտ, նաեւ մի փոքր պաթոլոգիկ, որը հետաքրքիր է իր բոլոր դրսեւորումներով, որովհետեւ փոխանցում է 90-ակաների ամբողջ դրամատիզմը, որ ապրել է այդ շրջանի հայ մարդը: 

 

- Վիպակների հաջորդականությունն ըստ ժամանակագրությա՞ն եք ընտրել: 

 

- Քանի որ այդ վիպակների մեջ կան, այսպես ասած, որոշ հարազատություններ, նպատակահարմար գտանք հրատարակել երեք գրքով: «Ստվերներ խամաճիկների փողոցումը»՝ որպես առաջին վիպակ, մի գրքում ենք զետեղել՝ «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակի հետ, որը Խանջյանի վերջին վիպակն է: Սրանք նաեւ գաղափարական առումով իրար հակադիր գործեր են: Առաջին վիպակում շատ ներվ, ըմբոստություն կա, իսկ վերջին վիպակում հասուն Խանջյանը կոչ է անում խաղաղության, հանդարտության, նաեւ ինչ-որ առումով՝ քրիստոնեական արժեքների հավատարմության: «Մարդկանց տուն ուղարկիրը» մեսիջ է հենց իրեն՝ գրողին. Խանջյանի նախորդ գործերում մարդիկ անընդհատ թափառումների, որոնումների մեջ են, այս վեպը մղում է խաղաղության, նաեւ՝ ինքն իր հետ հաշտ ապրելու առումով:

 

Միասին ենք հրատարակել «Սպանել փրկչին» եւ «Հիստերիաներ» վիպակները, որովհետեւ դրանցից առաջինը կապված է Հայոց Աբգար թագավորի հայտնի պատմության հետ, որ նամակ է գրում Քրիստոսին եւ խնդրում գալ ու բուժել իրեն: Պատմական անդրադարձ է, բայց Խանջյանին բնորոշ արդիական մոտեցումներով: Եվ «Հիստերիաներ» վիպակը, իմ ընկալմամբ, մեր ժամանակների քրիստոսատիպ մարդու դրաման է: Սրանք բովանդակությամբ հարազատ են իրար այն առումով, որ մի գործում Քրիստոսին տեսնում ենք իր ժամանակի մեջ, մյուս գործում՝ ժամանակակից ընկալումներում: 

Գուրգեն Խանջյանը Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյան

Առանձին գրքով հրատարակեցինք «Խրամատային գրառումները», որը թե՛ ծավալային, թե՛ ներքին խորքի առումով ձգտում է վիպայնացման եւ  տարբերվում է Խանջյանի բոլոր ստեղծագործություններից: Այստեղ գործ ունենք մարդ-դիտորդի հոտ, որը երբեմն ուղղակի զարհուրելի մանրամասնություններով, պաթոլոգիկ սեւեռումներով բացահայտում է այդ շրջանի մարդու, գուցե, ընդհանրապես, մարդու գարշելի կողմերը: Ես այս վիպակը կանվանեի՝ տգեղի գեղագիտության մարմնավորում, որովհետեւ Խանջյանը կարողացել է գեղագիտական բարձր մակարդակով գեղարվեստականացնել այն, ինչից բոլորս խորշում ենք:

 

- Ժամանակի, տվյալ շրջանի իրականության մասին կարո՞ղ ենք պատկերացում կազմել այս վիպակներով:

 

- Եթե ես միանշանակ ասեմ՝ այո, կասկածի տակ կդնեմ Գուրգեն Խանջյանի գեղարվեստական ընդհանրացումներ կատարելու վարպետությունը: Դրա համար կասեմ՝ եւ՛ այո, եւ՛ ոչ: Ինչու՝ ոչ: Որովհետեւ, մեծ թվով ընթերցողներ կարող են մտածել, որ այս գործերը գրվել են անցյալ տարի կամ այս տարվա սկզբին: Բայց մյուս կողմից, եթե այս վիպակները դիտարկենք ու կարդանք պատմական հատույթի մեջ, անպայման հաշվի առնելով, թե ինչ ժամանակաշրջանում է ստեղծվել, բնական է, որ 90-ականների իրականության, հայ մարդու հոգեբանության, հայ հասարակության բնույթի, հոգեբանական տարուբերումների մասին կարող են լինել անփոխարինելի վկայություններ: Բայց որպեսզի չնեղացնենք գրողի տաղանդի սահմանները, եկեք ավելի ընդհանրացված նայենք այս գործերին:

 

- Թարգմանվելո՞ւ են վիպակները: 

 

- Վերջին շրջանում «Անտարես» հրատարակչության, նաեւ «Առաջին» գրական գործակալության աշխատանքի շնորհիվ, «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, Խանջյանի գործերը լույս տեսան անգլերեն, մակեդոներեն, ալբաներեն: Հետաքրքրութուններ կան այլ երկրներից նույնպես: Ժամանակին՝ 90-ականներին եւ 2000-ակաների սկզբին հետաքրքիր մի բան կար մեր գրական ընթացքում. Խանջյանն այն բացառիկ հեղինակներից էր, ում գրեթե յուրաքանչյուր գործ թարգմանվում եւ հրատարակվում էր «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում: Այս վիպակներից մի քանիսն արդեն կան ռուսերեն եւ պատրաստվում ենք առաջարկել հրատարակիչներին ու առաջարկել բաց ճակատով, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական, հոգեբանական սեւեռումները, որ արծարծվում են Խանջյանի վիպակներում, կարող են արդիական լինել: - Հեղինակը վերանայե՞լ է գործերը, խմբագրումներ արվե՞լ են: - Նշեցի, որ «Ստվերներ խամաճիկների փողոցումը» նախկինում հրատարակվել էր վրիպակներով. դրանք բոլորն ուղղվել են: Խանջյանը՝ որպես գրող, սիրում է անընդհատ աշխատել իր ստեղծագործությունների վրա: Կոսմետիկ հեղինակային միջամտություններ եղել են: Տարիների հեռվից ցանկությունը մեծ է՝ ավելի կատարյալ տեսնելու իր ստեղծագործությունները, բայց մի ճշմարտություն կա. երիտասարդ տարիքում գրածը պետք չէ հասուն տարիքում փոխել: Դա կարող է հանգեցնել գործը փչացնելուն:

 

- Նոր ժողովածուներն առանձնանո՞ւմ են ձեւավորմամբ:

 

- Քանի որ հոբելյանական է, մենք այս երեք ժողովածուները հրատարակեցինք ոչ թե «Անտարեսի» շարքերում, այլ որպես Գուրգեն Խանջյանի երեք վիպակներ: Գրքերը տարբերվում են գույներով, ձեւավորումը նույնն է, եւ յուրաքանչյուրի վրա օգտագործված է Գուրգեն Խանջյանի նկարած որեւէ կոլաժից հատված: Իհարկե, համավարակը մեր ծրագրերը խառնեց: 

Լուսանկարը` Անտարես

Գրքերն ավելի շուտ պետք է լույս տեսնեին, Ազգային գրադարանում մեծ հանդիսություն էր նախատեսված, բայց որպեսզի այդ գործերի հոբելյանական բնույթը ընդգծենք, որոշեցինք այս գրքերից 70 օրինակ շուկա հանել հատուկ տուփերով: Ցանկացողները կարող են գրքերը ձեռք բերել տուփերով (որոնցում անակնկալ կա), վստահ լինելով, որ այդ տուփերից ունենալու է բացառապես 70 մարդ:

 

- Անտիպներ ունի՞ Գուրգեն Խանջյանը:

 

- Խանջյանը Հայաստանի այն բացառիկ գրողներից է, ում յուրաքանչյուր ավարտուն ստեղծագործություն համարյա մեկ ամիս անց հրատարակվում է: Մենք այս վիպակներով, ըստ էության, ամբողջացնում ենք նաեւ Խանջյանի բոլոր գրքերի վերահրատարակությունները: Այս պահին մեկ անտիպ գիրք կա, որը տպարանում է, կոչվում է «Ներսուդուրս»: Հետաքրքիր վեպ է, իր մեջ ներառում է վերջին տարիների մեր իրականությունը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին