«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է Աստրիդ Լինդգրենի «Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները» («Nya hyss av Emil i Lönneberga») վիպակը` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ: Շվեդ մանկագիրն այս գրքում շարունակում է Էմիլի մայրիկի օրագրի էջերը` պատմելով լյոնեբերգացի փոքրիկի նոր չարաճճիությունների մասին:
Մեր զրուցակիցը Աշխեն Բախչինյանն է:
-Աստրիդ Լինդգրենը գրական աշխարհ է մուտք գործել «Երկարագուլպա Պիպին» վիպակով՝ հեղաշրջելով մանկական գրականությունը։ «Երկարագուլպա Պիպին» հրատարակվել է 1944 թվականին եւ այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։ Հայերեն թարգմանվել է առաջին անգամ 2013-ին` Ձեր կողմից: Հեղաշրջում ասվածն ի՞նչ է ենթադրում, ինչո՞վ է առանձնանում շվեդ գրողի ձեռագիրը, եւ, փաստորեն, բավական ո՞ւշ է հայ ընթերցողը ծանոթացել Լինդգրենի գործերին:
-1930-ականներից Շվեդիայում կամաց-կամաց սկսում են ձեւավորվել եւ շրջանառվել մանկավարժական եւ դաստիարակչական նոր գաղափարներ, որոնց հիմքում ընկած է երեխայի անձի, նրա զգացմունքների հանդեպ հարգանքը: Աստրիդ Լինդգրենն իր գործունեությամբ ու գրականությամբ դարձավ հենց այդ առաջավոր գաղափարների կրողն ու կյանքի կոչողը։
«Երկարագուլպա Պիպին», որն ամբողջ աշխարհում ամենասիրված եւ կարդացվող գործերից էր, առանձնապես լայն տարածում չի գտնում Խորհրդային Միությունում, որը չէր կարող խրախուսել ինքնուրույն եւ ամենակարող Պիպիի արարքները։ Ռուսերեն այն, իհարկե, թարգմանվել էր, սակայն խորհրդային այլ լեզուների թարգմանությունը, հավանաբար, չէր խրախուսվում, ցանկացողն էլ կարող էր ռուսերեն կարդալ։
-Լինդգրենի` Կառլսոնի մասին վիպակները 2015-ին եք թարգմանել: Կառլսոնին ավելի շատ ճանաչում ենք մուլտֆիլմերից: Էմիլի մասին վիպակները էկրանավորվե՞լ են: Շատ հաճախ հենց կինոն է ապահովում գրական գործի հայտնիությունը:
-Իմիջիայլոց, ինչ-որ հետաքրքիր դիպվածով, իսկ ավելի շուտ ազգային մտածելակերպի կամ հասարակության զարգացման տարբերությունների պատճառով` տանիքի Կառլսոնը, որ առանձնապես հայտնի չէ Շվեդիայում, Խորհրդային տարածքում անչափ սիրված ու հայտնի է դարձել։ Մուլտֆիլմն էլ իր դերն է խաղացել՝ թեթեւակի շտկելով Կառլսոնի «վատ բնավորությունը», ինչի շնորհիվ մինչ օրս քանի «կառլսոնասեր» սերունդ է մեծացել։
Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչություն
Շվեդիայում Աստրիդ Լինդգրենի գրեթե բոլոր ստեղծագործությունների հիման վրա ֆիլմեր եւ մուլտֆիլմեր են նկարվել։ Ես տեսել եմ Երկարագուլպա Պիպիի եւ Էմիլի տարբեր պատմությունները, Ավազակի դուստր Ռոնյան, որոնք հրաշալի մանկական ֆիլմեր են եւ շատ կուզենայի մեր հեռուստադիտող մանուկներն էլ նայեին։ Ի դեպ, համակարգչային խաղեր էլ կան Լինդգրենի մի շարք հայտնի գործերի հիման վրա։ Օրինակ՝ Պիպիի, Էմիլի։
-Մանկական գրքերի պարագայում կարեւորագույն նշանակություն ունեն նկարազարդումները, տառատեսակը: Հայերեն հրատարակության մեջ նշված է` նկարազարդումը` Բյոռն Բերգի: Ենթադրեցի, որ բնօրինակի նկարազարդումն է պահպանվել:
-«Զանգակ» հրատարակչությունը Աստրիդ Լինդգրենի գրականության հետ կապված կարծես որդեգրել է հենց այդ սկզբունքը՝ պահպանել դասական պատկերազարդումները, որպեսզի մեր ընթերցողը հնարավորություն ունենա ծանոթանալ շվեդական մանկական գրքին`հայերեն տարբերակով։
-Մանկական գրականությունն ամենասպառվողն է Հայաստանում, առհասարակ` ամբողջ աշխարհում: Երեխաներին կրթելու եւ դաստիարակելու գործում կոնկրետ այս վիպակը ի՞նչ կարող է տալ փոքրիկ ընթերցողին:
-Լինդգրենը միշտ սիրով է գրում երեխաների մասին, սիրով է հետեւում իր՝ հիմնականում չարաճճի, անկանխատեսելի, կամակոր հերոսների զարգացմանը, եւ ստեղծագործության վերջում ընթերցողն ականատես է լինում, որ սիրո, հարգանքի եւ ազատության մթնոլորտում մեծացած երեխան դառնում է լիարժեք, ազատամիտ, ուժեղ եւ ազնիվ մարդ։ Երեխաներն այս զվարճալի պատմություններով, որոնց մեջ իրենք իսկ ապրում են հերոսների կյանքով, ստանում են նոր տպավորություններ, ծանոթանում են նոր աշխարհների, աստիճանաբար յուրացնում են այն բոլոր համամարդկային արժեքները, որոնք թաքնված են բարձրարվեստ բոլոր ստեղծագործություններում՝ կրթվելով եւ հասունանալով, ձեւավորում են իրենց սեփական արժեհամակարգը։
Լուսանկարը` Ա. Բախչինյանի արխիվից
-Գրքի սկզբում հեղինակը պատմում է, որ լյոնեբերգացիները փող են հավաքում անկարգ Էմիլին Ամերիկա ուղարկելու համար, իսկ նրա մայրիկը կապոցն այնպես է շպրտում, որ փողերը ցրիվ են գալիս Լյոնեբերգայով մեկ: Նա համոզված էր, որ էմիլը հրաշալի փոքրիկ տղա է, ընթերցողը նույնպես դրանում համոզվում է: Փոքրիկը եւ ծիծաղ է հարցում, եւ հարգանք, նաեւ հաջողեցնում է կուշտ կերակրել բոլոր սոված տատիկներին ու պապիկներին` դաս տալով իշխանավոր Շեֆուհուն: Բացի նրանից, որ բարության քարոզ կա, եւ հստակ գծվում է չարի ու չարաճճիի սահմանը, կարելի՞ է ասել, որ նաեւ հղում կա ծնողներին. ինչպիսին տեսնում ես երեխայիդ, նա հենց այդպիսին է:
-Աստրիդ Լինդգրենը, ինչպես եւ Էմիլի մայրիկը, հանգիստ է վերաբերվում մանկական անկարգություններին։ Երեխաները տարբեր են, նրանց զարգացման խթանները` նույնպես։ Մեկը նկարելով է հասունանում, մյուսը՝ չարաճճիություններով։ Մանկավարժի ու ծնողի սկզբունքը պիտի լինի՝ չբռնանալ, չհամեմատել, այլ օգնել, ուղղորդել եւ օժանդակել՝ սիրելով ու հիանալով յուրաքանչյուրի առանձնահատկություններով։
Ծնողներն, առհասարակ, ցանկալի է, որ ծանոթ լինեն ու գնահատեն ստեղծագործությունը, որն առաջարկում են իրենց զավակներին։ Ցանկացած գիրք նախեւառաջ ուղերձ է տողատակ կարդացող ու ընկալող մեծահասակին, հետո միայն զվարճալի պատմություն է երեխաների համար։ Երեխան, իհարկե, կարող է չհասկանալ չարի ու չարաճճիի սահմանը, բայց իր երեխային սիրով ու հարգանքով ուղղորդող ծնողը ի վերջո կմեծացնի համարժեք անհատ։
- Աստրիդ Լինդգրենը Էմիլի մասին երեք վիպակներ է գրել: «Էմիլը Լյոնեբերգայից» գիրքը եւս թարգմանել եք հայերեն եւ այն հրատարակվել է 2015 թ-ին: Երրորդ գիրքը ե՞րբ կհասնի հայ ընթերցողին:
-Ինչպես Պիպին եւ Կառլսոնը, այս ստեղծագործությունը եւս Շվեդիայում հրատարակվել է թե առանձին վիպակներով, եւ թե որպես մի «Մեծ Էմիլապատում»։ Երրորդ վիպակը, կարծում եմ, շատ չի ուշանա։
-Այստեղ էլ`ուղերձ աշխարհի բոլոր երեխաների՞ն. «Նա (մայրը) ճշգրտորեն գրի էր առնում չարաճճիությունները, որ մեծանա, իմանա, թե ինչեր էր անում փոքր ժամանակ, ինչո՞ւ չէ, որպեսզի այդ ժամանակ իմանա, թե ինչու են իր մոր մազերը սպիտակել, եւ գուցե ավելի շատ սիրի մորը` ճերմակ մազերով, որոնք սպիտակել են հենց իր պատճառով»:
-Մեծ գործերի մեծությունն էլ հենց նրանում է, որ նրանք երբեք չեն հնանում։ Երեխա, ծնող, դաստիարակության հարցեր, լուծումներ, պատիժ թե խրախուսանք, անկախ ժամանակից մշտապես արդիական հարցեր են։
- Այս գրքով Լինդգրենը ներկայացնում է շվեդական Վիմերբի գյուղաքաղաքի բնությունը, մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, կերակուրները, առասպելներն ու սովորույթները։ Գրողը հենց Վիմերբիից է: Գուցե կենսագրական տարրե՞ր էլ կան: Հետաքրքիր է նաեւ` նա երեխաներ ունե՞ր:
-Կենսագրական տարրերն ուղղակի չեն, սակայն Լինդգրենի մանկության հուշերն անշուշտ իրենց դրոշմը թողել են այս եւ ոչ միայն այս ստեղծագործության վրա։ Մարդն ամբողջ կյանքի ընթացքում կրում է մանկական տարիներին ստացած ազդեցություններն ու տպավորությունները։ Աստրիդ Լինդգրենի մանկության ժամանակ կյանքն ավելի դանդաղ էր հոսում, խաղերն ու զվարճություններն ավելի պարզ էին, իսկ կապը բնության հետ՝ ավելի սերտ։ Իր ծնողները չափազանց ջերմ ու սիրառատ էին իրենց երեխաների հանդեպ, ինչն այնքան էլ բնորոշ չէր դարասկզբի շվեդական ընտանիքներին եւ, հավանաբար, նաեւ ազգային բնութագրին։ Էմիլի մասին պատումներում հաճախ ենք հանդիպում դարասկզբի շվեդական գավառին բնորոշ կենցաղի, ավանդույթների նկարագրություններին։ Աստրիդ Լինդգրենն ուներ երկու զավակ, որդին՝ Լարսը, դուստրը՝ Կարինը։ Հենց երեխաների խնդրանքով հեքիաթներ պատմելով էլ նա գտել է մանկագրի իր կոչումը։
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: