Ինչ տարբերություն գողի ու գողի ձեռքը չբռնողի միջեւ - Mediamax.am

Ինչ տարբերություն գողի ու գողի ձեռքը չբռնողի միջեւ
1514 դիտում

Ինչ տարբերություն գողի ու գողի ձեռքը չբռնողի միջեւ


Շաբաթ օրն իմ շաբաթվա ամենածանրաբեռնված օրն է: Օրվա վերջում նման եմ լինում քամված կիտրոնի, արթնանում եմ առավոտյան 4-5-ին, որ գործերս հասցնեմ` տեքստ գրեմ, գնամ ձայնագրության, հետո` հիմնական աշխատանքի, հետո` մոնտաժի... Մի խոսքով, հերթական նույն օրակարգով շաբաթս է: 

 

Վերջապես աշխատանքային երկար օրս վերջացավ, արդեն ժամը 6 անց է: Բարձրանում եմ 58 համարի ավտոբուս. նստելու տեղ էլ չկա, որ գոնե Ամիրյանից Զեյթուն ճանապարհին, ինչպես ժողովուրդն է ասում, աչքս կպցնեմ: Ստիպված հենվում եմ մի տեղ. ուսանողական տարիներից սովորել եմ ոտքի վրա էլ քնել: Ինձնից մի փոքր հեռու սփյուռքահայ կին է՝ աղջկա հետ, շշուկով զրուցում են․․․ Ականջիս հասնող առանձին բառերից հասկանում եմ, որ ծրագրում են, թե ինչ պիտի տուն տանեն, մանր-մունր ամենօրյա գնումներ: Հենց հաջորդ կանգառում երկու տղա բարձրացան, ուշադրություն չէի դարձնի, եթե մեկը ուղիղ իմ առջեւ մեջքով կիպ չկանգներ: Տանել չեմ կարողանում, երբ ինձ մեջքով են կանգնում․ մեղմ ասած, բարձրահասակ չեմ, երեւի դրանից է, որ երբ տեսադաշտս մեջքով կոպտորեն փակվում է, շունչս սկսում է կտրվել: Ես գոնե 40 րոպե քնել էի ուզում, հիմա նյարդայնացած կանգնած եմ: 

 

Սկսեցի ուսումնասիրել այս երկուսին` հայացքով կոշիկներից բարձրացա ու հասա ձեռքին... Հասա ու մնացի: Ես նաեւ կարճատես եմ, հոգնած օրվանից հետո տեսողությունս ավելի է մշուշվում, հետեւաբար կարող է եւ ինձ խաբել: Փորձում եմ, ինչպես ասում են, տեսածս ֆոկուսի բերել: «Շունչս կտրող» տղան բացում է սփյուռքահայ կնոջ պայուսակը... Միգուցե սխալվու՞մ եմ, կանգնելու տեղ էլ նորմալ չկա, եւ պարզապես տղայի ձեռքը պայուսակին շատ մոտ է հայտնվել: Համարյա կես րոպե ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս` ճիշտ եմ տեսնում, թե ոչ... Մեկ էլ պայուսակի շղթան բացեց ու ձեռքը զգույշ մտցրեց ներս: Միանգամից ջղային քաշեցի տղայի ձեռքից: Շրջվեց ու կտրուկ ինձ նայեց, երեւի չէր էլ տեսել, որ 180 մետր հասակի հետեւում փոքրամարմին մեկը կա: Շեշտակի աչքերիս մեջ նայեց, հայացքով ինձ փորձեց սաստել: Չդիմացա, կնոջն ասացի. «Փակեք Ձեր պայուսակի շղթան»: Կինը ապշած նայեց պայուսակին, հետո՝ ինձ ու հասկացավ ջղային շարժումով անծանոթ տղայի ձեռքը քաշելս: Ասաց. «Սա ի՞նչ է, գողություն էր փորձում անել»: Ասացի. «Այո, ձեռքը Ձեր պայուսակից հանեցի»: 

 

Սփյուռքահայ կինը սկսեց բղավել. «Վարորդ, կանգնիր, գող կա ավտոբուսում»: Վարորդը հանգիստ ընթացքը շարունակում է: Կինը շարունակում է բղավել, բարկանալ, ասել, որ արդեն քանի տարի է` Սիրիայից եկել են, վարձով են ապրում, մեծից փոքր ամեն օր աշխատում, մեկ տարի առաջ աղջկա դրամապանակը գողացան, հիմա էլ սա... Բղավում է տղայի վրա. «Ինչո՞ւ չես աշխատում, ինչո՞ւ»... Տղան շրջվեց ու սկսեց վրաս գոռալ, որ ես «շառ եմ անում», գոռում ու վիրավորում էր ինձ: Իրականում իրար եմ խառնվել, կյանքում առաջին անգամ գողի ձեռքից եմ բռնել, վայրկյաններ առաջ առյուծ էի կտրել, հիմա ողնաշարովս սառը հոսանքներ են վազում․ մի տեսակ վախենում եմ, ինքս էլ չգիտեմ՝ ինչից։ Սփյուռքահայ կնոջ բարոյախրատական բղավոցներից ու էս տղայի` ինձ ուղղված գոռոցից ու վիրավորանքից կարկամել, մնացել եմ: 

 

Նայում եմ շուրջս` կանայք, տղամարդիկ, երիտասարդներ... Սփյուռքահայ կինն ու տղան այնպես են գոռում, որ անգամ ավտոբուսի ամենածայրում հաստատ լսելի է: Նայում եմ մարդկանց դեմքերին, հայացքով աջակցություն եմ խնդրում: Նայեցի կողքիս տղայի դեմքին, ականջակալներն ավելի խոր մխրճեց ականջների մեջ, իբր չի լսում, հայացքս ուղղեցի մի քիչ հեռու կանգնած տղամարդուն, սա էլ միանգամից պատուհանից դուրս նայեց, իբր չի տեսնում: Հասկացա, որ լիքը ավտոբուսում մենակ եմ` հաստատուն, ինքս ինձ ու իմ ճիշտը պաշտպանող ելույթ սկսեցի. «Դու բացեցիր պայուսակը, ուսապարկը պահել էիր այնպես, որ դրամապանակը հանեիր ու մեջը գցեիր, ընկերդ կողքից հսկում էր, որ տեսնող չլինի, ընդամենը ինձ թիկունքիդ հետեւում չտեսավ»: 

 

Տպավորիչ ելույթիցս հետո վերջապես մի կինն ասաց. «Ամոթ»: Ընկերն ու ինքը մի քիչ առաջ անցան, շրջվեցին ու սկսեցին անթարթ ինձ նայել «ձենդ կտրիր, դեմքդ հիշում ենք» հայացքով: Հաջորդ կանգառում ուղղակի իջան: Միայն իրենց իջնելուց հետո հասկացա, որ միգուցե ուսապարկի մեջ արդեն գողոն կար նախորդ արշավից, բայց դե ուղղակի իջան` ինձ հայհոյելով: Ամբողջ ճանապարհին կինն ինձ շնորհակալություն էր հայտնում, ասում, որ ես հերոսուհի եմ: «Ախր ինչ հերոսություն եմ արել, տեսա, ձեռքը քաշեցի ու վերջ»: «Ուրիշը միգուցե չաներ, մեր բախտը բերեց, որ մեզ մոտ դու էիր կանգնած»: Այս վերջինից հետո հիշեցի, որ մոտ մեկ տարի առաջ նորից 58-ով ինչ-որ տեղ էի գնում, հերթական կանգառում ավտոբուսը կանգնեց, մարդիկ իջան, անմիջապես մի կին մոտեցավ նստած մեկ ուրիշ կնոջ ու ասաց. «Ստուգեք Ձեր դրամապանակը, էն տղան տարավ»: Կինը նայեց պայուսակին, տեսավ` շղթան բաց է, դրամապանակը չկա, շփոթվեց, աչքերը լցրեց (ձեռքին ծաղիկներ էին, ինչ-որ տեղ էր երեւի գնում), ծաղիկներով դուրս վազեց ավտոբուսից: Ավտոբուսը շարժվեց, կարծես բան չէր եղել, իսկ ես զարմացած նայում էի այդ կնոջը` չհասկանալով, թե ինչու սպասեց, որ գողն իջնի, նոր ասի այդ մասին, էլ դրա օգուտը ո՞րն էր․ ախր ինքն էլ գողության աջակից դարձավ իր լռությամբ: 

 

Հետո հիշեցի իմ աջակցություն խնդրող հայացքին ի պատասխան տղայի ականջակալներն ավելի խոր մխրճելը, պատուհանից դուրս նայող տղամարդուն ու հասկացա, որ իսկապես` երեւի կնոջ բախտը բերեց, ես ճիշտ պահին ճիշտ տեղում հենվեցի աչքս կպցնելու: Արածս հերոսություն չէր, ոչ էլ ես` հերոսուհի, բայց օրվա հոգնածությունը միանգամից մոռացա, լավ բան էի արել... Չէ, մարդկային բան էի արել: Ու գիտե՞ք ինչ` մի օր էլ ձեր, կամ ձեր ընտանիքի որեւէ անդամի դրամապանակը տանելիս «ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում» սկզբունքով մարդիկ ձեր կողքին կլինեն, որոնցից մեկը երաժշտությունը կբարձրացնի ականջակալների մեջ, որ իրեն արդարացնի, մյուսը՝ հանկարծ կարեւոր հաղորդագրություն կստանա ու կխորասուզվի ընթերցանության մեջ` իբր թե շուրջը ոչինչ չի նկատում, մեկն էլ ուղղակի կլռի, որովհետեւ իր գործը չէ... 

 

Եվ մի բան էլ․ եթե անգամ ձեր ձեռքը չէր կնոջ պայուսակի մեջ, բայց դուք այդ ձեռքը տեսաք ու հետ չքաշեցիք, ի՞նչ տարբերություն ձեր ու նրա միջեւ․․․ Եթե կարդալով այս վերջինը մտածում եք, որ ասածս շատ սուր է, մի տեղ էլ անարդար, ականջակալներով տղան էլ հազար ու մի արդարացում եւ հիմնավորում կարող էր ունենալ, ուրեմն այս պահին ինքներդ ձեզ հարց տվեք` դուք ի՞նչ կանեիք, ինչպե՞ս կվարվեիք... Որովհետեւ հաջորդ անգամ այդպես էլ աչքը չկպցրած «հերոսուհու» տեղում դուք կարող եք լինել...

 

Մարիաննա Փայտյանը լրագրող է, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում եւ մի շարք այլ ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին