Զոյա Փիրզադ`սահմանափակ տարածքում անսահմանության ձգտողը - Mediamax.am

exclusive
3647 դիտում

Զոյա Փիրզադ`սահմանափակ տարածքում անսահմանության ձգտողը


Զոյա Փիրզադը
Զոյա Փիրզադը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Գեւորգ Ասատրյանը
Գեւորգ Ասատրյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Գեւորգ Ասատրյանի թարգմանությամբ լույս է ընծայել իրանահայ անվանի գրող Զոյա Փիրզադի «Զատկի նախօրեին» վիպակների ժողովածուն: Հեղինակի անունը դուրս է եկել Իրանի սահմաններից՝ դառնալով այդ երկրի արդի արձակի խորհրդանիշը: «Զատկի նախօրեին» եռագրությունը թարգմանվել է արեւմտյան եւ արեւելյան բազմաթիվ լեզուներով, արժանացել է իրանական եւ միջազգային մի շարք մրցանակների: Փիրզադն այսօր աշխարհում ամենից շատ թարգմանված օտարագիր հայ գրողն է: Հայերեն առաջին անգամ թարգմանվել ու  ներկայացվել է 2014-ին`«Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուով:

 

««Զատկի նախօրեին» եռագրության ամենահետաքրքիր եւ ամենավառ կերպարը Թահերեն է՝ հայկական դպրոց հաճախող մուսուլման պահակի աղջիկը,- մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Ասատրյանը:

 

- Նա փաստորեն հայտնվում է երկու տարբեր մշակույթների, կրոնների շփման կետում եւ արդյունքում այդ բարի, խելացի, համարձակ, թռվռուն աղջիկը դառնում է այդ տարանջատումների անմեղ զոհը: Կրոնական եւ մշակութային անհանդուրժողականությամբ պայմանավորված իրականությունը կոտրում է դեռահասի նրա թեւերը. «Առաջին անգամ Թահերեն հանգիստ ու հանդարտ էր քայլում: Չէր շտապում, չէր վազում, չէր ցատկոտում...»: 

 

Զոհեր են նաեւ հայկական դպրոցի տնօրենը, Թահերի մայրը: Զոհեր են նաեւ «Խխունջները» եւ «Սպիտակ մանուշակները» վիպակների հերոսները՝ Մարթան, Ալենուշը, Դանիկը… Փիրզադի հերոսները հիմնականում հայեր են, ապրում են հայկական միջավայրում, սակայն նա նեղ, զուտ ազգային խնդիրներ չի արծարծում, ինչպես կարող է ոմանց թվալ, այլ համամարդկային:

 

Նա այն հաստատ համոզման է, որ կրոնները կոչված են բարիացնելու, միավորելու մարդկանց, հանդուրժողականություն քարոզելու, մանավանդ մեր ժամանակներում, երբ շատ պատերազմները հենց կրոնական հողի վրա են ծագում… «Սիրելը մե՞ղք է». ահա, ամենաբարձրաձայն ու ամենացավոտ հարցը, որ հանկերգի նման ու ահազանգի պես հնչում է գրքի համարյա թե բոլոր էջերում: Հեղինակն այդ հարցի պատասխանը թողնում է ընթերցողի երեւակայությանն ու խղճին, թեեւ ինքն ունի դրա հստակ պատասխանը. նա շատ է սիրում իր հերոսներին ու սիրտը շատ է ցավում նրանց խեղված ճակատագրերի համար՝ անկախ նրանց ազգային ու կրոնական պատկանելությունից»:

 

Գեւորգ Ասատրյանի կարծիքով, միայն առաջին հայացքից, այն էլ անփորձ ընթերցողի համար, Փիրզադի գործերը կարող են որպես կենցաղագրություն ընկալվել, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին մեզանում Հրանտ Մաթեւոսյանի գրականություն էր գյուղագրություն բնորոշվում:

Գեւորգ Ասատրյանը Գեւորգ Ասատրյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

«Գրական աշխարհ մտնելու առաջին օրերին հենց այդպես էլ նրան ընկալել են Իրանում՝ տալով «Խոհանցի գրող» մականունը: Սակայն շուտով հայազգի գրողը դառնալու էր 80 միլիոնանոց այդ երկրի այցեքարտը միջազգային գրական հարթակներում եւ նրա «խոհանոցային» ոճին էր հետեւելու գրողների, հատկապես «ճաշ եփող» կին գրողների մի հսկայական բանակ: Այո, ընդունված է կարծել, որ կենցաղում ոչնչանում է ամեն ինչ՝ սեր, երազանք, տենչեր ու իղձեր, բայց Զոյա Փիրզադ կինն ու գրողը հենց կենցաղում, մանրուքներում, դետալներում է տեսնում կյանքի հմայքը, գեղեցկությունները»: 

 

«Զատկի նախօրեինի» առաջաբանի հեղինակ, սիրված ու ճանաչված գրող Ռուբեն Հովսեփյանը նկատում է. 

 

«Փոքր, սահմանափակ տարածքներում անսահմանության ձգտող հեղինակն աննշան թվացող մանրամասների, հարաբերությունների, երեւույթների, դեպքերի միջոցով կառուցում է, գոնե հայ ընթերցողին անծանոթ մի աշխարհ, եւ դու, ակամա, ապրում ես այն վայելքը, որ ունենում է կառույցին, թեկուզեւ, մի դույլ շաղախով մասնակից մեկը»:

 

Թարգմանության ընթացքի մասին խոսելով` Գեւորգ Ասատրյանն ասաց, որ  Փիրզադի գրականության պարզության մեջ վտանգավոր բան կա, որովհետեւ շատ նուրբ է պարզի ու պարզունակի սահմանը: Մի փոքր սայթաքում`եւ  կարող ես ընկել պարզունակության գիրկը: «Նրա գրականությունը չի թողնում աղջկան, կնոջն ասեմ գեղեցիկ, չքնաղ, հիասքանչ, աննման, չնաշխարհիկ: Նա գրողական այդ զենքերը չի օգտագործում: Պիտի ասես ընդամենը «սիրուն»: Պիտի հոգին որսաս, որ թաքնված է պարզ բառերի խորքում: Նա անպաճույճ ու անսեթեւեթ լեզվով ընդամենը ճշմարտությունն է պատմում կյանքի մասին՝ չի՛ դատում, չի՛ խրատում, եւ ոչ էլ մարգարեի կամ հեղափոխականի կեցվածք է ընդունում»,- ընդգծում է թարգմանիչը:

 

Ասում են՝ Զոյա Փիրզադի գրքերն իրենց տպաքանակով Իրանում զիջում են թերեւս միայն Ղուրանին եւ պարսկական պոեզիայի արքային՝ Հաֆեզին:

Լուսանկարը` «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Հետաքրքրվեցի`առհասարակ ի՞նչ տպաքանակով են հրատարկվում գրքերը Իրանում,  ինչպե՞ս է ներկայացվում գրողը: Գուցե Զոյա Փիրզադը բացառություն չէ՞: Գեւորգ Ասատրյանը տեղեկացրեց, որ Փիրզադի ցանկացած գիրք բազմակի հրատարակություններ ունի, ներկա է յուրաքանչյուրի տանը, նրան գիտեն բոլորը` սկսած տնային տնտեսուհիներից:

 

«Վերջերս Իրանում էի, գրախանութ մտանք: Հատուկ ուշադրություն դարձրեցի. Զոյա Փիրզադի «Լույսերը ես կհանգցնեմ» վեպի կազմին գրված էր` 87-րդ հրատարակությունը: Իրանն այսօր էլ հզոր եւ բազմաձայն գրականություն ունի, ինչի մասին հայ ընթերցողը, ցավոք, քաջատեղյակ չէ: Մեր հարեւան երկիրը գրահրատարակչական ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկն է եւ հազարավոր առաջնակարգ գրողների, հազարումի ոճերի, ասելիքների մեջ աչքի ընկնելու համար առանձնակի տաղանդ է պետք»,- ասաց Գեւորգ Ասատրյանը: Հա համոզմունք հայտնեց, որ հայ ընթերցողը սիրելու է Զոյա Փիրզադին, իսկ նրա գրականությունը (թեկուզեւ թարգմանաբար) դառնալու է հայ ներկա գրականության ընթացքի ինքնատիպ ու անփոխարինելի ուղեկիցներից մեկը:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին