Հրեշ սպանելու ճանապարհին հանկարծ հրեշ չդառնանք - Mediamax.am

Հրեշ սպանելու ճանապարհին հանկարծ հրեշ չդառնանք
28605 դիտում

Հրեշ սպանելու ճանապարհին հանկարծ հրեշ չդառնանք


Սովետական երկրում հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա անելու համար հորս՝ Աշոտ Նավասարդյանի ազատազրկումից հետո բազում բարեկամներ եւ ընկերներ մեր ընտանիքից երես էին թեքել: 

 

Քանի որ ես ընդամենը 3 տարեկան էի, բնականաբար, գրեթե չէի ճանաչում այդ մարդկանց: Երբ հայրս վերադարձավ ու առավել եւս պատգամավոր դարձավ, արդեն 11-12 տարեկան էի, ու անթիվ, անհամար մարդիկ հայտնվեցին՝ թե բա, բարեւ ձեզ, ինչպե՞ս եք, բա գիտե՞ս՝ ինչքան մտերիմ ենք եղել հորդ հետ, ձեր ընտանիքի հետ, եւ այլն, եւ այլն: 

 

Մի երկու տարի անց հայրս ՀՀ նախագահի թեկնածու էր: Անհրաժեշտ էր որոշակի քանակի ստորագրություններ հավաքել թեկնածությունը գրանցելու համար: Նման դեպքերում տրամաբանական է, որ առաջինը բարեկամ, հարազատ, հարեւանի ես դիմում: Բայց զարմանալիորեն նրանք, ովքեր ավելի բարձր էին բղավում, որ հարազատ են, հրաժարվեցին ստորագրել, ընդ որում՝ բավականին նյարդային ու հեգնական տոնով, թեեւ այդ ստորագրությունը որեւէ կերպ չէր պարտադրում քվեարկել տվյալ թեկնածուի օգտին: Իհարկե, հետո շատ արագ այդ մասին մոռացան, երբ հայրս արդեն մեծ հեղինակություն էր վայելում: Այսօր այդ նույն բղավողների նույն նյարդային ու հեգնական հայացքներն ինձ ուղղված օրս լցրին բազում հիշողություներով։

 

Հետո էլ մարդիկ, ովքեր մինչեւ գետին խոնարհվում էին հորս առաջ, նրա մահից շատ չանցած սկսեցին չնկատել մեզ, նույնիսկ այն ժամանակ, երբ այցի էին գալիս Եռաբլուր: Հետո հանկարծ էլի սկսեցին նկատել... Ասածս ի՞նչ է. մի քիչ կայուն եղեք, մարդիկ: Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բարեւ, բարի լույս ունենք միմյանց տալու...

 

***

 

Երբ հայրս առաջադրվեց նախագահի թեկնածու, 6-րդ դասարանի աշակերտ էի: Ընտրությունների հաջորդ օրը ուսուցիչս, ով, ի դեպ, ինձ շատ էր սիրում, մտավ դասարան ու նայելով հենց աչքերիս մեջ, հրճվանքով ասաց. «Էրեխեք ջան, շնորհավորում եմ ձեզ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի առթիվ»: 

 

Այդ օրն ես հաղթեցի ուսուցչուհուս, որովհետեւ ընդամենը 12 տարեկան էի:

 

Այսօր ինձ զանգում է հուզված ընկերուհիս, ում ամուսինը ոստիկան է: 12 տարեկան որդու ուսուցիչը մտել է դասարան ու ասել. «Էրեխեք, ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ թավշյա հեղափոխության առթիվ, բացի քեզանից, Ա......., որովհետեւ քո հայրը ոստիկան է»:

 

Ասածս ի՞նչ է. 12 տարեկան երեխան հաղթեց քեզ, ուսուցիչ, որովհետեւ դու ստրուկ ես, եւ դա անբուժելի է: Հեղափոխություններն այստեղ կապ չունեն…

 

***

 

Մի հեքիաթ կա քաջի ու 7-գլխանի հրեշի մասին: Քաջը գնում է հրեշին սպանելու: Ճանապարհին բազմաթիվ փորձություններ է հաղթահարում, չարքերի է սպանում, հասնում է հրեշի ամրոցին, նայում հայելու մեջ ու տեսնում, որ այդ 7-գլխանի հրեշն ինքն է:

 

Ասածս ի՞նչ է. հրեշ սպանելու ճանապարհին հանկարծ ինքներս հրեշ չդառնանք…

 

Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Անկախության բանակը»
Մեր ընտրանին