Մի հանդիպման մարդկային կողմը - Mediamax.am

Մի հանդիպման մարդկային կողմը
13518 դիտում

Մի հանդիպման մարդկային կողմը


Անցած տարի սեպտեմբերին Էդմոնին ու Նիկոլին հրավիրեցի մեր տուն՝ ընտանիքներով երեկո անցկացնելու։

Նախապատմությունն այսպիսին էր. սեպտեմբերի 23-ին բաց նամակ էի գրել Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին.

Հարգելի պարոնայք, Նիկոլ ջան, Էդմոն ջան,

սրտի ցավով եմ հետեւում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ է: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարեւորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել: Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միեւնույնն է, ֆիքսված սեգմենտ են» եւ պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք: Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն: Չարիքի փոքրագույնը երեւի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»: Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա:

Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն իմ քաշած գինին խմելու եւ մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին:

Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին։ Իհարկե, մեր ֆեյսբուքյան գրառումների շնորհիվ լայն լուսաբանվեց հանդիպման քաղաքական կողմը, բայց թերեւս շատ ավելի կարեւոր, մարդկային ասպեկտը մնաց անտեսանելի։ 

Իհարկե, ուրախ եմ որ եւ՛ Նիկոլը, եւ՛ Էդմոնը իրենց քաղաքական համատեղ ճանապարհի առաջին այդ մարտահրավերը պատվով հաղթահարեցին: Դա իրենց արժանիքն է՝ ոչ միայն քաղաքական գործչի, այլ ամենակարեւորը՝ ՄԱՐԴ տեսակի: Իսկ սեպտեմբերի 25-ը իմ համար լավ գործընկերների մարդկային կողմի բացահայտումն էր:

Պայմանավորվել էինք, որ չենք խոսելու քաղաքականությունից, այդպես էլ արեցինք:

Այն քիչ միջոցառումներից էր, երբ կանայք իրենց հանգիստ էին զգում սեղանի շուրջ եւ չկար այնպիսի իրավիճակ, որ հեռանան սեղանից։ Սեղանի շուրջ մանկության տարիների պատմություններ էին, ընտանեկան, բարեկամական պատմություններ, հումոր, երեխաների հետ շփում: Նիկոլն ու Աննան ասում էին, որ իրենց փոքրիկ աղջիկը չի մնա ուրիշի մոտ եւ պետք է իրենց գրկում նստի: Իսկ պստիկն իրենց մոտ չէր մնում, իջնում, գնում էր Էդմոնի գիրկն էր նստում: Ու այդպես մի քանի անգամ: Երեւի, երեխաները ավելի լավ են զգում, ում հետ պետք է ծնողները ճանապարհ գնան:

Ասեմ, որ շատ հետաքրքիր էին նաեւ պատմությունները բալիկների սովորելու, ընտանիքի ամրության, դժվար ժամանակներում կանանց կողմից ընտանեկան հոգսերը իրենց վրա վերցնելու մասին: Բոլորը պատմել չի լինի եւ իմաստ չկա, բայց ասեմ, որ ՄԱՐԴ տեսակի մեջ վստահ եմ ու որ եւ՛ Էդմոնենք, եւ՛ Նիկոլենք մեր երկրի ապագան ամուր են պահելու: Դե, հասկանում եմ, որ Էդմոնն իրեն մի քիչ նեղված էր զգում, երբ խոսում էինք երեխաների շատ լինելու մասին, բայց դե մաղթեմ, որ Տաթեւիկը եւ ինքը այդ հարցն էլ ապագայում կկարգավորեն: Հուսով եմ, որ մի օր այդպես ընտանիքներով կլինենք նաեւ Ստեփանակերտում:

Իսկ սեպտեմբերի 26-ին, մեր հանդիպման հաջորդ օրը, գրել էի.

Ավարտելով «գինեխմության» թեման, պիտի ասեմ, որ շնորհակալ եմ Նիկոլին ու Էդմոնին: Տղերք՝ ապրեք: Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ Հայաստանն իրոք կարող է այլ լինել, այլ աշխարհընկալմամբ առաջ գնալ, այլ տիպի հարաբերություններ տիրապետող դարձնել: Գիտեմ, որ անցնելու շատ երկար ճանապարհ կա, բայց վստահ եմ, որ ձեր հետ այդ ճանապարհը կարելի է անցնել:
Դուխով, տղերք, մնացեք ձեր իսկ ընտրած քաղաքական դաշտում, բայց տվեք մեր երիտասարդ սերնդին ընտրելու հնարավորություն, նոր մշակույթ. ընտրել ծրագիրը, ընտրել թիմերը, ընտրել համակարգը, ընտրել առաջարկվող ինստիտուտները, բայց ոչ միայն անձերը: Ընտրել տեսլականը, բայց ոչ թե 5000 դրամը կամ միայն անձերը: Վիճեք, բանավիճեք, պայքարեք, քննադատեք, տո լավ էլ քլնգեք, բայց ոչ թե այն, ինչ կցանկանար իշխանությունը` անձերը, այլ ծրագրերը:

Հ. Գ. Համեստ անձիս «իրական մղումների» մասին էլ «հիմնավոր» հավաստիացումներ գրողներին ասեմ. չեմ պատրաստվում լինել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, չեմ պատրաստվում լինել «Լուսավոր Հայաստանի» անդամ, նոր պառլամենտ չեմ ձգտում, պատրաստվում եմ երբեւէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող մտածող կենտրոնի իմ ընկերների հետ նիկոլենց ու էդմոնենց համար աշխատող ու հիմնավոր ծրագրեր մշակող լինել:

Սա որպես հիշեցում այն մարդկանց համար, ովքեր կփորձեն վերլուծել մեր հանդիպման քաղաքական բաղադրիչը վեց ամիս անց:  Իսկ ես փորձեմ ասել այն, ինչ իմ սրտում է: Հուսամ, երբեւ կգնահատվի այն, որ սեպտեմբերի 26-ի գրառմանս հետգրության մեջ նշվածս արդեն իրականություն է, եւ ես իսկապես ուրախ եմ դրա համար: Ուրախ եմ որ եւ՛ Նիկոլը, եւ՛ Էդմոնը իրենց քաղաքական համատեղ ճանապարհի առաջին մարտահրավերը պատվով հաղթահարեցին: Դա իրենց ոչ միայն քաղաքական գործչի, այլ ամենակարեւորը՝ ՄԱՐԴ տեսակի արժանիքն է:

Թեւան Պողոսյանը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին