Ամուսինս երաժիշտ է, ժամեր շարունակ կարող է Վերնիսաժում ու նաեւ համացանցում փնտրել հին երաժշտական գործիքներ։ Ամեն անգամ մի նոր հնություն հայտնաբերելիս՝ ուրախությամբ ինձ ու բոլորին կանչում, ցույց է տալիս, թե ինչ սիրուն, տարբերվող, իր ասած՝ «խարակտերով» է հնչում այս կամ այն հնությունը, էլ չեմ խոսում այն մասին, որ երաժշտություն գրելու համար հաճախ էլեկտրոնային տարբեր գործիքներ, ծրագրեր է գնում, որոնք, ասենք, հին սկավառակի էֆեկտ են հաղորդում երաժշտությանը, կամ աղմուկ ավելացնում։ Ասում է՝ տարիների ընթացքում հնչողությունն այնքան մշակվեց, մաքրվեց, ֆիլտրվեց, որ չափից դուրս մաքուր, մի տեսակ անհետաքրքիր դարձավ արդեն։ Դրա համար այսօր երաժիշտները նոր, բնական, տարբերվող, «խարակտերով» հնչողություն են փնտրում։ Հաճախ երաժշտության հնչողության այս էվոլյուցիան կանանց հետ է համեմատում, ասում է՝ շուտով դժվար է լինելու տարբերվող աղջկա հանդիպել, որովհետեւ բոլորն ունենալու են նույն քիթը, նույն շուրթերը, նույն անթերի, ձյունաճերմակ ատամնաշարը, որովհետեւ ամբողջ օրը հեռուստատեսությամբ, համացանցով, պլակատներից դա են քարոզում՝ «գեղեցկության ժամանակակից չափանիշները»։
Գեղեցկությունը ճշմարտություն չէ, ընդամենը՝ ներշնչանք։ Կար ժամանակ, երբ գեղեցիկ էին համարվում թմբլիկներն ու թմբլիկից էլ ավելին, Արեւելքում մինչեւ այսօր մարմնեղ կանանց կողքով անտարբեր չեն անցնում։ Մեկ էլ գեղեցկության չափանիշ դարձավ 90-60-90... Հետո 90-ները դարձան անհետաքրքիր ու չափազանց փոքր, աննկատ, սկսեցին մեծացնել կուրծքը, հետույքը, փոքրացնել քիթը, ականջները, ձեւափոխել այտոսկրերը՝ ավելի արտահայտիչ, մեծ, ցցուն դարձնել, շուրթերն ուռեցնելու մասին խոսելն էլ ավելորդ է, ուզում ես սեքսուալ լինել, ուրեմն «լցրու» շուրթերդ... Սրա վերջը չկա։
Պլաստիկ վիրահատություններն ու կոսմետելոգիական միջամտություններն տարեկան հարյուր հազարավոր միլիոնների շրջանառություն են ապահովում աշխարհում՝ գեղեցկությունը դարձնելով ընդամենը բիզնես։ Հեռուստատեսային տարբեր ծրագրեր ներշնչում են, թե ինչպիսին պիտի լինի գեղեցիկը, բիլբորդներից, պլակատներից նայում են արհեստական եղունգներով, թարթիչներով, մազերով, պլաստիկ վիրահատությունների ենթարկված, մի հատ էլ «ֆոտոշոփի միջով անցած» աղջիկներ. անգամ պլակատի աղջիկն է երազում իրական կյանքում լինել այնպիսին, ինչպիսին ֆոտոշոփից հետո է դարձել՝ կատարյալ, անթերի։ Պլակատների աղջիկները գեղեցիկ են, կատարյալ, իսկ մենք՝ նորմալ, սովորական...
Սկզբում սկսում ենք մեզ սպանել դիետաներով։ Գեղեցկության հետեւից այս մրցավազքում սովամահ անող, ստամոքս քայքայող, հյուծող դիետաները դարձել են չարիքի փոքրագույնը, բարդույթները խորանում են, ու գալիս է պլաստիկ վիրահատությունների ժամանակը. սկզբում փոքրիկ միջամտություն, հետո՝ արդեն վերջն էլ չի երեւում, որովհետեւ այդ վերջը չկա...
Մեր իմացած բժշկության կողքին հիմա կա «էսթետիկ բժշկությունը». այն ոչ թե կյանքեր է փրկում, հիվանդություն բուժում, լավացնում կյանքի որակը, այլ «գեղեցկացնում է, ժամանակավոր երջանկություն պարգեւում», որը վերջանում է այն ժամանակ, երբ ձեռքբերված գեղեցկությունն այլեւս չի բավարարում, նոր քայլեր, նոր միջամտություններ են պետք, որովհետեւ «գեղեցկությունը սահմաններ չունի», միշտ շտկելու, փոխելու, կատարելագործելու, մեծացնելու, փոքրացնելու, ձգելու, բարձրացնելու մի բան կա. գեղեցկության անհագուրդ պահանջարկն էլ նոր առաջարկներ է ծնում։
Գերմանացի գրող, հոգեւոր գործիչ Էքարթ Թոլլեն գրում է. «Երբ երջանկությունը հիմնում ես արտաքինի վրա, մի օր այդ երջանկության վերջը գալու է»։ Եթե կա գարուն, կա նաեւ ձմեռ. ի՞նչ է լինելու, երբ ձմեռն եկավ։ Գիտե՞ք՝ ինչքան դժվար է դարձել իսկական կինոյի ռեժիսորներին ֆիլմի հերոս գտնելը՝ տարբերվող, բնական դիմագծերով... Ոչ թե սիրուն, այլ «խարակտեր ունեցող» դիմագծերով, որը դիտողին գրավում է ոչ թե շուրթերով, մազերով, կրծքերով, այլ իր խաղով, տարբերվող դեմքով, հիշվող դեմքով...
Սկեսրայրս ասում է. «Ինձ թվում է՝ բոլոր ալիքների սերիալներում միանգամից մի քանի դերում նույն աղջիկն է խաղում, բոլորն իրար նման են»։ Որովհետեւ այսօր հեռուստատեսությունում, շոու-բիզնեսում հաջողության հասնելու համար ներշնչվում է, որ կարեւոր է ոչ թե տարբերվելը, այլ գեղեցիկ լինելը... Իսկ մենք այդ գեղեցիկին երբեք էլ չենք հասնելու, որովհետեւ հենց հասանք, «գեղեցկության» բիզնեսը կմեռնի...
Մարիաննա Փայտյանը լրագրող է, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում եւ մի շարք այլ ԶԼՄ-ներում։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: