Վարորդ-հետիոտն պատերազմ՝ ջունգլիների օրենքով - Mediamax.am

Վարորդ-հետիոտն պատերազմ՝ ջունգլիների օրենքով
784 դիտում

Վարորդ-հետիոտն պատերազմ՝ ջունգլիների օրենքով


Եթե լրագրող ես, փնտրում ես հետաքրքիր թեմա, ուրեմն նստիր տաքսի. մոտ 15-20 րոպե տեւող ուղեւորության ընթացքում տաքսիստը, որը, բնականաբար, ամբողջ կյանքում տաքսիստ չի եղել եւ համեստորեն վարում է մեքենա` ունենալով քաղաքագետի, միջազգայնագետի, վերլուծաբանի, հոգեբանի գիտելիքներ, ձեզ առնվազն մի 3 թեմա կհուշի ձեր լրագրողական աշխատանքի համար: Եվ այսպես, տաքսիով գնում եմ տուն: 

 

- Խաբեց, խոստացավ, որ էս անտեր կամերաները կհանի ու չհանեց: 

Դուրս եմ գալիս հեռախոսիս միջից».

- Ո՞վ: 

- Նիկոլը...

- Աշխատածիս կեսը ակտ եմ մուծում: 

- Երեւի շատ եք խախտումներ անում: 

- Ավտո քշու՞մ ես, քուրիկ ջան: 

- Չէ: 

- Դրա համար էլ ձենդ տաք տեղից է գալիս: 

- Բայց ես ոտքով եմ քայլում, փողոց եմ անցնում: Մի քանի օր լուրեր էին տարածվել, որ էլ տուգանք չկա, փողոց անցնելը, ի դեպ, թույլատրված տեղով, էքստրիմ էր դարձել: Ձեր ընտանիքում ոտքով տեղ գնացող մարդ չկա՞, չե՞ք անհանգստանում, որ կամերաների, արագաչափերի հանելը նաեւ ձեր ընտանիքի անդամների կյանքն է վտանգելու: 

 

Էդպես էլ չհասկացա` տաքսիստը որոշեց հետս գլուխ չդնել, թե ասածիս մեջ ճշմարտություն տեսավ, բայց թեման կտրուկ փոխվեց դեպի քաղաքը ողողած հնդիկները: 

 

Երեկոյան ընթրիքի սեղանի շուրջ քննարկում ենք օրվա անցուդարձը, հասնում իմ ու տաքսիստի երկխոսությանը: 

 

Ամուսինս ասում է. 

- Նկատե՞լ եք, որ տպավորություն է, թե վարորդներն իրենց մի տեսակ հետիոտնից բարձր են դասում, անգամ հետիոտն է վարորդին այդպես վերաբերվում: 

- Սովետից մնացած մի բան է, որովհետեւ էն ժամանակ մեքենա ունեին հիմնականում կարեւոր, ազդեցիկ մարդիկ, հարուստները, դրա համար ով մեքենա ուներ, նրան արդեն այլ աչքով էին նայում` ավելի հարգանքով,- սկեսուրիս եզրահանգումը: 

 

Հիմա, իհարկե, հիերարխիան ոչ միայն վարորդների եւ հետիոտների համար է, այլեւ հենց վարորդների շրջանում հիերարխիկ վերաբերմունք կա՝ որքան թանկ ու մեծ է մեքենադ, այնքան քեզ ճանապարհ են տալիս, եւ նույնքան էլ դու ճանապարհ չես տալիս...

 

Այս ամենը կարդացող քանի կին է թույլատրված տեղով փողոց անցնելիս հայհոյանք ստացել իր հասցեին` իրեն այդ հայհոյանքից ավելի տղամարդ զգացած վարորդից... Բումերանգի օրենքով մի օր էլ այդ «աքլորացած վարորդի» կնոջը, քրոջը, աղջկան կամ մորն է մեկ այլ «աքլոր» նույն «առնական խոստումը» տալու... Հարցը սա չէ: 

 

Վարորդ-հետիոտն «պատերազմն» այնքան հին է, որքան հենց ավտոմեքենայի պատմությունը: Վարորդներն ասում են՝ հետիոտներն իրենց նետում են մեքենայի տակ՝ անցնելով երբ եւ որտեղից ուզում են ու ինչպես ուզում են. «Վարորդն ինքն է, թող ինքը զգույշ լինի»։ Հետիոտներն էլ ասում են. «Եթե այդպես չանենք, ճանապարհ չեն տա, հատկապես այն հատվածներում, որտեղ ուղեւորի անցման համար գծանշումներ կան, բայց լուսաֆոր չկա, որ գոնե կարմիր լույսը կանգնեցնի վարորդին, իսկ եթե հանկարծ կանգնում են, այնքան անսովոր է, որ ձեռքով, գլխով շնորհակալություն ենք հայտնում՝ մեզ ըստ կարգի ճանապարհը զիջելու համար»։  Սա զուտ կենցաղային մի վեճ չէ, միջազգային կազմակերպությունների գրանտներով, թրեյնինգներով, հոգեբանի օգնությամբ հարցը չես լուծի: Սա մեքենա վարելու, վարորդ լինելու, կարգապահ հետիոտն լինելու մշակույթ է, որը մենք դեռ կարող ենք սովորել: 

 

Երբ առաջին անգամ հայտնվեցի Եվրոպայում (Համբուրգում էի), քաղաքով հիացած` առանց լուսաֆորին նայելու ոտքս մայթից ներքեւ դրեցի, մտածում էի` հայկական ձեւով փողոցն անցնել, միանգամից մեքենաները կանգնեցին. զգուշանալով քայլեցի առաջ, միայն այդ ժամանակ տեսա, որ կարմիր լույս է, ճանապարհն իմը չէ, բայց մեքենաները մինչեւ վերջ կանգնեցին: Էլ երբեք նման բան չարեցի, ամաչեցի իմ անկիրթ արարքի ու դրա դիմաց եվրոպացի վարորդների համբերության ու հանդուրժողականության համար: Այդ օրվանից (2007 թվականն էր) երբեք փողոցը չեմ անցել անթույլատրելի տեղով, առանց կարգի, բայց մի քանի անգամ հրաշքով եմ փրկվել ավտոմեքենայի տակ չհայտնվելուց, մի քանի անգամ էլ հիշարժան հայհոյանքների եմ արժանացել: 

 

Վարորդները պահանջում են կառավարությունից վերացնել տեսանկարահանող սարքերը, արագաչափերը, կարմիր գծերը, տուգանքները... Հարց բոլոր «պահանջատեր» վարորդներին․ դուք պատրա՞ստ եք այդ ազատությանը, դուք պատրա՞ստ եք կարգուկանոնով վարել, խելամիտ կայանում անել, եթե ձեզ չպարտադրեն դա անել: 

 

Գոնե ես պատրաստ չեմ վստահել իմ ու իմ հարազատների կյանքը ձեր անտուգանք, ազատ երթեւեկությանը։ Ի վերջո, այդ արագաչափերն ու կամերաները նաեւ հենց ձեզ են պաշտպանում՝ արագ վարելու գայթակղությանը չտրվելու եւ կարգապահ ու ոչ կարգապահ հետիոտներին չվնասելու համար... Սահմանափակումներ պետք են, քանի դեռ վարորդները չեն սովորել վարել ոչ թե այն արագությամբ, որը մեքենայի շարժիչն է թույլ տալիս, այլ այն արագությամբ, որ կարելի է (հատկապես որ այդ արագությամբ շահելու եք մեկ կամ երկու րոպե, փոխարենը վտանգելու եք ձեր եւ երթեւեկության մյուս մասնակիցների կյանքը), հետիոտներն էլ չեն սովորել չանտեսել քսան քայլ այն կողմ գտնվող գծանշված անցումն ու փողոցը հատել այնտեղից, որտեղից իրենց է հարմար, այլ ոչ թե որտեղից թույլատրված է (նույնիսկ եթե այս գրածս կարդալուց հետո ինձ մահվան սպառնալիքով կհետապնդեն հետիոտները, բայց պիտի գրեմ՝ ես կողմ եմ անգամ, որ տուգանվեն ոչ կարգապահ, ալարկոտ հետիոտները՝ իրենց կյանքն ու վարորդի ազատությունը վտանգելու համար)... 

 

Սահմանափակումները պետք են, քանի դեռ վարորդները չեն յուրացրել կարգապահ վարորդ, հետիոտներն էլ՝ կարգապահ հետիոտն լինելու մշակույթը։

 

Մարիաննա Փայտյանը լրագրող է, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում եւ մի շարք այլ ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին