Պետք է գտնել ճիշտ Խաչիկյանին - Mediamax.am

Պետք է գտնել ճիշտ Խաչիկյանին
2866 դիտում

Պետք է գտնել ճիշտ Խաչիկյանին


Վերջին շրջանում մութ ու սեւ ամպեր են կուտակվում Վազգեն Խաչիկյանի գլխին: Վերահսկիչ պալատը, իսկ նրանից հետո զանազան ԿՌՈՒ-ներ իրար հերթ չտալով, փորձում են պարզել` քանի մեռած հոգի է Հայաստանում կենսաթոշակ ստացել: Ընդհանրապես, մահացածների նկատմամբ մեր երկրում պաթոլոգիական հարգանք եւ ակնածանք կա: Գուցե դա այդքան էլ վատ չէր լինի, եթե կենդանի մարդկանց նկատմամբ վերաբերմունքը որակապես մոտենար մահացածներին:

եթե “Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ” եւ այս մշակութային մոտեցումը շոյում է գրեթե բոլորիս ինքնասիրությունը, ապա պետք է ընդունել, որ թանգարանում մահացածներն ավելի հարգի են, քան՝ ողջերը: Ավելին, ողջերը մի տեսակ սպասարկում են այն աշխարհ գնացածների ժառանգությունը: Այդ ժառանգության մեջ ինչ-որ բան նորոգելը բնականաբար պարսավելի է եւ համարյա անհնար: Այսօր մենք ունենք այդ մահացած ժառանգությունը սպասարկող մշակութային, գիտական եւ քաղաքական էլիտա, որի զգալի մասը չի էլ գիտակցում իր նեկրոֆիլ էությունը:

Վազգեն Խաչիկյանը մահացածների նկատմամբ ընդգծված սիրո մեջ, ցավոք, միայնակ չէ: Օրինակ` կառավարությունը մեռելոցները պետական մակարդակով է կարեւորում: Այդ օրերը ոչ աշխատանքային են, որպեսզի մարդիկ ըստ պատշաճի, այլ ոչ թե արագ-արագ զբաղվեն մահացածներով: Իսկ ահա օրվա հացով ապրող, բայց կենդանի առեւտրականներին կարելի է չնկատել, նկատելուց էլ բանի տեղ չդնել, բանի տեղ դնելուց էլ՝ ռեգրեսիվ որակել: Հավանաբար, փողոցային առեւտրականները պետք է իրենց մահացածների անուններով կետեր բացեն: Վստահ եմ, այդ դեպքում նրանց ոչ մի կառավարություն չի “բարեփոխի” եւ ձեռք չի տա՝ սրբություն է:

Այսքանից հետո տարօրինակ չի, որ մեր մահացածները ընտրությունների օրն ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը: Եվ պաշտպանելով Խաչիկյանին, ուզում եմ հարցնել՝ եթե մահացածները կարող են քվեարկել, ապա ինչո՞ւ չեն կարող թոշակ ստանալ: Ւսկ եթե մենք ցանկանում ենք փոխել այս մեռելածին մշակույթը, ապա պետք է գտնել ճիշտ Խաչիկյանին: Վազգենը հաստատ այդ Խաչիկյանը չէ:

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին