Զապել Եսայանի ամենակարեւոր վեպը - Mediamax.am

exclusive
7538 դիտում

Զապել Եսայանի ամենակարեւոր վեպը


Զապել Եսայանը
Զապել Եսայանը
Զապել Եսայանը
Զապել Եսայանը

Գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Զապել Եսայանը ծնվել է 1878-ին Կոստանդնուպոլսի Սիլիհտար թաղամասում եւ իր մանկության հուշերն է ներկայացնում «Սիլիհտարի պարտեզները» ինքնակենսագրական վեպում: 

 

Ընթերցողի սեղանին վեպի նոր հրատարակությունն է՝ զերծ նախորդ հրատարակություններում (1935թ. Երեւանում եւ 1950 թ. Կահիրեում) առկա վրիպակներից ու անհարկի միջամտություններից: 

 

Գիրքը տպագրության է պատրաստել«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: 

 

- Զապել Եսայանի ստեղծած գրական ժառանգության ո՞ր մասն է հասանելի մեր ընթերցողին:  Եվ ինչո՞ւ որոշեցիք  անդրադառնալ հենց այս վեպին: 

 

- Եթե հաշվի առնենք hայ գրականության պատմության մեջ Զապել Եսայանի մեծ դերակատարումն ու հռչակը, ապա նրա տպագրված գրքերի քանակը շատ փոքր է: Կենդանության օրոք Խորհրդային Հայաստանում մեկ-երկու գիրք է լույս տեսել: 

 

Անկախության շրջանում` էլի գլոբալ անտեսվածություն: Թվում է, թե հակառակը պետք է լիներ, մանավանդ որ հիմա բազմաթիվ ֆեմինիստական շարժումներ կան, որոնք գոնե կարող էին հրատարակչական առումով պատշաճ ուշադրություն դարձնել,  բայց Զապելին գովերգելուց, նրա դերը նշելուց այն կողմ չեն անցել:  Հրատարակչական առումով անկախության շրջանում կարող եմ նշել «Ավերակներուն մեջ» եւ վերջապես «Սիլիհտարի պարտեզները» վեպերի հրատարակությունները:

 

 

 

Իհարկե, Զապելն ունի շատ ավելի արժեքավոր գործեր, քան «Սիլիհտարի պարտեզները», բայց մենք նախընտրեցինք դրանով Զապել Եսայանի 140-ամյակը նշել, որովհետեւ իր ամենասիրուն գործն է: Հաշվի առնելով այն փաստը, որ կենսագրական մասով էլ, ըստ էության, մենք քիչ բան գիտենք Զապելի մասին, ինքս ուզեցի, որ նախեւառաջ այդ գիրքը ներկայացվի, որ տեսնենք՝ ինչ պայմանների, հանգամանքների ծնունդ է Զապելը, ինչ խորքի մեջ, ինչ միջավայրում, ինչ ընտանեկան պայմաններում է ձեւավորվել նրա աշխարհայացքն ու կերպարը:

 

- «Սիլիհտարի պարտեզների» առաջին հրատարակություններում առկա  բնագրային տարբերություններն ու վրիպակները գրաքննության արդյո՞ւնք են:

 

-  Դա ենթադրելի է: Ընդհանրապես Զապելն այն քիչ մեծանուն գրողներից է, որ եկավ ու իր կյանքը կապեց Խորհրդային Հայաստանի հետ ազնիվ մղումով՝ գալ, շենացնել այս երկիրը: Չմոռանանք մի շատ կարեւոր հանգամանք. 20-ականների կեսերին, իմ կարծիքով` «վերեւներից» քարոզչական աշխատանքի արդյունքում գրականության մեջ զարգացում ունեցավ ինքնակենսագրական վեպը. Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն»: Դրանց շարքում, ընդ որում՝ ամենաուշը, Զապելի «Սիլիհտարի պարտեզները» վեպն է: Եթե ուշադիր կարդանք այս գործերը, կտեսնենք, որ դրանց մեջ կա գաղափարական, քարոզչական միտում: Նկատի ունեմ, որ գրաքննությունը կամ խմբագրական միջամտությունը եղել է ոչ թե ուղղակի, այլ անուղղակի, այսինքն՝ արվել է ոչ թե երկը ստեղծելուց հետո, այլ նախապես ինչ-որ հանձնարարական տալով:  

 

Զապել Եսայանը Զապել Եսայանը

 

 

Տեսեք, թե Զապելի վեպում ինչքան ընդգրկուն դեր է հատկացված աշխատավորական դասին, ու որոշակի քննադատություն կա, այսպես կոչված, կապիտալիստների հասցեին: Եվ մյուս կողմից, հաշվի առնելով այդ շրջանի խմբագրական, հրատարակչական աշխատողների վարքագիծը, չեմ բացառում, որ նաեւ ուղղակի միջամտություններ են եղել: Պատահական չէ նաեւ Զապելի միտումը՝ վեպն ավարտել այն կետում, երբ ինքը Պոլսից դուրս է գալիս ավելի մեծ աշխարհ՝ կրթություն ստանալու, իր բուն հասարակական գործունեությունը ծավալելու: Այսինքն` չպատմել բաներ, որոնք նկարագրելիս, ուզես թե չուզես, որոշակի հակադրության մեջ ես մտնելու այն գաղափարախոսությանը, որ իշխում էր Խորհրդային Միությունում:

 

- Սա նրա վերջի՞ն գործն է: 

 

- Այս վեպից հետո որոշ գործեր գրել է, բայց 1935 թվականին սկսվեցին հետապնդումները, ինչին հաջորդեցին բանտարկությունն ու ողբերգական մահը: Զապելի այս վեպն առաջին անգամ լույս է տեսել Խորհրդային Հայաստանում, նաեւ տեքստաբանական առումով մեզ համար հետաքրքիր փորձառություն էր: Ես կողմնակից եմ, որ արեւմտահայ, սփյուռքահայ գրողներին հրատարակելիս պահպանենք  իրենց ուղղագրությունը, հարգենք բնագրագիտության ամենակարեւոր կանոնը: Բայց  «Սիլիհտարի պարտեզները» հրատարակել ենք մեր ուղղագրությամբ: Ինչո՞ւ: Սա Զապելի այն գործն է, որ գրվել է Խորհրդային Հայաստանում, եւ հեղինակի կենդանության օրոք առաջին եւ վերջին տպագրությունն է այդ ուղղագրությամբ: Մենք պետք է հարգենք նաեւ դա:

 

- Թվում է՝ այս վեպը պետք է շարունակություն ունենա: Ինքնակենսագրական այլ գործեր  հանդիպո՞ւմ են:

 

- Զապելի ներաշխարհը եւ մարդկային տեսակը հաշվի առնելով՝ կարելի է իր բոլոր գործերը համարել ինքնակենսագրական: Շատ հախուռն, նրբազգաց հոգի էր, նրա ապրումները, պատմությունները, հարաբերությունները տարբեր մարդկանց, երեւույթների հետ արտացոլված են գրականության մեջ, բայց բուն կենսագրական գծով «Սիլիհտարի պարտեզները», չասեմ միակը, բայց ամենակարեւորն է: 

 

- Ինքնակենսագրական է, բայց միեւնույն ժամանակ ճշգրիտ նկարագրում է տվյալ ժամանակը, միջավայրը, մարդկային հարաբերություններն ու բարքերը: 

 

- Զապելը գիտակցում էր, որ պատմության վկայագրությունները, երբ  դառնում են պատմության դասագրքերի նյութ, շատ երեւույթներ ներկայացնում են միակողմանի, եւ փորձում էր ժամանակաշրջաններն իրենց ամբողջ խորքով պատկերել: Ինչ վերաբերում է իր կերպարին, իր կենսագրությանը, ինչո՞ւ պետք է այդ ամենը շատ լավ ուսումնասիրվի, որովհետեւ բոլոր բախտորոշ ժամանակաշրջանների մեջ նա այսպես թե այնպես եղավ, առնչվեց: 

 

Զապել Եսայանը Զապել Եսայանը

 

 

Եղեռնի վերապրում եւ կյանքի կազմակերպում Պոլսում եւ այլ գաղթօջախներում, Խորհրդային Հայաստան, ստալինյան ռեպրեսիաներ, անհասկանալի առեղծվածային մահեր, խրուշչովյան «ձնհալի» շրջանում գործերի հրատարակություններ, ֆեմինիստական շարժումներ՝ կնոջ դերի, պատվի ներկայացում գրականությամբ եւ սեփական անձով: Աշխարհում շատ ավելի են գիտակցում Զապել Եսայանի դերը, քան մենք: Մի օրինակ՝ Ֆրանսիայում կա Զապելի անվան փողոց: 

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին