Ռուսաստանն ու Թուրքիան մեկուսացնում են Հայաստանը - Mediamax.am

Ռուսաստանն ու Թուրքիան մեկուսացնում են Հայաստանը
11762 դիտում

Ռուսաստանն ու Թուրքիան մեկուսացնում են Հայաստանը


Այս հոդվածով փորձ է արվում բացատրել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հանկարծակի վերականգնման պատճառները, որը նաեւ ջերմորեն ընդունվեց Ադրբեջանի, ու որոշակիորեն Իրանի կողմից՝ մինչ Երեւանում խոշոր առճակատում էր տեղի ունենում զինված ընդդիմադիր խմբի եւ ոստիկանության միջեւ:

Մոսկվան եւ Անկարան, մի կողմ թողնելով իրենց հակամարտությունը՝ նախորդ տարի սիրիական սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով, այժմ «հաշվարկով ամուսնություն» են կնքել՝ ելնելով իրենց փոխադարձ ազգային շահերից: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից ընդունված այս գործնական որոշումը նպատակ ունի առավելագույնի հասցնել իրենց տնտեսական օգուտները եւ համակարգել արտաքին քաղաքականությունները՝ հնարավորություն ընձեռելով ավելի լավ դիմակայել Արեւմուտքի ճնշումները:

Ռուսաստանը տառապում է փլուզվող տնտեսությունից, հիմնականում նրա դեմ արեւմտյան պատժամիջոցների պատճառով՝ Ուկրաինայից Ղրիմի կցումից հետո: Մյուս կողմից, Թուրքիային, չնայած իր անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ Եվրոպայի խորհրդին, չի թույլատրվում միանալ Եվրամիությանը եւ նա մեղադրվում է Սիրիայում ԻԼԻՊ-ին աջակցելու համար: Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը վրդովված է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ խստորեն քննադատել են նրա կոշտ միջոցներն ընդդեմ քաղաքական հակառակորդների, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Էրդողանը նաեւ դժգոհ է, որ Միացյալ Նահանգները չարտահանձնեց Թուրքիային մահմեդական հոգեւորական Ֆեթհուլլահ Գյուլենին, որին նա մեղադրում էր ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Ռուսաստանն ու Թուրքիան, մերժելով «անհարկի արեւմտյան միջամտությունը» իրենց ներքին եւ արտաքին գործերին, որոշեցին հիմք դնել մի նոր դաշինքի, որն իրենց դուրս կբերի Արեւմուտքի մեկուսացումից: Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի նախագահ Պուտինը օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ Իրանի նախագահ Ռոհանիին, իսկ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս չորս երկրները ստորագրեցին մի շարք կարեւոր տնտեսական համաձայնագրեր եւ քննարկեցին տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեցող էական քաղաքական հարցեր, այդ թվում՝ Արցախյան հակամարտության հարցը: Հաջորդ օրը Պուտինը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ավելի վաղ կայացած իր հանդիպումների արդյունքները նրան ներկայացնելու համար:

Մինչ Ռուսաստանի մերձեցումը Հայաստանի ոխերիմ թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, կարող է հանգեցնել ծանր ճնշումների նախագահ Սարգսյանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Արցախի հարցում, այն կարող է նաեւ նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավորությունը Արցախի դեմ առանց Պուտինի համաձայնության: Չպետք է զարմանալ, որ այս նոր վերախմբավորումը Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կարող է նաեւ վերակենդանացնել 2009 թ. ստորագրված Հայ-թուրքական մեռյալ արձանագրությունները, որի արդյունքում կբացվի նրանց միջեւ ընդհանուր սահմանը Արցախի հարցում Հայաստանի «հաշտարար քայլի» հետ միասին:

Այսօրվա խորամանկ թուրք ղեկավարները գնում են իրենց օսմանյան նախնիների հետքերով, որոնք տասնամյակներ շարունակ հմտորեն հրահրում էին եվրոպական խոշոր երկրներից մեկին մյուսների դեմ, իսկ հետո անցնում էին մյուս կողմը, երբ իրենց ձեռնտու էր: Անհավատալիորեն, Էրդողանը ջերմ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ՝ միաժամանակ մնալով որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ օգտվելով երկու կողմերից: Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամները չպետք է հանդուրժեն թուրքական այս խաբեբայությունը: Նրանք պետք է խստորեն  նախազգուշացնեն Էրդողանին՝ ընտրել՝ կամ ՆԱՏՕ-ն կամ Ռուսաստանը... Եթե Թուրքիայի նախագահը շարունակի Ռուսաստանի կողմը բռնել, նա կարող է հայտնվել դատարկ տաշտակի առջեւ, երբ Կրեմլի հետ նրա դաշինքը փլուզվի...

Երբ մութ ամպեր էին կուտակվում Հայաստանի եւ Արցախի վրա, հայերը զբաղված էին ներքին վեճերի կարգավորմամբ: Հուլիսի 17-ին Երեւանում ոստիկանության գնդի գրավումը 31 զինյալների կողմից, որոնց ղեկավարները Արցախյան պատերազմի վետերաններ էին, լուրջ մտահոգություն առաջացրեց հայերի մոտ երկրի ներսում եւ դրսում:  «Սասնա ծռեր» անունը կրող խումբը պահանջում էր նախագահ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակում, միջանկյալ կառավարության ձեւավորում եւ նոր ընտրություններ:

Երկշաբաթյա դիմակայությունից հետո, որի ընթացքում երեք ոստիկան սպանվեց, զինված մարդկանցից մի քանիսը վիրավորվեցին եւ տասնյակ ցուցարարներ վնասվածքներ ստացան կամ ձերբակալվեցին, այդ թվում՝ լրագրողներ, «Սասնա ծռեր» խմբի մնացած անդամները հանձնվեցին: Ամեն գիշեր հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր ցուցարարներ հանրահավաքներ էին անցկացնում՝ իրենց աջակցությունն արտահայտելով վետերանների խմբի պահանջներին: 

Այս ողբերգական առճակատման իսկական արմատները խորն են եւ հասնում են մինչեւ Հայաստանի անկախության առաջին օրերը: Բնակչության լայն խավերի շրջանում մեծ զայրույթ եւ հիասթափություն է կուտակվել վերջին քառորդ դարի ընթացքում, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ լքեց երկիրը՝ իրենց ընտանիքների տարրական հոգսերը բավարարելու համար: Նրանք, ովքեր մնացին, բազում զրկանքներ կրեցին եւ տառապեցին կամայականություններից, այդ թվում՝ կոռուպցիայից, կեղծված ընտրություններից, անարդար դատական համակարգից, անտարբեր չինովնիկներից եւ մենաշնորհներ ունեցող օլիգարխներից...

Այս ամենի հետեւանքով քաղաքացիների մեծ մասը կորցրեց իր հավատը կառավարության նկատմամբ: Չնայած զինված հարձակումը ոստիկանության գնդի վրա այլախոհության ընդունելի ձեւ չէ, սակայն երբ մարդիկ երկար ժամանակ գտնվում են անելանելի վիճակում եւ չեն տեսնում որեւէ այլընտրանք իրենց դժգոհությունները լուծելու համար, ստիպված դիմում են ծայրահեղ միջոցների:

Մինչ նման ներքին պառակտումը կարող է վտանգել Հայաստանի եւ Արցախի ապահովությունը, ցուցարարները մնում են անդրդվելի՝ համարելով, որ ոչ հաշվետու ղեկավարներ ունենալն ավելի վտանգավոր է: Որքան էլ տարօրինակ թվա, բայց բոլոր նրանք, ովքեր դեմ են Արցախի շուրջ հողատարածքների հնարավոր վերադարձմանը, օգնեցին Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը՝ համոզելու Պուտինին, որ հայ ժողովուրդը կտրականապես դեմ է որեւէ տարածքայի զիջման Արցախի հարցում:

Եթե իշխանությունները ցանկանում են կանխել հետագա ներքին խռովությունների կրկնությունը, ապա պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն ցույց տալու համար, որ իրենք իսկապես մտածում են հայ ժողովրդի բարեկեցության մասին: Այս նպատակով, նախագահ Սարգսյանը վերջերս խոստացել է կտրուկ փոփոխություններ իրականացնել, ներառյալ «ազգային միասնության կառավարության» ձեւավորումը: Հասկանալի է, որ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատորեն են վերաբերվում դրան, քանի որ նախկինում համանման անկատար խոստումներ շատ են լսել: 

2017 թվականին նախատեսվում է նոր խորհրդարանի ընտրություն, իսկ նոր նախագահը կընտրվի խորհրդարանի պատգամավորների կողմից 2018 թվականին: Եթե հաջորդ ընտրությունները արդար չլինեն եւ չներկայացնեն բնակչության տարբեր հատվածները, ապա կարող են ավելի լուրջ խռովություններ լինել: Ազատ ընտրություններ անցկացնելու բեռն ընկած է ոչ միայն պետական պաշտոնյաների, այլեւ ընտրողների ուսերին, որոնք վաճառում են իրենց քվեները...

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը միակ միջոցն է ձեռք բերելու ժողովրդի վստահությունը՝ ոչ միայն երկրի արդար կառավարման, այլեւ արտաքին հարաբերությունները պատշաճ կերպով վարելու համար, ներառյալ Արցախի շուրջ բանակցությունները: Ներկայումս մեծ անվստահություն կա, որ փակ դռների հետեւում վարվող բանակցությունները Մոսկվայում կամ այլուր բխում են հայ ժողովրդի շահերից:  

Այս նոր պարտադրված անկայուն աշխարհառազմավարական մեկուսացումից դուրս գալու համար Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պետք է ընդօրինակեն թուրքական վաղեմի մարտավարությունը՝ «բաժանիր եւ տիրիր»՝ Ռուսաստանին հանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, դրանով իսկ կանխելով Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր համաձայնությունը Արցախյան հակամարտության հարցում:

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին