Ինչպես պատասխանել Ալիեւին - Mediamax.am

Ինչպես պատասխանել Ալիեւին
15125 դիտում

Ինչպես պատասխանել Ալիեւին


Փետրվարի 8-ին, ելույթ ունենալով կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, Ադրբեջանի երկարամյա նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հիշեցրեց իր երկրպագուների խանդավառ զանգվածին, որ Երեւանը, Սյունիքն ու Սեւանը բնիկ ադրբեջանական հողեր են, եւ որ վաղ թե ուշ ադրբեջանցիները կվերականգնեն պատմական արդարությունը եւ կվերադառնան իրենց պապենական տարածքներ։

Այս ելույթը աղմուկի հերթական ալիքը բարձրացրեց հայկական միջավայրում, տարաբնույթ արձագանքների տեղիք տալով։  Իշխող ուժի երիտասարդ «արծիվները» շտապեցին Ալիեւին Ալթայ ուղարկել, պաշտոնական աղբյուրները հանդես եկան ավելի զուսպ, սակայն կոշտ քննադատական խոսքերով՝ վկայակոչելով միջազգային իրավունքը, իսկ արմատական թեւը հիշեցրեց Քուռ գետով անցնող երբեմնի պատմական սահմանի վերականգման անհրաժեշտության մասին։  

Սակայն եթե մի պահ վերանանք այս պահային թոհուբոհից, եւ փորձենք վերլուծել մեր հակառակորդի խոսքերի խորքային իմաստը, կհասկանանք, որ այս ելույթը պարզ նախընտրական բարբաջանք չէ, ոչ էլ անմիտ ռազմատենչություն: Այն, ըստ էության, հակառակորդի ռազմավարական մտքի բավական հստակ ձեւակերպում է, ուղղված սեփական էթնոսի կենսատարածքի ընդլայնմանը, խարսխված որոշակի պատմական եւ աշխարհաքաղաքական տրամաբանությամբ, եւ ամրապնդված ընթացիկ իրավիճակի լավատեղյակ վերլուծությամբ։

Մի քիչ պատմություն

Նախ, քննենք Ալիեւի խոսքերի պատմական հենքը։ Թեեւ Ադրբեջանը որպես պետություն ստեղծվել է միայն 100 տարի առաջ, եւ բնականաբար, չի կարող իրավականորեն հավակնել նույն ժամանակ ստեղծված Հայաստանի Հանրապետության այն տարածքներին, որոնք երբեւէ պաշտոնապես իր մաս չեն հանդիսացել ոչ 1918-20 թվականներին, ոչ խորհրդային տարիներին, ոչ էլ անկախացումից հետո, պետք է ենթադրել, որ Ալիեւը իր հղումը կատարում է ավելի վաղ շրջանին, երբ այս տարածքները գտնվում էին Պարսկական տիրապետության ներքո։ 1828 թվականին, երբ Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները անցան Ռուսաստանի տիրապետության ներքո, այդ տարածքում նախորդ երկու դարերում տեղի ունեցած պատերազմների եւ հայ բնակչության բռնի տեղահանման արդյունքում բնակչության մեջ հայերը դադարել էին մեծամասնություն լինելուց, իսկ նրանց երբեմնի շեն բնակավայրերում հաստատվել էին տարբեր թյուրքական ցեղախմբեր, քրդեր, պարսիկներ, ասորիներ եւ այլք։ Միայն հետագա մի քանի տարիների ակտիվ վերաբնակեցումը, կայսրությունների միջեւ քրիստոնյա եւ մուսուլման տարրերի փոխանակման միջոցով, բերեց նրան, որ 1833 թվականի առաջին մարդահամարի ժամանակ հայկական տարրը այս տարածքում դարձավ գերակշռող, եւ հետագայում շարունակեց արագ ավելանալ, հիմնականում Օսմանյան կայսրության հայկական շրջաններից շարունակվող ներգաղթի արդյունքում։ Ուստի, խոսելով Երեւանի ադրբեջանական պատկանելության մասին, Ալիեւը, թերեւս, մտովի հղում է կատարում այն կարճատեւ ժամանակաշրջանին, երբ այսօրվա Երեւանից մինչեւ Նախիջեւան ընկած ամբողջ հարթավայրային տարածքը ուներ հոծ թյուրքական բնակչություն։ Ալիեւը այստեղ վկայակոչում է, ըստ էության, ոչ թե պետական պատկանելությունը, այլ այս բնակչության «արյան կանչը»՝ խոստանալով, որ այն երբեւիցե կվերադառնա իր «պապենական» հողերին, որտեղից այն հեռացել է։

Այն ընթերցողներին, որոնց թվում է, որ սա անհեթեթ եւ ֆաշիստական մտավարժություն է, ցանկանում եմ հիշեցնել, որ խորհրդային վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բնակչության 5% կազմում էին էթնիկ ադրբեջանցիները, եւ երբեք չի կարելի բացառել, որ նրանց սերունդների վերադարձի հարցը վերադառնա բանակցային սեղան։ Իհարկե, մենք էլ կարող ենք պնդել Ադրբեջանից հեռացած հայ բնակչության վերադարձի իրավունքը, բայց կասկածելի է, որ վաղուց արդեն աշխարհով սփռված այդ մարդիկ ցանկություն ունենան վերադառնալ իր հայատյացությամբ հայտնի Ադրբեջան։

Այսօրվա քաոտիկ աշխարհում

Ալիեւի խոսքերի մեջ կա նաեւ որոշակի աշխարհաքաղաքական տրամաբանություն։ Ի վերջո, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որը ձեւակերպվել է միայն Երկրորդ աշխարհամարտից հետո, որպես ձեւավորված փխրուն միջպետական հավասարակշռությունը պահպանելու հիմնական մեխանիզմ, իրականում այսօրվա քաոտիկ աշխարհում աստիճանաբար կորցնում է իր իմպերատիվ իմաստը, եւ դառնում է իրական ուժային հաշվեկշռից ածանցյալ պայմանականություն։ Դրա ամենաթարմ օրինակը թուրքական զինուժի ներխուժումն է սիրիական Աֆրին շրջան` ըստ էության, այլ պետության սուվերեն տարածք, նույնիսկ առանց այդ պետությանը պատերազմ հայտարարելու: Նման օրինակները բազմաթիվ են, եւ դրանց թիվը տարեցտարի ավելանում է։ Ալիեւի խոսքերի ենթատեքստը, այս իմաստով, շատ թափանցիկ է՝ եթե հայերը կարող են գրավել Աղդամը, եւ 30 տարի պահել որպես «անվտանգության գոտի», իրենք էլ կարող են հարմար պահին նույն տրամաբանությամբ գրավել ցանկացած հայկական սահմանային տարածք, եւ այն պահել որպես անվտանգության գոտի, զուգահեռ այն արագացված բնակեցնելով ադրբեջանցի «վերաբնակիչներով»։

Այն ընթերցողներին, որոնց թվում է, որ սա եւս անհեթեթ մտավարժություն է, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է ՀԱՊԿ անվտանգության հովանու ներքո, ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք հանդիսացող Արծվաշենը մինչեւ հիմա էլ մնում է ադրբեջանական օկուպացիայի տակ, իսկ մեր առաջնագիծն էլ անցնում է ոչ թե պաշտոնական պետական սահմանով, այլ այն տարածքներով, որոնք մենք կարողացել ենք պահել զենքի ուժով։ Իրականում, պետությունների միջեւ սահմանները որոշվում են նրանց փոխադարձ շահերի եւ ուժերի ձեւավորված հաշվեկշռի, եւ ոչ թե ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Մեր տարածաշրջանում եւ հենց մեր դեպքում դա ավելի քան ակնհայտ է։ Այս իմաստով, թեեւ մենք տարածքային ծավալման անհրաժեշտություն չունենք, պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած հնարավոր նոր ռազմական արկածախնդրությանը պատասխանել մեր անվտանգության գոտին ընդլայնելով՝ սա հակառակորդի ծավալապաշտությանը հակազդման առավել իրատեսական մեխանիզմներից մեկն է։

Հակառակորդի ընթացիկ հաշվարկները

Վերջապես, անդրադառնանք հակառակորդի ընթացիկ հաշվարկներին։ 2016 թվականի ապրիլին նախորդող ժամանակաշրջանում հակառակորդը որդեգրել էր բավական հստակ ռազմավարություն՝ նավթի արդյունահանումից ստացվող գերշահույթները ներդնել ռազմական շինարարության, ռազմարդյունաբերության զարգացման եւ դիվանագիտական ծավալման ոլորտներում, այստեղ կուտակել հայկական կողմի համեմատ կրիտիկական գերազանցություն, այն իրացնել մարտի դաշտում, եւ այնուհետեւ մեզ պարտադրել անբարենպաստ բանակցային սցենար, որը կհանգեցներ ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի մասի նկատմամբ այդ վերահսկողության կորստին։

Հակառակորդը նույնիսկ պատրաստ էր փուլային լուծման, երբ այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը սկզբնապես անցնում է երրորդ (պայմանականորեն «միջնորդ») կողմին, հետագայում սահուն կերպով այն Ադրբեջանին փոխանցելու պայմանով։ Այս սցենարը ձախողվեց հայկական բանակի եւ հասարակության տարբեր շերտերի միահամուռ դիմադրության, ինչպես նաեւ արտաքին խաղացողների շահերի որոշակի, մեզ համար բարենպաստ, վերադասավորության շնորհիվ։

Ապրիլյան պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում բավական մեծ փոփոխություններ տեղի ունեցան թե Հայաստանում, թե Ադրբեջանում, թե մեր տարածաշրջանում, եւ թե աշխարհում ընդհանրապես, եւ հակառակորդը ստիպված է դրանք հաշվի առնել։ Մասնավորապես, նավթային գործոնը կորցնում է իր նախկին կարեւորությունը միջազգային ասպարեզում, Ադրբեջանը այլեւս նախկին գերշահույթները չի ստանում նավթից, Հայաստանում էլ տնտեսական աճի արագացումը եւ պաշտպանությանը ուղղվող հատկացումների աճը բերել են նրան, որ ռազմական ոլորտում Ադրբեջանի ձեռք բերած առավելությունը, թեեւ դեռ զգալի է մնում, այլեւս կարող է բավարար չլինել հերթական բլից-կրիգի փորձ իրականացնելու համար: Երկարատեւ հյուծիչ պատերազմի էլ Ադրբեջանը պատրաստ չէ՝ մի շարք այլ նկատառումներով, ներառյալ եւ ներքաղաքական։  

Ժողովրդագրական «զենքը»

Այս պայմաններում հակառակորդը իր ուշադրությունը սեւեռել է մեկ այլ, մինչ այդ երկրորդական թվացող, սակայն աստիճանաբար առաջին պլան մղվող գործոնի՝ ժողովրդագրության վրա։ Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանի բնակչությունը ավելացել է մոտ 12%-ով՝ այն պայմաններում, երբ Հայաստանի բնակչությունը, շարունակվող արտագաղթի հետեւանքով, նվազել է պաշտոնապես 6, իսկ փաստացի մոտ 10%-ով։ Եթե 10 տարի առաջ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում էր Հայաստանի բնակչությանը (ներառյալ Արցախը) 2,65 անգամ, ապա ներկայում այն արդեն գերազանցում է 3,25 անգամ։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ժողովրդագրական վիճակի այսպիսի միտումների պահպանման դեպքում, արդեն 2030 թվականին Ադրբեջանի բնակչության գերազանցությունը կարող է հասնել 4 անգամի, իսկ եւս 20 տարուց՝ արդեն 5-ի։ Արդեն այսօր Ադրբեջանում 4 անգամ ավելի շատ երեխա է ծնվում, եւ տարեկան էլ զորակոչային տարիքի է հասնում 3,5 անգամ ավելի շատ երիտասարդ։ Ադրբեջանում բնակչության փաստացի խտությունը կազմում է 125 մարդ մեկ քառակուսի կմ վրա, Հայաստանում եւ Արցախում միասին վերցված՝ 71 մարդ, եւ այս տարբերությունը առավել ակնհայտ է առաջնագծի երկայնքով, որտեղ մի կողմից շարունակվում է բնակչության կուտակումը, մյուս կողմից՝ բնակավայրերը տարեցտարի նոսրանում են արտագաղթից։

Այս ամենը չի վրիպում հակառակորդի ուշադրությունից։ Առաջնորդվելով արեւելյան հնամենի իմաստությամբ, ըստ որի համբերատար սպասելու դեպքում գետը ի վերջո բերելու է ախոյանի դիակը, հակառակորդը տեսնում է, որ հայկական կողմը արդեն հիմա բախվում է մարդկային ռեսուրսների սղության խնդրին, եւ այդ խնդիրը շարունակելու է սրվել։ Ուստի, եթե նույնիսկ հնարավոր չէ ուժով ճեղքել հայկական պաշտպանական համակարգը առաջիկա մի քանի տարիների ընթացքում, համբերատար սպասելու դեպքում, 20-30 տարի հետո այն կսկսի ճաքեր տալ, քանի որ հայկական կողմից այն պաշտպանողների բավարար զանգված այլեւս չի մնա, եւ սակավացող հայությունը պարզապես ստիպված կլինի ընկրկել ստվարացող թյուրքական զանգվածի առաջ։ Այստեղ է նաեւ, որ նորից ասպարեզ կարող են բերվել վերը նշած պատմական եւ աշխարհաքաղաքական տարբեր հիմնավորումները, եւ եթե նույնիսկ հանգուցալուծումը չբերի Հայաստանի Հանրապետության համար անմիջական տարածքային կորուստների, ապա Արցախի անկախությունից պետք կլինի հրաժարվել, միաժամանակ համաձայնելով, որ Խորհրդային Հայաստանի ադրբեջանական բնակչության սերունդները, ըստ ցանկության, իրավունք ունենան վերադառնալ իրենց նախնիների բնակության վայրերը։

Շրջել արտագաղթը

Այս մռայլ հեռանկարին պետք չէ թեթեւամտորեն վերաբերվել։ Իրականում, մինչ այժմ, Հայաստանից հեռացող յուրաքանչյուր հայ ընտանիք, նույնիսկ դա չգիտակցելով, այդպիսով մոտեցրել է դրա իրականացման հավանականությունը։ Ի տարբերություն հետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնք եւս բախվել են զանգվածային արտագաղթի խնդրին, մեր դեպքում արտագաղթի շարունակությունը իսկապես սպառնում է երկրի պաշտպանունակության աստիճանական անկմամբ, եւ, ի վերջո, անկախության կորստով։ Ուստի, որպեսզի խափանենք հակառակորդի հաշվարկները, առաջին հերթին պետք է կարողանանք առաջիկա տարիներին կտրուկ նվազեցնել, իսկ հեռանկարում նաեւ շրջել արտագաղթը, եւ վերադարձնել երկիրը բնակչության կայուն աճի տրամաբանության։

Արտագաղթը հետեւանք է բազմաթիվ խորքային խնդիրների, եւ նրա դադարեցումն էլ հեշտ չի լինի, եթե այդ խնդիրները հետեւողական լուծումներ չստանան։ Արտագաղթի հիմքում երկրի անբավարար գրավչությունն է բնակչության տարբեր շերտերի համար: Ընդ որում, ամեն շերտի համար գերակշռող գործոնները կարող են տարբերվել։ Եթե մարզային քաղաքների բնակիչների մեծամասնության համար դա աշխատանքի եւ նվազագույն բարեկեցության հեռանկարների բացակայությունն է, ապա Երեւանում ապրող, համեմատաբար լավ վարձատրվող եւ հետաքրքիր աշխատանք ունեցող երիտասարդ մասնագետների համար՝ դա հարկերի  բարձր մակարդակն է եւ քաղաքացիական իրավունքների պակասը: Առավել բարձր արտագաղթի գործակից ունեցող Լոռվա եւ Շիրակի մարզերում այս ամենին գումարվում են նաեւ 1988 թ ավերիչ երկրաշարժի առաջացրած սոցիալական ծանր խեղումները։ Դրան գումարվում է նաեւ այն, որ աստիճանաբար նվազող բնակչության պայմաններում, անվտանգության ապահովման բեռը մնացողների համար աստիճանաբար ծանրանում է, եւ ընտանիքների մի մասի համար այն դառնում է ուժերից վեր՝ բերելով փախուստի հայկական իրականությունից։

Շարունակել բարեփոխումները

Թեեւ այս գործոնները տարբեր են, դրանց բոլորի հիմքում ընկած է նաեւ երկրում իշխող վերնախավի մեծամասնության մինչ այժմ դրսեւորած կոռուպցիոն գործելաոճը եւ անկարողությունը՝ հասարակությանը առաջարկելու հանրային համագործակցության այնպիսի բանաձեւ, որը կբերի նրա բոլոր ուժերի համախմբմանը՝ ձեւավորված իրականությունը փոխելու նպատակով։ Ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում եւ Երեւանում հուլիսյան իրադարձություններից անմիջապես հետո, այդպիսի համագործակցության հեռանկարը սկսել էր իրական ուրվագծեր ստանալ, եւ նոր կառավարության աշխատանքը ոգեւորության որոշակի ալիք էր ստեղծել։ 2017 թվականի ընթացքում, այդ ոգեւորությունը եւ դրան հաջորդած գործողությունները հանգեցրեցին տնտեսական աճի արագացման, երկրում նոր աշխատատեղերի ստեղծման, պաշտպանական եւ արտաքին քաղաքական ոլորտում շոշափելի ձեռքբերումների, եւ, որպես հետեւանք, արտագաղթի նվազման, եւ ներգաղթի աճի՝ թեեւ 2017 թ․ արտագաղթի տեմպերը դեռ շարունակում էին գերազանցել ներգաղթին։

Որպեսզի արտագաղթը շարունակի նվազել, իսկ ներգաղթը՝ աճել, ի վերջո հանգեցնելով միգրացիայի դրական հաշվեկշռի, Հայաստանի գրավչությունը պետք է շարունակի աճել, եւ այն պետք է շահեկանորեն մրցակցի այն երկրների հետ, որոնցում այսօր ապրում են հոծաթիվ հայկական համայնքները, եւ որտեղից դեռ կարելի է ակնկալել ներգաղթողների զգալի հոսք։ Այս նպատակով, երկրում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, տնտեսական ոլորտից ծավալվելով քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների ոլորտ, դրանով իսկ լրացուցիչ վստահություն տալով թե բնակչության լայն խավերին, եւ թե ներդրողներին, առանց որոնց հնարավոր չի ապահովել նույն այդ տնտեսական աճը։

Չնայած վերջին մեկ ու կես տարիների խոստումնալից առաջընթացին, Հայաստանը դեռեւս ընկալվում որպես սահմանափակ ազատություններով, կոռուպցիայի եւ աղքատության բարձր մակարդակով, տնտեսապես թույլ զարգացած երկիր, եւ միայն 20-30 տարիներ շարունակ բարեփոխումների հետեւողական իրականացումը եւ արագընթաց զարգացումը կարող են թույլ տալ հաղթահարել տարածաշրջանի առավել զարգացած երկրների համեմատ ներկայումս առկա ճեղքվածքը։ 

Իրական քաղաքական հակակշիռներ

Ցավոք, հենց այստեղ է, որ այսօր ականատես ենք լինում հետընթացի միտումների։ Երկրում, որը չունի խորհրդարանական կառավարման բավարար մշակույթ, այսօր փորձ է արվում իրականացվել արագացված անցում մի համակարգի, որում «խորհրդարանական կառավարման» անվան տակ, փաստացիորեն միավորվում են ներկայիս նախագահի եւ վարչապետի լիազորությունները, սահմանափակելով այլ սահմանադրական ինստիտուտների, առաջին հերթին ապագա նախագահի եւ Ազգային ժողովի փաստացի լիազորությունները՝ զրկելով բնակչությանը իշխանության հետ հարաբերվելու եւ նրա վրա ազդելու իրական լծակներից։

Պատմությունից հայտնի են օրինակներ, երբ այդպիսի գերվարչապետական կառավարման համակարգը ընդունակ է եղել իրականացնել մասշտաբային տնտեսական բարեփոխումներ (օրինակ՝ Սինգապուրում), սակայն դա, ի թիվս այլոց, պահանջել է, որպեսզի վարչապետը լինի հեռատես եւ հետեւողական բարեփոխիչ, անբիծ կենսագրությամբ եւ բնակչության անվերապահ հարգանքը վայելող խարիզմատիկ առաջնորդ։ Մեր դեպքում, իշխանության հնարավոր կենտրոնացումը մեկ անձի ձեռքերում ավելի մեծ հավանականությամբ կհանգեցնի քաղաքական եւ քաղաքական-տնտեսական որոշումների ընդունման կարծրացող մենաշնորհի, բարեփոխումների ձեռք բերած էներգիայի աստիճանական նվազման, եւ որպես արդյունք՝ հուսախաբության եւ երկրից ակտիվ տարրի հեռացման նոր ալիքի։

Որպեսզի դա տեղի չունենա, մեզ անհրաժեշտ է քաղաքական համակարգ, որում կան իրական քաղաքական հակակշիռներ, ազատ եւ թափանցիկ ընտրությունների միջոցով ձեւավորվող, եւ տարբեր որոշումների ընդունման համար բաշխված քաղաքական պատասխանատվություն, քաղաքական գործիչների նոր սերունդ դաստիարակելու կարողություն՝ այն ամենը, ինչ հնարավորություն կտա ունենալ մրցակցային քաղաքականություն, եւ արդյունքում՝ արագ զարգացում։ Այս ճակատագրական ընտրությունը, զգալի չափով, գործող իշխանության ձեռքում է, որը, հաղթահարելով ներքին դիմադրությունը եւ կասկածները, կարող է տանել երկիրը բարեփոխումների եւ զարգացման ճանապարհով, կամ ընդհակառակը, նահանջ կատարել դեպի ավտորիտար կառավարման համակարգ, դրանով հարցականի տակ դնելով երկրի զարգացման երկարաժամկետ հեռանկարները։

2016 թվականի ապրիլին մենք թանկ գին վճարեցինք՝ թերագնահատելով հակառակորդի վճռականությունը եւ իրականացված պատրաստության ծավալները, ինքներս թաղված լինելով կոռուպցիոն ճահճում։ Այսօր, երբ հակառակորդը հայտարարում է իր հեռագնա ռազմավարական նպատակների մասին, մենք հոխորտալու եւ նրան պատմության դասեր տալու փոխարեն պետք է գիտակցենք, որ այդ նպատակներն իրականացվելու են մեր իսկ ձեռքերով, եթե մենք դուրս չգանք մեր իսկ ձեւավորած, եսասիրական եւ կարճատես տրամաբանությունից։ Միայն ստեղծելով ժամանակակից, ներկայացուցչական ժողովրդավարություն, մրցակցային ներքին քաղաքական դաշտ, զարգացած տնտեսություն, եւ մարտունակ, դինամիկ պաշտպանական համակարգ, մենք կշրջենք պատմության վերջին տասնամյակների երկիրը մաշեցնող ընթացքը, կդարձնենք երկիրը հայության իղձերի կենտրոնը, եւ արժանավայել պատասխան կտանք հակառակորդին՝ մեկընդմիշտ փակելով նրա ծավալապաշտական ախորժակը։

Ավետիք Չալաբյանը «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին