Սփյուռքը եւ ՀՀ ընտրությունները. առանց հույզերի - Mediamax.am

Սփյուռքը եւ ՀՀ ընտրությունները. առանց հույզերի
13577 դիտում

Սփյուռքը եւ ՀՀ ընտրությունները. առանց հույզերի


Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում եւ Սփյուռքում լուրջ բանավեճ է ծավալվում ընտրական գործընթացքում սփյուռքահայության մասնակցության շուրջ: Արտերկրում բնակվող հայերը պե՞տք է ադյոք մասնակից լինեն Հայաստանում անցկացվող ընտրություններին: Եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ շահեր կամ հնարավոր խնդիրներ դա կարող է առաջացնել բոլորիս համար, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում #CitizenObserver նախաձեռնությունը:

Այդ հարցերին պատասխան տալու կարեւորությունը կտրուկ մեծացել է վերջին շրջանում, եւ 2016թ. ապրիլին ու հուլիսին Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ մարտահրավերները մեծապես նպաստել են դրան: Ակնհայտը դարձավ բացահայտ՝ խաղաղության պահպանությունն ու Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ իրական ու որակական փոփոխություններ կատարելու դեպքում: Իսկ դա, իր հերթին, Հայաստան-Սփյուռք երկխոսության բովանդակության ու ձեւաչափի խորքային վերանայում է ենթադրում:

Սա նշանակում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ավելի քան 100 երկրներում բնակվող մեր ազգի երկու երրորդի հետ հարաբերությունների վերանայում: Խոսքը թե՛ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթի հետեւանքով ձեւավորված նոր հայկական Սփյուռքի մասին է, թե՛ հիմնականում 20-րդ դարի սկզբում՝ Հայոց ցեղասպանությունից հետո, ձեւավորված դասական հայկական Սփյուռքի մասին:

Այդ համատեքստում գլխավոր եւ նոր թեմաներից է Սփյուռքի մասնակցությունը զարգացած քաղաքական համակարգ ունեցող ազգային իրավական պետության ստեղծման գործընթացում: Դրա համար կարող են ընտրվել տարբեր մեխանիզմներ. որպես անկախ դիտորդներ ՀՀ ընտրություններում սփյուռքահայերի պարբերական մասնակցությունից մինչեւ Սփյուռքի ինստիտուցիոնալ ներգրավումը ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանություններում: Սփյուռք ունեցող շատ պետություններ փորձում են գործակցության առավել արդյունավետ տարբերակներ գտնել: Վստահ եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի իշխանություններն էլ հանդես գան այս բարդ, բայց կարեւոր քննարկումների նախաձեռնությամբ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց իշխանությունները պետք է լինեն նախաձեռնող: Առաջին հայացքից, նրանց համար, առնվազն սկզբնական շրջանում, Սփյուռքի դերի ուժեղացումը Հայաստանի քաղաքական կյանքում չափազանց անցանկալի է: Մի պահ պատկերացնենք, որ արտասահմանում վաղուց ու մշտապես բնակվող ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կրկին իրավունք կստանան քվեարկելու ՀՀ դեսպանատներում եւ հյուպատոսարաններում, նույնիսկ գուցե էլեկտրոնային տարբերակով: Բնականաբար, ոչ բարենպաստ տնտեսական եւ այլ պայմանների հետեւանքով Հայաստանը լքած քաղաքացիները հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեն, եւ դա կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: 

Սակայն կա եւ մեդալի հակառակ կողմը: Իշխանություները կարող են առաջին անգամ ստանձնել ամենալուրջ խնդրի՝ Հայաստանի բնակչության կրճատման գործընթացի պատասխանատվությունը, որին այսօր առերեսված ենք բոլորս: Նրանք, ի վերջո, կարող են դադարել համարել դա տնտեսական խնդիրների կարճատեւ լուծման, սոցիալական լարվածության թուլացման եւ քաղաքական վերարտարդրության միջոց: Նրանք կարող են հասկանալ եւ ընդունել հետեւյալ հիմնարար սկզբունքը, որ Հայաստանի զարգացման ուղղության ճիշտ լինելը, կառավարության գործունեության ու ցանկացած կուսակցությունների եւ ուժերի ծրագրերի արդյունավետությունն այսուհետ չափվելու է երկու հիմնական ցուցանիշով՝ արտագաղթի տեմպերով եւ հայրենադարձության գործընթացով:

Քաղաքական կամքի եւ խիզախության դրսեւորումը կարող է մեծապես նպաստել՝ վերականգնելու Սփյուռքի վստահությունը Հայաստանի եւ ՀՀ պետական մարմինների հանդեպ: Դա կարտահայտվի Հայաստանի տնտեսական զարգացման մեջ Սփյուռքի մասնակցության ավելացմամբ, ՀՀ քաղաքական մոդելի արդյունավետության ու մրցունակության աճով, հենց Սփյուռքի ներսում օրակարգի, աշխատելաոճի եւ կառույցների օպտիմալացմամբ եւ միջազգային հարթակում երկրի դիրքերի ամրապնդմամբ: Նման որոշում կայացնելուն կարող է նպաստել այն գիտակցումը, որ աշխարհի ավելի քան 90 երկիր ակտիվ դիրքորոշում ունի՝ արտասահմանում բնակվող քաղաքացիներին ընտրություններում ներգրավելու հարցում:

Ժամանակը հասունացել է նաեւ այն պատճառով, որ մենք ականատես ենք լինում երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը: 2016թ. մենք ականատես եղանք, թե ինչպես բազմաթիվ կազմակերպություններ եւ ոչ ֆորմալ միավորումներ Հայաստանում եւ Սփյուռքում համատեղեցին ռեսուրսները եւ ակտիվ գործունեություն ծավալեցին, որպեսզի օգնություն հասցնեն Արցախում վիրավորված եւ զոհված զինվորների ընտանիքներին: Լուրջ աջակցություն տրամադրվեց նաեւ հենց բանակին՝ բժիշկական, մարդասիրական եւ այլ առումներով: Այդ ակտիվությունը կառավարության աշխատանքում լուրջ փոփոխությունների հանգեցրեց՝ սկսած կադրային հարցերից, վերջացած նոր մոտեցումներով եւ ծրագրերով:

2017թ. էլ տեղի ունեցավ մի շարք կազմակերպությունների եւ ոչ ֆորմալ միավորումների մոբիլիզացում #CitizenObserver նախաձեռնության շուրջ: Գլխավոր նպատակն է ընտրությունների ժամանակ անկախ դիտորդների ինստիտուտի զարգացումը: Ընտրությունների ժամանակ հասարակական վերահսկման առկայությունը թույլ կտա առավելապես սահմանափակել հնարավորությունները՝ կապված արդյունքների կեղծման եւ տարբեր կուսակցությունների ու ուժերի կողմից ընտրողների կամքի արտահայտման վրա ապօրինի ազդեցության հետ: Մյուս կողմից՝ դա կբարձրացնի ՀՀ քաղաքացիների եւ Սփյուռքի վստահությունը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ:

Լավ լուրն այն է, որ Հայաստանում կա ընդամենը 4000 դիտորդի անհրաժեշտություն՝ բոլոր ընտրատեղամասերը վերահսկելու համար (երկուական դիտորդ ամեն տարածքում): Ուրախալի է, որ ընտրություններից դեռ 1,5 ամիս առաջ արդեն դիտորդի դերում հանդես գալու նպատակով գրանցվել է 2 800 հոգի: Դա կրկնակի գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Գրանցվածների մեծ մասը Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ են եւ հայրենադարձներ:

Ո՞վ կարող է դառնալ անկախ դիտորդ եւ ի՞նչ է հարկավոր դրա համար: Յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ քաղաքացիությունից եւ հայերենի իմացության մակարդակից: Անհրաժեշտ է ժամանակին գրանցվել նախաձեռնության կայքում եւ անցնել երկօրյա դասընթաց: Արտասահմանում բնակվողների համար դասընթացը կարող է կազմակերպվել առցանց:

Պետք չէ թերագնահատել արտասահմանում բնակվող քաղաքացիների մեկ այլ հնարավորությունը՝ Հայաստան գալու եւ ընտրությունների օրը գրանցման վայրում քվեարկելու:

Մեզ բոլորիս անհրաժեշտ է ամեն գնով, առաջին անգամ Հայաստանի անկախության վերականգնումից հետո, անցկացնել իսկապես ազատ եւ արդար ընտրություններ եւ հաղթանակ տանել այդ հարցում: Մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից, ապրում է Հայաստանում, թե երկրից դուրս, արդեն կարող է նպաստել այդ նպատակին: Դա կարող է ձեւավորել այդքան ցանկալի դրական սպասումները Հայաստանի հասարակության եւ Սփյուռքի շրջանակներում եւ թափ հաղորդել Հայաստանի զարգացման հիմնական ուղղություններին: 

Վարդան Մարաշլյանը RepatArmenia հիմնադրամի համահիմնադիրն է եւ տնօրենը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին