Այսօր չեմ ցանկանում գրել քաղաքականության մասին: Թող ինձ ներեն ՀԱԿ-ը, կոալիցիան, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, երեք նախագահները, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները` իրենց պասիվ ու ակտիվ դեսպաններով: Փառք Աստծո, մեր կյանքը չի սկսվում եւ ավարտվում այս ամենով: Երբ հանրապետական պատգամավորները պնդում են, որ նախագահի վերջին քայլերը կապ չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջների հետ, իսկ ՀԱԿ-ի ակտիվիստները շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրություններն ու նախագահի հրաժարականը իրենց թիվ մեկ նպատակն են, հասկանում ես, որ կամ մեզ էշի տեղ են դնում, կամ էլ նրանք Էժեն Իոնեսկոյի` աբսուրդի թատրոնի պոտենցիալ կերպարներն են:
Ցավոք սրտի, առանց քաղաքականության էլ մեր կյանքից անպակաս են կենցաղային աբսուրդները, որոնցից մի քանիսը ուզում եմ ներկայացնել:
Երբ տունս նոր էի վերանորոգում, անհրաժեշտ էր բեռնատար վերելակն օգտագործել: Հայտնվեց մի ծանրամարմին կին եւ պահանջեց օրը տասնհինգ հազար դրամ վերելակը միացնելու համար: Հարցրեցի` ինչո՞ւ տասնհինգ հազար: Ասաց. «Որովհետեւ ահագին պարտք կա. մեկը էդ վերելակից լեւի լույս ա քաշել, սաղ էլ էդքան են տալիս, քո խաթր տասներկու հազարով կմիացնեմ»: Թե ես ինչ կապ ունեի «լեւի լույսի» պարտքի հետ, միայն Աստված գիտի: Բայց ստիպված էի վճարել: Աբսուրդը փորփրելու ոչ ժամանակ, ոչ էլ «ներվեր» չունեի:
Մեկ շաբաթ էր` բնակվում էի նոր տանս, երբ դռան զանգը տվեց հարեւանս.
- Դուք էսօր մակարոնով փլավ կերե՞լ եք:
Ասացի` ոչ, ոչ էսօր, ոչ էլ էրեկ: Կասկածանքով լի հայացքով հարեւանս հեռացավ եւ վերադարձավ երկու օրից.
- Դուք էսօր բորշչ կերե՞լ եք:
- Ոչ, ես բորշչ չեմ սիրում:
- Հաստա՞տ, - ստուգեց հարեւանս:
- Հաստատ:
Հաջորդ անգամ հետաքրքրվում էր` արդյոք ես իմամ-բայալդի կերել եմ, թե ոչ: Պարզվեց, հարեւանս սովորություն ունի շքամուտքի պատշգամբը եւ աղբատար խողովակի շուրջը մաքրել: Եվ երբ որեւէ ուտելիքի մնացորդ է լինում, բոլոր դռները թակում է` մեղավորին հայտնաբերելու եւ անարգանքի սյունին գամելու համար:
Մեկ տարի հետո ինձ այցելեց «գազի մարդը»: Ուշադիր զննեց գազի կաթսան եւ ասաց.
- Ձեր խողովակները չեն համապատասխանում նոր չափանիշներին, պետք է փոխել: Ասացի` խնդրեմ փոխեք:
- Քառասուն հազար դրամ:
- Բայց չէ՞ որ այս խողովակները դուք եք տեղադրել, ես ինչո՞ւ վճարեմ:
- Այո, մենք ենք տեղադրել, բայց հիմա չեն համապատասխանում, պետք է փոխել:
- Ասում եմ` փոխեք:
- Քառասուն հազար դրամ,- ասում է «գազի մարդը» անվրդով:
- Կներեք, բայց չէ՞ որ սխալ խողովակները դուք եք տեղադրել, ես ինչո՞ւ վճարեմ ձեր սխալի համար:
- Ճիշտ եք, բայց սենց ա էլի ձեւը: Ձեզ էլ շատ ենք հարգում ու սիրում, «ձեր խաթր» քսանվեց հազար դրամով կփոխենք:
Չնայած սա արժանապատիվ քաղաքական գործարք չէր, բայց կայացավ, «ներվեր» եւ ժամանակ խնայելու ակնկալիքով:
Ընկերներիցս մեկը Արզնիում ամառանոց էր գնել եւ որոշել էր «ջուր քաշել»: Պատմում է, որ այդտեղով ջրի մի մեծ խողովակ է անցնում, եւ բոլորն անխտիր գողանում են ջուրը: Ընկերս եւս այդ խողովակից ջուր է անցկացնում, սակայն չցանկանալով գողանալ` ջրաչափ է տեղադրում եւ գնում է գրանցելու, որպեսզի վճարի ջրի դիմաց: Եվ կարծում եք` դա նրան հաջողվու՞մ է:
- Դուք խողովակից ջուր եք քաշել, դա անօրինական է, վաղն եւեթ կկտրենք:
- Բայց չէ՞ որ բոլորն են երկար տարիներ այս խողովակից ջուր գողանում. ես չեմ ցանկանում գողանալ, ուզում եմ գրանցել եւ վճարել:
- Եթե ցանկանում էիք օգտագործել, քաշեիք ու օգտագործեիք, իսկ գրանցել եւ վճարել չի կարելի, օրինական չի, պետք է կտրել:
Ընկերս մնում է ապշած եւ առանց ջուր:
Դժվար է ասել` փոքր, կենցաղային աբսուրդներն են ծնում մեծ, քաղաքական աբսուրդներ, թե հակառակը: Բայց եթե շարժվենք Դեկարտի «ես մտածում եմ, ուրեմն` կամ» փիլիսոփայությամբ, ուրեմն մեր երկրում իրոք շատ քիչ մարդ է մնացել:
Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: