Վերջին մի շաբաթը պատերազմներով, բնական աղետներով եւ ճգնաժամերով ապրող աշխարհի համար մի տեսակ հեքիաթային ստացվեց: Նախ` ամուսնացավ Արքայազնը, այնուհետեւ Պակիստանի հեռավոր քաղաքներից մեկում, Օբամայի մտահոգ եւ վեհ հայացքի ներքո սպանվեց Չարը (Ուսամա Բին Լադեն): Չարի սպանության եւ Արքայազնի ամուսնության տպավորություններս չխամրեցին նույնիսկ Տիգրան Կարապետիչի հարցազրույցից, որը սովորաբար ինձնից մեծ էներգիա եւ սարսափելի մեծ համբերություն է պահանջում: Ամեն ինչ, կարծես թե, հիասքանչ էր ընթանում, երբ պատահաբար բացած առաջին թերթում հանդիպեցի Հեղինե Բիշարյանի հարցազրույցին:
“- Տիկին Բիշարյան, խոսքն այն մասին է, որ մեզ հասած տեղեկություններով մարզերում ներդրվել է Արթուր Բաղդասարյանի կողմից մշակված համակարգ, որով մարդը որոշակի խրախուսանքի դիմաց ՕԵԿ է բերում իր ընտանիքը, հետո բերում է քրոջը, եղբորը, թվով հինգ ընտանիք:
- Գիտեք, ընտանեկան մոդելը դա լավագույն մոդելներից մեկն է, որ եթե ընտանիքի բոլոր անդամները միանման մտածում են եւ կարողանում են միասին աջակցել այդ քաղաքական ուժին: Դա ավելի շատ դրական կողմ ունի, քան բացասական: Իսկ ինչի է նման, երբ ընտանիքում երկու հոգին կամ երեք հոգին կարող են տարանջատված մոտեցում ունենալ տարբեր քաղաքական ուժերի հանդեպ… այնուամենայնիվ, ամուր ընտանիքները, միանման մտածող եւ բռունցքի նման ձեւավորվող ընտանիքները ՕԵԿ-ի համար ավելի ընդունելի են:..Ի վերջո որքանով է ընդունելի, երբ ամուսինն ու կինը իրար հետ պատերազմի մեջ են մտնում, թե ով որ քաղաքական ուժին պիտի ընտրի:”
Մի կողմ թողնենք, որ տիկին Բիշարյանը մեկ շնչով հերքում է Սոկրատին եւ Հեգելի դիալեկտիկան: Նույնիսկ կարելի է մի կողմ թողնել այն, որ տիկին Բիշարյանը չգիտի, որ աճող բազմազանությունը ժամանակակից սոցիալական իրականության ոսկե կանոնն է:
Սակայն տիկին Բիշարյանի պատկերացումներ ընտանեկան մոդելի մասին շատ նման են զառամյալ կոմունիստների պատկերացումներին հասարակության մասին:
Ընտանիքը հասարակության բջիջն է: Եթե կիրառենք տիկին Բիշարյանի փիլիսոփայությունը, այդ բջիջը կդառնա միաբջիջ: Ամեոբա կամ հողաթափիկ ինֆուզորիա: Ամենահետաքրքիրն այն է, որ ՕԵԿ փոխնախագահի հավաստմամբ միաբջիջ ընտանիքի մոդելը հաջողություններ է գրանցում:
« - Այո, մեզ հաջողվում է: Էսպես ասած` դա սկզբունք չէ, որ միայն ընտանիքները, էդպիսի մոտեցում չկա, բայց եթե ընտանիքներով կամ քույրը, կամ եղբայրը ընդգրկվում են կուսակցություն, սա ուղղակի գովելի մոտեցում է, որ կարող են էդպես համախմբված լինեն ընտանիքները, բարեկամները եւ կարողանան մեկ առաջնորդի առաջնորդությամբ գնալ մեկ քաղաքական ուժի հետեւից:»
Եվ այսպես, տատը, պապը, տղան, հարսը, թոռները, ինչու չէ, նաեւ շունն ու կատուն «մեկ առաջնորդի առաջնորդությամբ»` դեպի օրինաց երկիր Հայաստան: Իսկ ինչ պետք է անել, երբ ընտանիքի վեց անդամներից հինգը Օրինաց երկրից են, իսկ մեկը, ասենք, ռամկավար: Հավանաբար, պատասխանը պետք է փնտրել «Մայն կամպֆում»:
Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: