«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել վրաց գրող Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը: Վրացի հանրահայտ գրողի` հայերեն առաջին վեպը թարգմանել է Անահիտ Բոստանջյանը: «Ճիլաձեն մեծ մտածող է: Հայրենիքի ճակատագիրն է նրա բոլոր մտորումների ու գործողությունների առանցքը: Մահվան շնչում անգամ նա քրոջը մի բան է խնդրել՝ խնայեք Վրաստանին...մե՜ղք է...»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Բոստանջյանը:
-Թե՛ հեղինակը, թե՛ նրա այս վեպը վաղուց են գրավել աշխարհի բազմաթիվ ու մեծանուն գրողների, գրականագետների, թարգմանիչների, հրատարակիչների ուշադրությունը, ու ցանկալի կլինի (ինձ համար հատկապես՝ որպես Ճիլաձեի հայերեն առաջին թարգմանչի) նույնը տեսնել նաեւ Հայաստանում: Շնորհակալ եմ «Անտարես մեդիա հոլդինգի» նախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը հնարավորություն տվեց ինձ իրականացնելու տարիներ առաջ անձամբ Օթար Ճիլաձեին տված խոստումս՝ թարգմանել իր վեպերից մի քանիսը հայերեն:
Այո՛, այս վեպը մի տոհմի, մի գերդաստանի պատմություն է, եւ իրենից ներկայացնում է Վրաստանի պատմության մի ժամանակաշրջանի կյանք՝ մի քանի սերնդի պատմության, հոգեբանության, գաղափարների, մտածողության, վարքագծի օրինակով:
Այսուամենայնիվ, առկա է եւ գրողի երեւակայությունը, ինչպես լինում է սովորաբար, գրական ստեղծագործությունների դեպքում, մանավանդ վեպերի դեպքում: Բավականին զանգվածային իրադարձությունների պատմություն է: Ընդգծում եմ՝ զանգվածային, որովհետեւ մի գերդաստանի պատմությամբ մի ամբողջ ժամանակաշրջան է վերհանված՝ իր կատակլիզմերով, ինտրիգներով, ողբերգություններով, անկումներով: Իսկ գրողի վարպետության ցուցանիշը հենց այս մասշտաբայնությունն է: Գոլսոուրսիի «Ֆորսայթների պատմության» մեջ էլ մի գերդաստանի պատմություն է, բայց պատումն այստեղ լոկալ է, ոչ թե զանգվածային: «Քթոցը» մինչխորհրդային (ու դեռ շատ ավելի) ժամանակներից հասել է մինչեւ Աբխազիայի պատերազմ: Մի ողբերգությունից
(ազգակործան) մինչեւ մյուս ողբերգություն՝ տարածքային ամբողջականության նորօրյա խախտում, հողերի կորուստ:
Այս վեպը նաեւ այսօրվան ուղղված կոչ է: Գրքի հերոսներին կարող ենք այսօր էլ տեսնել մեր կողքին, եւ ոչ միայն վրաց իրականության մեջ: Նրանք ամենուր են: Նրանք համակարգ են, այո, որ իրենց գոյութամբ ու գործերով, իրենց ստոր կրքերով ու անհագուրդ ախորժակով, մարդկանց վրա իշխելու, նրանց ստրուկի վիճակում պահելու մոլուցքով սասանում են աշխարհի հիմքը, երկրներ կործանում, խեղում մարդկային ճակատագրեր: Ու եթե հայտնվում են հենց նրանց միջից հենց իրենց դեմ դուրս եկող «յուրայիններ», ապա եթե անգամ հայրասպանություններ մինչեւ անգամ որդեսպանություններ են կատարվում կամ խելագարություններ, միեւնույն է՝ արմատները խորն են, ու «համակարգը» շարունակում է իր քայքայիչ ու կործանարար «առաքելությունը»:
- Վրաստանն ու Հայաստանը պատմական տվյալ ժամանակահատվածում գրեթե նույն ճանապարհով են անցել, կարելի՞ է տեսնել նաեւ սեփական երկրի պատմությունն ու դիմագիծը այս վեպում:
-Այո՛ Հայաստանն ու Վրաստանը շատ նման են իրար, բախտակից ժողովուրդներ են՝ Հայոս-Քարթլոսի ժամանակներից: Եվ բնական է, խորհրդային տարիներին էլ նրանք պիտի նույն օդը շնչեին ու նույն պարը պարեին՝ ռուսական նվագի տակ: Կորցնելով ազատության ճիշտ ընկալումը, կորցնելով սեփական ես-ը, լեզուն, ավանդույթները:
Այն փոփոխությունները, այն դարակազմիկ իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում ու Վրաստանում, մարդկային հոգեբանության մեջ, այն տեղաշարժերը հավասարապես կամ աննշան տարբերություններով նույնն էին երկու երկրներում էլ: Որպես հետտխորհրդային երկրներ` դեպի անկախություն ճանապարհին էլ գրեթե նույն խմորումների միջով անցան:
-Վեպում ասվում է. «Աստված ի սկզբանե վրացի ամեն տղայի որպես զինվոր է արարել: Ահա թե ինչումն է մեր անմահության գաղտնիքը... Կփրկես հայրենիքը` կփրկվես, չես փրկի` արդեն գիտես, թե առջեւում քեզ ինչ է սպասվում»: Ասվում է նաեւ, որ «Պարտությունը դեռ չի նշանակում վերջ: Վերջը խաղաղությունն է, բոլոր պատերազմներն ավարտվում են խաղաղությամբ»: Մեծ հաշվով` «Քթոցը» պարտությա՞մբ է ավարտվում, պատերազմո՞վ, թե՞ խաղաղությամբ:
-Այս հարցին կա միայն մի պատասխան՝ խաղաղությամբ: Մատենագրության, պատմության համար դարը մի վայրկյան է, իսկ մարդկության համար, տեսնո՞ւմ եք, մի ամբողջ երեք սերունդ: Մարդկության պատմության մեջ պատերազմներ միշտ եղել են ու չեն ավարտվում: Այսօր էլ աշխարհում պատերազմներ են մոլեգնում: Թվում է՝ երրորդ համաշխարհայինի ուրվականն է մոլեգնում: Եվ սրա պատճառը, կարծում եմ, մարդու հոգին է, մարդու հոգու անվերջ նյութական քաղցը, չարությունը, իշխումի տենչը:
Ամբողջ վեպում հեղինակը հակադրության մեջ է դնում բարին ու չարը: Ահա նրա բնորոշումներից մեկը՝ «Բարին ու չարը միշտ պայքարում են միմյանց դեմ: Եվ մերթ մեկն է հաղթում, մերթ՝ մյուսը: Նրանցից ոչ մեկն էլ չեն վերանում, որովհետեւ կյանքի համար երկուսն էլ հավասարաչափ անհրաժեշտ են. մեկը մյուսի չափորոշիչն է: Որովհետեւ չարի գոյությամբ է, որ գիտես, թե ինչ է նշանակում բարի»:
Վեպը խաղաղությամբ է սակայն ավարտվում, այո՛: Ըստ գրողի՝ կծնվի նոր Վրաստան, հնից միանգամայն տարբեր, մաքո՛ւր: Ի դեպ մի այլ տեղ էլ ասում է. «Ուզում եմ քեզ հանկարծ կորցնել, բայց գտնել մի օր ուրիշ ու մաքուր»: Սա հավատամքի պես է հնչում: Սրանով են ներծծված նրա եւ մյուս վեպերը:
- Ի՞նչ կասեք թարգմանական ընթացքի մասին:
- Նախ ասեմ, որ Ճիլաձեին հայերեն պետք է թարգմանել միայն ու միայն վրացերենից: Երրորդ լեզուն, նկատի ունեմ ռուսերենը, միայն կկորցնի Ճիլաձեին: Կկորչի ճիլաձեական հզոր շունչը, չի լինի դա նրա խոսքը, ուրիշ կլինի, ուրիշինը կլինի: Կփոխվեն անգամ աշխարհագրական տեղանունների ու մարդկանց թագավորների անունները: Ռուսական շունչ կլինի, կկորչի վրացական գոյականին բնորոշ վերջին «ի» տառը, կավելանա «յ» կիսաձայնը, որ վրացին չունի... դարձվածքը կանհամանա, կդառնա ռուսերենի պես:
Օթար Ճիլաձեն
Ես սիրահարված եմ այս վեպին: Ամենակարեւոր բաղադրիչներից մեկը, որի միջոցով է Ճիլաձեն հասել գեղարվեստի ու վիպական խոսքի բարձրակետին, դա վրացական դարձվածքների ու ասույթների շռայլ օգտագործումն է: Այս դժվարությունը, կարծում եմ, կարողացել եմ հաղթահարել՝ մանկությունից ի վեր լավ ծանոթ լինելով թե՝ վրացական, ու թե հայկական դարձվածաբանությանը ու զգալով դրանց զարմանալիորեն շատ ընդհանրությունները:
«Քթոցը» իմ ամենադժվար ու միաժամանակ ամենացանկալի ու սիրելի, ամենահետաքրքիր թարգմանվող գործերից մեկը դարձավ: Թերեւս ամենադժվարը, որով ես իսկապես հպարտանում եմ: Անկարելի է չհպարտանալ: Անկարելի է չուրախանալ, երբ քեզ շնորհակալ են լինում գրողի հարազատները՝ եղբայրը, քույրը, որդին: Էլ չեմ խոսում մյուսների մասին՝ վրաց ու հայ ընթերցողների: Թեեւ առաջինը ես եմ շնորհակալ իրեն՝ Օթար Ճիլաձեին, Վրաստանի մշակույթի նախարարությանը, Վրաստանի Գրքի ազգային կենտրոնին, «Անտարեսին»՝ ինձ վստահելու համար: Կատակ բան չէ Ճիլաձե ինչ-որ մեկին վստահելը: Ոչ էլ կատակ բան է այսպիսի գեղեցիկ, բարձրաճաշակ գիրք հրատարակելը:
Արմինե Սարգսյան


















